«Միջազգային ներում» կազմակերպությունը եւ Յոկո Օնոն Դարֆուրի տուժածների օգնության արշավ են սկսել

Մարդու իրավունքների պաշտպան «Միջազգային ներում» կազմակերպությունը «Բիթըլզ» խմբի նախկին անդամ Ջոն Լենոնի այրու՝ Յոկո Օնոյի հետ սկսել է Սուդանի Դարֆուրի շրջանում շարունակվող հակամարտության տուժածներին օգնելու արշավ: Նախապատրաստվում է երգերի մի ալբոմ, որի մեջ ընդգրկված են աշխարհում հայտնի մի շարք երգիչների կատարումներ:

«Միջազգային ներում» կազմակերպությունը Յոկոյին Լոնդոնում շնորհեց Instant Karma - Make Some Noise ալբոմի պլատինե սկավառակը, որի վաճառքից ստացված հասույթը նա ամբողջությամբ հանձնել է այս կազմակերպությանը: Ալբոմի վաճառքից արդեն ստացվել է մեկ միլիոն դոլարի հասույթ, որը շարունակում է աճել: Ալբոմի մեջ են մտնում բոլոր երգերը, այդ թվում՝ դեռեւս չհրապարակված կատարումներ: Երգերի կատարումներին մասնակցում է 50 երգիչ, որոնց նպատակը Դարֆուրի խնդիրներն աշխարհին ներկայացնելն է:

Հակամարտություն, որը սկսվել է 2003 թվականին ապստամբ ու կառավարական ուժերի միջեւ ու խլել մարդկային ավելի քան 200 հազար կյանք: ՄԱԿ-ի տվյալներով, այստեղ չորս միլիոն մարդ կախյալ է մարդասիրական օգնությունից: «Միջազգային ներում» կազմակերպության գլխավոր քարտուղար Այրին Խանը հավատացած է, որ Instant Karma ալբոմը կարող է ծառայել որպես խաղաղության գործիք.

«Նաեւ այս եղանակով աղմուկ բարձրացնելով՝ կարող ենք հույս ներշնչել մարդկանց, որ պայքարեն հանուն ապագայի: Հարկավոր է ներշնչել հույս, որ մենակ չեն իրենց պայքարում: Քո այս նվերը, Յոկո, աշխարհին հույս ներշնչելու մի օրինակ է»:

Այս արշավն աջակցելու համար Լոնդոնում էր գտնվում նաեւ երգիչ Փիթըր Գեբրիելը: Նա հավատում է «անհատներն են իրականացնում փոփոխություններ» կարգախոսին.

«Միջազգային ներում»-ը հիմնադրվել է այն հավատքի վրա, որ նամակների արշավը կարող է իրականացնել փոփոխություն: Շատերն են ազատվել բանտերից նման արշավների արդյունքում: Այնպես որ, այս արշավները շատ կարեւոր են ու իրատեսական»:

Ջոն Լենոնի Instant Karma - Make Some Noise ալբոմի երկրորդ վաճառքը կսկսվի հոկտեմբերի 9-ին: Այդ օրը լրանում է Լենոնի ծննդյան 67-րդ տարեդարձը: