Բարաք Օբաման եւ Ջոն Մըքեյնը առաջատար դիրքերում են

Մայրաքաղաք Վաշինգտոնում, ինչպես նաեւ Մերիլենդ եւ Վըրջինիա նահանգներում տեղի ունեցած նախնական ընտրություններում հաղթող ճանաչվեցին դեմոկրատ սենատոր Բարաք Օբաման եւ հանրապետական սենատոր Ջոն Մըքեյնը։ Այսպիսով, Օբաման հաղթել է վերջին 7 նահանգների նախնական ընտրություններում, իսկ Մըքեյնի հաղթանակը ապմրապնդել է հանրապետական կուսակցության կողմից վերջնական թեկնածու առաջադրվելու հնարավորությունը։


Սենատոր Բարաք Օբաման այժմ ընտրապայքար է մղում Վիսքոնսին նահանգում։ Մարդկանց բազմությունն այնտեղ ողջունել է Օբամայի նորագույն հաղթանակները մայրաքաղաք Վաշինգտոնում, Մերիլենդում եւ Վերջինիայում։ ՛՛Մեր հաղթանակը չի ավարտվի, մինչեւ որ մենք փոփոխություն չիրագործենք մայրաքաղաք Վաշինգտում՝՝, ասաց Օբաման։

Ընտրողների մեծամասնությունը Վաշինգտոնում աֆրիկյան ծագմամբ ամերիկացիներ են, ովքեր պաշտպանում են Օբամայի թեկնածությունը։ ՛՛Ես պարզապես ցանկանում եմ, որ փոփոխություններ կատարվեն ամբողջ աշխարհում եւ կարծում եմ, որ այս ընտրությունները դա հնարավոր կդարձնեն։ Փոփոխություններ Իրաքում եւ առողջապահության ամերիկյան համակարգում,՝՝, ասաց Օբաման։

Սենատոր Հիլարի Քլինթընը սակայն Վաշինգտոնում շատ ժամանակ չկորցնելով մեկնեց Տեխասի նահանգի Էլ Պասո քաղաքը, ուր լատինական ծագմամբ ամերիկացիները մեծ թիվ են կազմում։ Տեխասում եւ Օհայոյում նախնական ընտրություններ կկայացվեն երեք շաբաթից։


Հիլարի Քլինթընը պնդում է, որ իր փորձառության շնորհիվ իրեն կհաջողվի Միացյալ Նահանգներում ապահովել անվճար առողջապահություն, բարձր աշխատավարձեր եւ վերջ դնել Իրաքի պատերազմին։ Վըրջինիայի դեմոկրատները առավելաբար պաշտպանեցին Օբամայի թեկնածությունը։ Սակայն լատինական ծագմամբ շատ ամերիկացիներ կարոտով են հիշում Բիլ Քլինթոնի օրոք տնտեսության բարվոք վիճակը։
Վըրջինայում հաղթանակ ապահոված Սենատոր Ջոն Մըքեյնը, արդեն իսկ շահել է թեկնածու առաջադրվելու համար անհրաժեշտ պատգամավորների կեսից ավելիի աջակցությունը։ Նրա մրցակից, Արկանզասի նախկին նահանգապետ Մայք Հաքըբին խոստացել է ընտրարշավից չհեռանալ։ Դեմոկրատ վերլուծաբան Ջենի Բաքուսի կարծիքով Հիլըրի Քլինթընի դիրքը սկսում է թուլանալ եւ նա իր տեղը սկսում է զիջել Բարաք Օբամային։


Ընտրողների առջեւ ունեցած իր ելույթում Օբաման հանրապետականներին քննադատող իր ելույթում ասել է, որ չի կարելի նոր գումարներ ծախսել մի պատերազմի վրա, որի շարունակումը ինքնին սխալ է։ ՛՛Մենք չենք կարող մեր երեխաներին փոխանցել հսկայական պարտքերի բեռը՝՝ ասաց Օբաման։


Մըքեյնը իր աջակիցներին ասաց, թե վստահ չէ թե ով թեկնածու կառաջադրվի դեմոկրատական կուսակցության կողմից։ ՛՛Մենք գիտենք, թե ինչ տեղի կունենա այս երկրում եթե դեմոկրատ նախագահ ընտրվի եւ մենք դա թույլ չենք տա՝՝, ասաց Մըքեյնը։

Մեկ շաբաթից նախնական ընտրություններ կանցկացվեն եւս երեք նահանգներում, որոնց կհաջորդեն մի շարք կարեւոր ընտրապայքարներ խոշոր նահանգներում, Մարտի սկզբներին։