Ամերիկայի Միացյալ Նահանգները ցանկանում է օգնել լատինամերիկյան երկրներին

Ամերիկայի Միացյալ Նահանգները ցանկանում է օգնել լատինամերիկյան երկրներին բժշկության, տնտեսության, ներդրումների եւ կրթության բնագավառներում: Այս նպատակների մասին հուլիսի 9-ին Սպիտակ տանը անցկացված «Ամերիկաների մասին» վերտառությամբ վեհաժողովի ժամանակ հայտարարեց նախագահ Ջորջ Բուշը:

Վեհաժողովին մասնակցում էին կառավարության պաշտոնյաներ, դիվանագետներ, ոչ պետական 250 կազմակերպությունների եւ 34 երկրների համապատասխան հիմնադրամների ներկայացուցիչներ: Մասնակիցները քննարկում էին այն հարցը, թե ինչպես Միացյալ Նահանգները կարող է զարկ տալ Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում բնակվող մարդկանց կյանքը բարելավելուն ուղղված իր ջանքերին:

Լատինական Ամերիկայի բնակչությանը բուժօգնություն ցուցաբերելու ամենացայտուն օրինակը ռազմածովային ուժերին պատկանող «Քամֆըրթ» հիվանդանոցային նավի ուղեւորությունն է այս շրջաններ: Այն սկսել է չորսամսյա ճամբորդություն դեպի լատինամերիկյան երկրներ ու Կարիբյան կղզիներ: «Քամֆըրթ»-ը բժշկական ծառայություններ է մատուցում ցածր եկամուտ ունեցող անձանց եւ որակյալ բուժօգնություն ապահովելու համար՝ մասնագետներին ապահովում անհրաժեշտ սարքավորումներով:

Նախագահ Բուշն ասաց, թե «Քամֆըրթ»-ը դարձել է Լատինական Ամերիկայում ու Կարիբյան կղզիներում առողջապահությանը զարկ տալու եւ կարիքի մեջ գտնվող անձանց խնամքը հոգալու խորհրդանիշ.

«Այն, որ Միացյալ Նահանգները հզոր է, խոսք լինել չի կարող, սակայն մեր հզորությունը նաեւ մեր սրտերի մեջ է: Tenemos corazones grandes aqui en este pais. [Մենք մեծ սրտեր ունենք այս երկրում]: Մենք ցավում ենք ուրիշի վշտի համար ու ցանկանում օգնել նրանց: Եւ «Քամֆըրթ»-ը ուրիշներին օգնելու մեր պատարաստակամության մասին ուղերձը հաղորդողն է»:

Խոսելով տնտեսական կապերը ամրապնդելու հարցի շուրջ՝ նախագահ Բուշն ասաց, թե առեւտուրը Լատինական Ամերիկայի տնտեսական աճն ապահովող գլխավոր գործոնն է.

«Աղքատությունն ի սպառ վերացնելու ամենալավ ուղին առեւտրին զարկ տալու եղանակն է: Մենք արդեն առեւտրի մասին պայմանագրեր ունենք Պերուի, Պանամայի եւ Կոլումբիայի հետ: Եւ այսօր շատ կարեւոր է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը հաստատի այդ համաձայնագրերը»:

Առեւտրի պայմանագրերը, ասաց նախագահ Բուշը, բխում են թե՛ ԱՄՆ-ի աշխատավորների եւ թե՛ Լատինական Ամերիկայի ժողովուրդների շահերից: