ԱՄՆ-ի մարդահամարի բյուրոյի տեղեկությունների համաձայն, երկրի տարբեր հատվածներում նկատելիորեն մեծանում է սեւամորթ, ասիական ծագում ունեցող եւ իսպանախոս բնակչության թիվը: Որոշ փորձագետների կարծիքով, նման փոփոխությունը կարող է սրել ռասայական հարաբերությունները:
ԱՄՆ-ի որոշ հատվածներում նախկին փոքրամասնություններն այսօր գերազանցում են սպիտակամորթ բնակչության թիվը: Յուրաքանչյուր տասը մարզից մեկում սպիտակամորթներն այսօր դարձել են փոքրամասնություն: Տասնամյակներ շարունակ հարավային Ֆլորիդայում իսպանախոս ներգաղթյալները եղել են փոքրամասնություն:
«Այսօր իսպանախոսները Մայամիից շարժվում են դեպի հյուսիսային Ֆլորիդա, դեպի ավելի փոքր համայնքներ», ասում է Էմիլի Այզենհոյերը Ֆլորիդայի միջազգային համալսարանից։ Հետազոտողներն ասում են, թե նրանցից շատերն են հեռանում մեծ քաղաքներից՝ մյուս ամերիկացիների պես ավելի բարեկեցիկ կյանք որոնելու համար:
«Լինեն սեւամորթ, իսպանախոս, թե ասիական երկրներից ներգաղթած, այստեղ որոշ ժամանակ հաստատվելուց հետո, սկսում են մտածել ավելի մեծ ճոխությունների մասին», ասում է հետազոտող Ալեհանդո Անգեեն։
Փոքրամասնությունների թվի աճը հիմնականում պայմանավորված է ծնելիության մեծ ցուցանիշով եւ շարունակվող ներգաղթով: Ոմանց կարծիքով, հարաբերակցության այս փոփոխությունը կարող է թողնել քաղաքական ազդեցություն: Կոնգրեսում չանցավ նախագահ Բուշի ներկայացրած ներգաղթի օրենքների բարեփոխությունների առաջարկը, այն մտավախությամբ, որ այն կարող է նպաստել անօրինական փախստականների թվի աճին:
«Փախստականների կողմնակիցներն ասում են, թե լավ է խառը ազգաբնակչությունը, մյուսները՝ բողոքում իրենց համայնքներում ներգաղթյալների թվի աճի դեմ», ասում է հետազոտող Ալեհանդո Անգիին։
Հետազոտողներից Էմիլի Այզենհոյերն այն կարծիքն է հայտնում, որ փոքրամասնությունների թվի աճը նպաստում է հանդուրժողականությանը. «Խտրականությունը դեռ կա: Սակայն մարդկանց մեծ մասն արդեն շատ թեթեւ է տանում այն, ինչ տեղի է ունենում»։ Անցյալ տարվա մարդահամարի համաձայն, փոքրամասնությունները թիվն աճել է 100 միլիոնով եւ մինչեւ 2050 թվականը կկազմի ամբողջ բնակչության կեսը: