Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից հանձնարարված մի նոր զեկույցի համաձայն, դպրոցներում հարկավոր է կիրառել սննդականոնի հավելյալ օրենքներ այն մասին, թե ինչ կարելի է վաճառել դպրոցների ինքնաշխատ մեքենաներով եւ ճաշարաններում:
Միացյալ Նահանգների Առողջապահության ազգային հաստատությունը երեխաների գիրությունը համարում է «ամերիկյան համաճարակ»: Ներկայումս գեր է ամերիկացի յուրաքանչյուր հինգ երեխաներից մեկը: Միացյալ նահանգների Բժշկագիտության հաստատությունն առաջարկում է արգելել դպրոցներում գազով քաղցրահամ ջրերի, քաղցրավենիքի եւ ճարպերով հագեցած կերակրատեսակների վաճառքը: Հանձնաժողովը ղեկավարում է մանկաբույժ Վըրջինիա Ստոլինգզը.
«Նման քայլով մենք մեծապես կնպաստենք մեր երեխաների առողջությանը»:
Ինչպես Ստոլինգզն է ասում, երեխաները կալորիայի զգալի մասը ստանում են դպրոցում, այդ առումով հարկավոր է ճարպերով, շաքարով ու աղով հագեցած կերակուրները փոխարինել ցածր յուղայնության կաթով, մրգահյութերով, մրգերով ու բանջարեղենով:
Զեկույցն առաջարկում է խորտիկների հետ մատուցել մրգեր, բանջարեղեն, ոչ ցորենի հաց կամ կաթնեղեն: "Գիտությունը հասարակական կյանքում"ոչ շահութաբեր կազմակերպության խոսնակ Մարգո Ուութընը գովեստով է խոսում նոր չափանիշների մասին.
«Նոր չափանիշները շատ ու շատ հեռու են այժմ դպրոցում դեռեւս գործող չափանիշներից»:
Հանձնաժողովն առաջարկում է, որ նոր կանոնակարգին դպրոցները հետեւեն նաեւ դպրոցական խնջույքների ժամանակ: Իսկ ահա սննդարդյունաբերության ներկայացուցիչը դեմ է այն մտքին, որ նման փոփոխությունը կարող է ազդել գիրության վրա:
Սպասվում է, որ ինքնաշխատ սարքերն այլեւս չեն բերի նախկին շահը: Դա է ցույց տվել մի քանի դպրոցում անցկացված փորձը: Իսկ դպրոցները սովորաբար ունեն դրանցից իրենց շահաբաժինը: Բայց զեկույցի հեղնակներից Ռոզմըրի Դեդերիչի խոսքերով, առողջ սննդամթերք նաեւ նշանակում է համեղ սննդամթերք.
«Կարծում եմ սննդի արդյունաբրությունը կսկսի համեղ ու նոր տեսակի ապրաքների վաճառք»:
Հանձնաժողովի առաջարկները չեն կարող պարտադրվել, քանի դեռ չկա այդ մասին օրենք: Սակայն որոշման բանաձեւերն արդեն Կոնգրեսում են՝ սպասելով օրենսդիր մարմնի հաստատմանը: