Իրաքը Սադամ Հուսեյնից հետո

Լրատվական միջոցների համաձայն, Իրաքում զոհված ամերիկացի զինվորների թիվը 2006 թվականի ավարտին հասավ 3000-ի։ Միաժամանակ, Նոր Տարին Իրաքի համար նաեւ նշանավորվում է կարեւոր մի նոր շրջադարձով, մինչ Իրաքը սկսում է հետսադամյան մի նոր ժամանակաշրջան։

Բռնարարքային հնարավոր գործողություններից խուսափելու նպատակով, Սադամի դիակը գիշերը տարվեց նրա ծննդավայր Տիկրիտ քաղաքը։ Չնայած ձեռք առնված անվտանգության խիստ միջոցներին, ցուցարարները, որոնց մի մասը զինված էր ինքնաշխատ զենքերով, դուրս էին եկել բողոքելու նրա մահապատժի դեմ։

Չնայած Նոր Տարին նշանավորում է հին ժամանակաշրջանի ավարտի եւ նորի սկիզբը, որոշ թվով իրաքցիների եւ ամերիկացի զինվորների համար այն սոսկալի հիշեցում էր պատերազմի վնասների մասին։ Վերջին երկու տարում դեկտեմբերն ամենամահացու ամիսն էր ամերիկացի զինվորների համար։

Եւ մինչ 2՚՚006 թվականը մոտենում էր իր ավարտին, նախագահ Ջորջ Բուշն ասել է, թե իր մտքերն ամերիկացի զինվորների հետ են.

՚՚Մարդիկ ինձ միշտ հարցնում են, թե որոնք են իմ Նոր Տարվա նպատակադրումները։ Որոշումս այն է, որ ամերիկացի զինվորները լինեն ապահով եւ որպեսզի էլ ավելի մոտենանք մեր նպատակին՚՚։

Նշված նպատակը, որն Իրաքին խաղաղություն եւ կայունություն բերելն է, ակնկալվում է, որ նաեւ կներառի հավելյալ թվով ամերիկացի զինվորներ Իրաք ուղարկելը։ ՚՚Ըմերիքն Էնթըրփրայզ Ինստթիթյութ՚՚ կազմակերպության վերլուծաբան Ֆրեդերիկ Կագանն ասում է, թե նախագահը պետք է արագ գործի.

՚՚Փաստը, որ ամերիկացիները զոհվում են, մեծ ճնշում է դնում վարչակազմի վրա, որն այդպես էլ պետք է լիներ՚՚։

Ակնկալվում է, որ վարչակազմի ռազմավարությունը կներառի դիվանագիտական նոր ջանքեր՝ Իրաքի հարեւանների հետ։ Սակայն Բրուքինգզի հաստատության վերլուծաբան Շիբլի Թելհամին ասում է, թե այսպիսի բանակցությունների ելքը մնում է հարցական.

՚՚Արաբների մեծամասնությունը տարակարծիք է Իրաքի առնչությամբ։ Մի կողմից նրանք չեն ցանկանում, որ Իրաքը մասնատվի։ Մյուս կողմից նրանք չեն ցանկանում, որպեսզի Ամերիկան հաջողության հասնի Իրաքում՚՚։

Որոշ թվով վերլուծաբաններ այժմ երկյուղում են, որ մահապատիժն իրականացնող դիմակավոր շիաների՝ Սադամի վերջին րոպեներին նրան ծաղրի ենթարկելու ինտերնետում տարածված պատկերները կարող են է՛լ ավելի նվազեցնել սունիների վստահությունը երկրի կառավարության նկատմամբ, եւ Իրաքում խաղաղությունը դարձնել դժվար հասանելի 2007 թվականին։