Ամերիկյան նախագահական ընտրություններում գերիշխում է ապօրինի ներգաղթի քաղաքականության հարցը

Այովա նահանգի ընտրողները առաջինն են քվեարկելու Միացյալ նահանգների նախնական նախագահական ընտրություններում։ Հանրային կարծիքի հաշվառման նորագույն տվյալների համաձայն առաջնային գծերում են գտնվում դեմոկրատ թեկնածուներից Հիլարի Քլինթընը, եւ հանրապետական թեկնածուներից՝ Ռուդի Ջուլիանոն։

Ըստ նորագույն տվյալների Այովայում հաջողություն է վայելում դեմոկրատ թեկնածու Բարակ Օբաման իսկ այլ նահանգներում՝ Հիլարի Քլինթընը։ Սակայն Քուինիպիաք համալսարանի կազմակերպած հարցախույզի արդյունքների համաձայն Քլինթընը համատարած հաջողություն է վայելում Ֆլորիդա, Օհայո եւ Փենսիլվանիա նահանգներում, հատկապես կանանց շրջանում։

Հանրապետական թեկնածուներից Արկանզասի երբեմնի նահանգապետ Մայք Հաքըբին Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիից առաջ է անցել Այովա նահանգում ։ Քուինիպիաքի տվյալներով սակայն Ֆլորիդա, Օհայո եւ Փենսիլվանիա նահանգներում ընտրարշավային հաջողություն է վայելում Նյու Եորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանին ։


Ֆլորիդա, Օհայո եւ Փենսիլվանիա նահանգները 1964 թվականից ի վեր նկատվում են նախագահական ընտրություններում խիստ կարեւոր նահանգներ։ Անցյալի փորձառությունը ցույց է տվել, որ ընտրություններում հաղթող թեկնածուները հիշյալ երեք նահանգներից առնվազն երկուսում հաղթանակում են։

Հարցախույզի ղեկավար Փիթըր Բրաունն ասել է, թե այդ երեք նահանգներում ընտրողները կարեւոր են համարում ներգաղթի հարցը.


՛՛ Այդ նահանգներում ընտրողները ներգաղթողներին համակրում են եւ դեմ են ներգաղթը սահմանափակող օրենքներին։ Նրանք համաձայն են ամերիկյան հասարակությունում ապրօինի ներգաղթողներին ինտեգրացնելու քաղաքականությանը՝՝։

Սակայն հարցախույզի կազմակերպիչներից Քլեյ Ռիչարդը նշում է, որ երեք որոշիչ նահանգների ընտրողները այլ պատկերացում ունեն ներգաղթի խնդրի մասին, քանի որ իրենց նահանգներում ապօրինի ներգաղթողների թիվն այդքան էլ մեծ չէ.

՛՛Փենսիլվանիայում ապօրինի ներգաղթողները այնքան հսկա թիվ չեն կազմում, որքան Նյու Եորք նահանգում, ուր նրանց թիվը հասնում է մոտ 15Օ.ՕՕՕ-ի՛՛։

Փիթըր Բրաունն ասում է թե ամերիկյան ընտրություններում ապօրինի ներգաղթողների հարցը կարեւոր է որովհետեւ անցյալ գարնանը Կոնգրեսն ու նախագահ Բուշը լուծում չգտան այդ հարցին.

՛՛ Միացյալ նահանգներում ապօրինի ներգաղթը ամենավիճելի հարցերից մեկն է։ Ներգաղթի նոր քաղաքականություն մշակելու համար պետք է որոշել. Ներգրավե՞լ արդյոք ապօրինի ներգաղթողներին ամերիկյան հասարակությունում , թե՞ ավելի խստացնել ներգաղթի օրենքները, ապօրինի ներգաղթողների թիվը կրճատելու նպատակով՝՝։

Փիթըր Բրաունն ասում է, թե հարցախույզին մասնակցողների մեծ մասը ներգաղթի օրենքի բարեփոխում ասելով հասկանում է ներգաղթի օրենքների խստացում։