Վերջերս կտրուկ ավելացել է Վենեսուելայից Միացյալ Նահանգներ արտագաղթողների թիվը: Նրանցից շատերը մեծ եկամուտների եւ ունեցվածքի տեր մարդիկ են, ովքեր մտահոգված են նախագահ Հյուգո Չավեզի սոցիալիստական քաղաքականության համար: Մայամիի «Փոքր Կարակաս» կոչվող այս թաղամասի սրճարաններում հաճախ են հավաքվում Վենեսուելայի նախկին քաղաքացիներ: Իրավաբան եւ Վենեսուելա-ամերիկյան առեւտրի կենտրոնի տնօրեն Օսկար Ֆրանկոն ասում է.
«Այստեղ շատ են մեր ավանդական ճաշատեսակները: Այդ պատճառով, այստեղ մեզ զգում ենք ինչպես հայրենիքում»:
Ֆրանկոյի նման, Մայամի քաղաքում բնակվում է 180 հազար վենեսուելացի: Նրանցից շատերին դուր չի գալիս նախագահ Հյուգո Չավեզի սոցիալիստական ուղով վարած քաղաքականությունը, ովքեր մեղադրում են նրան իրենց երկիրը, Կուբայի օրինակով, դեպի կոմունիստական բռնատիրություն տանելու մեջ: Սակայն ի հակադրություն Կուբայից ԱՄՆ արտագաղթածների, Վենեսուելայից եկածները հիմնականում ավելի հարուստ են, ովքեր այստեղ են եկել իրենց հարստությունը չկորցնելու համար: Ֆլորիդայի միջազգային համալսարանի պրոֆեսոր Էդուարդո Գամմարան ասում է.
«Վենեսուելայի ապագան հանձնվում է ցածր դասակարգի մարդկանց, ովքեր ինչոր առումով դուրս են մնացել երկրի քաղաքական ու տնտեսական համակարգից անցյալ քառասուն, հիսուն, հարյուր տարիների ընթացքում»:
Նախագահ Չավեզն անցյալ տարի վերընտրվեց՝ երկրում «սոցիալիստական հեղափոխությունը» շարունակելու խոստումներով եւ ձայների 60 տոկոսը ստացավ երկրի աղքատների ու աշխատավոր դասակարգի զանգվածային աջակցությամբ: Իսկ հարուստ վենեսուելացիներն այժմ որոնում են տնտեսական ու քաղաքական անվտանգություն: Գաղթականության հարցերով իրավաբան Օսկար Լեւին ասում է.
«Նրանց նկատմամբ այնտեղ մեծ է բանտարկվելու եւ սեփականությունը կորցնելու սպառնալիքը: Իսկ այստեղ ունեն խաղաղ կյանքը շարունակելու հնարավորություն»:
Սակայն շատերի համար էլ առավելություն չէ իրենց բարգավաճ կյանքն այնտեղ թողնելու ու ԱՄՆ-ում այն շարոնակելու հանգամանքը: Ինչպես Օսկար Ֆրանկոն է ասում.
«Շատերս այստեղ անցնում ենք վշտի մեծ շրջան: Տխրում ենք լեզվի համար, մեր երկրի բնության, ընտանիքի մյուս անդամների ու բարեկամների, սոցիալական ու ֆինանսական նոր կարգավիճակի համար: Տխրում ենք, քանի որ կորցնում ենք այն, ինչը հաճախ անհնար է վերագտնել»:
Իսկ կյանքը, շատերի խոսքերով, այնքան է վատթարացել Վենեսուելայում, որ մարդիկ հերթ են կանգնում դեսպանտների առջեւ, այնտեղից հեռանալու համար: Շատ փորձագետների կարծիքով, արտահոսքը կշարունակվի քանի դեռ Վենեսուելայում տեղի չի ունեցել քաղաքական նոր փոփոխություն: