Նախագահ Բուշն ու երկրի Կոնգրեսը գործադիր իշխանության պայքարում գնում են դեպի նոր առճակատում

Միացյալ Նահանգների Սենատը պարտադիր ներկայանալու կանչ է ուղարկել Սպիտակ տուն եւ փոխնախագահ Դիք Չեյնիի գրասենյակ՝ պահանջելով լրտեսության ծրագրին առնչվող փաստաթղթեր: Հարցը մյուս կիսագնդում ահաբեկիչների եւ ԱՄՆ-ում բնակվող անձանց միջեւ հաղորդակցությունը, առանց դատարանի արտոնության, վերահսկելու ծրագրի մասին է: Ծրագիրը, որը Բուշի հրամանագրով ուժի մեջ է մտել սեպտեմբերի 11-ից հետո, շատերը համարում են ամերիկացիների գաղտնիության իրավունքների ոտնահարում:

«Անցած մեկ եւ կես տարվա ընթացքում արդարադատության նախարարություն եւ Սպիտակ տուն ենք ներկայացրել պաշտոնական ինը խնդրանք՝ պահանջելով նման որոշման համար իրավական հիմքեր ու փաստաթղթեր: Մինչ այժմ որեւէ պատասխան չենք ստացել», ասում է Սենատի արդարադատության հարցերով հանձնաժողովի նախագահ Փաթրիք Լիիհին։

Սպիտակ տան խոսնակը նշում է, թե հեռախոսային խոսակցությունները գաղտնի լսելու ծրագրի մասին Կոնգրեսին մանրամասն տեղեկացվել է: Սպիտակ տունը պնդում է, թե պատերազմի ժամանակ ունի արտակարգ լիազորություններ եւ, ազգային անվտանգությունից ելնելով, Կոնգրեսի նման դիմումները անտեսելու արտոնություն: Այս պնդմանը դեմ է քաղաքական գիտնական Նորման Օրնստայնը.

«Այս վարչակազմը անցել է իրեն տրված արտոնությունների ավանդական սահմանագիծը»: Անցյալ ամիս արդարադատության նախարարության նախկին մի պաշտոնյա պատմեց, թե ինչպես է Սպիտակ տանն աշխատելու ժամանակ երկրի ներկա գլխավոր դատախազ Ալբերտո Գոնզալեսը նախկին գլխավոր դատախազ Ջոն Էշքրոֆթին ստիպել, որ վերջինս թույլ տա առանց դատարանի իրավունքի, իրականացնել խոսակցությունների գաղտնի լսումներ: Սպիտակ տուն եւ փոխնախագահ Չեյնիին հղված Սենատի հրապարակած պարտադիր կանչը կարող է ուղարկվել Գերագույն դատարան:

«Ամեն անգամ հարցը դատարան գնալով՝ նախագահը ինչ որ բան կորցնում է իր իշխանությունից: Կարծում եմ, այդպես էլ լինելու է այս անգամ», ասում է Ստիվըն Հեսը, Բրուքինգզի հաստատությունից։

Սակայն բանն այն է, որ ներկա Գերագույն դատարանն ավելի պահպանողական է եւ կարող է որոշում կայացնել հօգուտ նախագահի: Կոնգրեսն ու Սպիտակ տունը ցանկանում են խուսափել Գերագույն դատարանից ու հեռախոսային գաղտնի լսումների ծրագրի շուրջ բանակցում հետնաբեմում: