Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջեւ շարունակվում են դիվանագիտական տարաձայնությունները

Եթե ԱՄՆ-ի նախագահը կարծում է, որ միջուկային զենք արտադրելու դեպքում Իրանն աշխարհը կտանի դեպի Երրորդ աշխարհամարտ, Ռուսաստանի նրա պաշտոնակիցը դատապարտում է Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու բոլոր սպառնալիքները: Նախագահ Բուշին անհանգստացնում են ոչ այնքան Իրանի ու Ռուսաստանի նախագահների ժպիտները, որքան միջուկային զենք կրելու հնարավորություն ունեցող Թեհրանը:

«Ես ասել եմ, որ եթե ուզում եք խուսափել Երրորդ աշխարհամարտից, չպետք է թույլ տաք, որ Իրանն ունենա այդ զենքն արտադրելու իմացություն» ասել է նախագահ Բուշը:

Բուշի խոսքերով, ինքն ու Ռուսաստանի նախագահն ոնեն մի շարք տարաձայնություններ: Որոշ փորձագետներ կարծում են, որ Պուտինի որդեգրած վերջին քայլերի պատճառը Ռուսաստանն Արեւմուտքին ինտեգրացնելու գործում ԱՄՆ-ի կրած անհաջողությունն է:

«Իրանի մասին Պուտինի վերջին հայտարարությունը անցած յոթ տարիների իրադարձությունների զարգացման գագաթնակենտն էր, ինչը կարելի է համարել Ռուսաստանում դեպի ժողովրդավարություն տանող ճանապարհի ավարտ», ասել է Ռազմավարական եւ միաջազգային ուսումնասիրությունների կենտրոնի գիտաշխատող Սառա Մենդելսընը։

Ռուսաստանի մարդու իրավունքների մի շարք պաշտպաններ պնդում են, որ այս երկրում ժողովրդավարությանն օգնելու հարցում ԱՄՆ-ը իր դերը կորցրել է հատկապես իրաքյան պատերազմի պատճառով:

«Ամերիկյան քննադատությունը մերժելու համար Ռուսաստանում շատ արդյունավետ կերպով են օգտագործվում Ամերիկայում վերջին տարիներին տեղի ունեցած իրադարձությունները», ասել է Մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Լոկշինան։

Մեծաթիվ վերլուծաբաններ էլ կարծում են, որ Պուտինի օրոք Ռուսաստանի արտաքին քաղաքականությունն ավելի հաստատակամ է դարձել: Եւ ահա չորեքշաբթի օրվա մամուլի ասուլիսի ժամանակ Բուշն ընդունեց, որ Պուտինի վրա ազդելու շատ քիչ հնարավորություններ ունի: Նրա խոսքերով, «չափազանց դժվար է փոխել կենտրոնացված իշխանություն ունենալու Ռուսաստանի ԴՆԹ-ը»: