Կոնգրեսական Աննա Էշյուն Հայոց Ցեղասպանությունը ճանաչող թիվ 1Օ6 բանաձեւի վերաբերյալ

ԱՄՆի Ներկայացուցիչների պալատի Հայոց Ցեղասպանությունը ճանաչող թիվ 1Օ6 բանաձեւի հեղինակ կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը, Ֆրանկ Փալոնը եւ Աննա Էշյուն օրինագիծը արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդունվելուց հետո, մի քանի օր առաջ դիմեցին պալատի նախագահ Նենսի Փելոսիին՝ կոչ անելով նրան հետաձգել լիագումար նիստում հարցի քննարկումը: Ինչպես Ներկայացուցիչների պալատի անդամ Աննա Էշյուն ասաց «Ամերիկայի Ձայն»-ի հայկակական ծառայությանը, իրենք չէին ուզում լիագումար նիստ տանել մի բան, որը պիտի պարտություն կրեր:

«Մենք կանգնած ենք ոչ միայն Թուրքիայի կառավարության, այլ նաեւ ԱՄՆ-ի ամբողջ արտաքին քաղաքականության կառույցի դեմ: Շատ սրված հարց է: Սակայն այդպես չպետք է լիներ», ասաց նա:

Ինչ վերաբերում է Թուրքիային, Աննա Էշյուն ասաց, թե բանաձեւի ընդունման շուրջ այս երկրի ընդունած կեցվածքը դաշնակից պետության կեցվածք չէր: «Եթե կարդաք բանաձեւը, կտեսնեք, որ այնտեղ ավելորդ որեւէ բան չկա, պարզապես ասված է, որ տեղի է ունեցել: Ի՞նչ կապ ունի բանաձեւը Թուրքիայի կողմից Հյուսիսային Իրաք ներխուժում իրականացնելու հետ: Ի՞նչ կապ ունեն Իրաքում ծառայող մեր զինվորականները»:

Այն հարցին, թե չի կարծում արդյոք, որ Հայաստանը նույնպես կարող էր ձայն բարձրացնել, կոնգրեսականն ասաց, թե ցավոք սրտի, լուռ էին նաեւ գիտնականները, պրոֆեսորները, գործարար աշխարհի մարդիկ, երկրում ճանաչում ու հարգանք վայելող դեմքերը: «Լռությունն ակնհայտ էր: Ոչ մեկը չկանգնեց պաշտպանելու բանաձեւը», ասաց նա:

Աննա Էշյուն բողոքում է նաեւ իրողության անհավասարակշիռ մատուցման ձեւերի դեմ: «Ամբողջ մամուլը, արտաքին քաղաքականությունը մշակող հաստատությունների պաշտոնատար անձինք հադես էին գալիս բանաձեւի դեմ, ինչը լավ բան չէր: Ու չկար մի ուժ, որը հավասարակշռեր այս ամենը»:

Նա չի կարծում, որ հարցը լիագումար նիստ կդրվի այս տարի, ու չի գտնում, որ օրացույցի մեջ դնելու հանգամանքը հաղթանակի գրավական է: «Այօր մեզ ժամանակ է հարկավոր այս ջանքերի համար», ասաց նա:

Շեշտելով այս ժամանակահատվածում կոնգրեսականների համար բացատրական ու նրանց հետ լոբիինգի աշխատանք տանելու կարեւորությունը՝ Աննա Էշյուն նշեց Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի եւ Ամերիկայի Հայկական Համագումարի հետ սերտ համագործակցութան փաստը: Աննա Էշյուն ԱՄՆ-ի Կոնգրեսում հայկական ու ասորական ծագումով միակ օրենսդիրն է: Եւ Ցեղասպանության ճանաչման խնդիրը շատ անձնական հարց է նրա համար:

«Հիշում եմ մեծ մորս պատմած փաստերը, մյուս հարազատներիս պատմածները եւ իմ գործընկերների հետ խոսելիս, կարող եմ նրանց տալ իրական պատմության ազդեցիկ դասեր: Ես հպարտ եմ իմ ժառանգությամբ ու Կոնգրես եմ եկել այս նպատակին հասնելու համար», ասաց նա:

Կալիֆորնիայից 7-րդ անգամ ընտրված կոնգրեսական Աննա Էշյուն մեծ հույսեր ունի, որ «Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձեւը ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի դատին կհանձնվի ոչ թե պարզապես քննարկման, այլ այնտեղ հաղթանակ տանելու համար»: