Ադրբեջանում հալածվում են լրատվական միջոցները

Ադրբեջանը փակել է երկրի առաջին եւ խոշորագույն անկախ ռադիո-հեռուստակայանը, Էյ-Էն-Էսը: Մարզական միջոցառումներ ու երեխաների համար ծրագրեր եթեր սփռելուց բացի, այն եթեր էր սփռում նաեւ տեղական, համերկրային եւ միջազգային նորությունների ծրագրեր:

Էյ-Էն-Էսը եթեր էր սփռում նաեւ Ամերիկայի Ձայնի, Ազատ Եւրոպա/Ազատություն ռադիոկայանի՝ ինչպես նաեւ Բրիտանական ռադիո-հեռուստատեսային կորպորացիայի ծրագրերը։ Նախագահ Իլհամ Ալիեւն Ադրբեջանում նաեւ սահմանափակել է անկախ մամուլի գործունեությունը:

Միացյալ Նահանգների արտգործնախարարությունն իր գրավոր հայտարարության մեջ հայտնել է, թե ՚՚Էյ-Էն-Էս՚՚ անկախ ռադիո-հեռուստակայանին իր հաղորդումները դադարեցնել կարգադրելով եւ Ազադլիք թերթին ու Թուրան լրատվական ծառայությանն իրենց ընդհանուր աշխատավայրից վտարելով, Ադրբեջանի կառավարությունը լրջորեն խոչընդոտում է իր երկրում անկախ լրագրողների աշխատելու կարողությունը՚՚:

Մարդու իրավունքների կացության շուրջ իր վերջին զեկույցում Միացյալ Նահանգների արտգործնախարարությունը հայտնել է, թե մինչ Ադրբեջանի օրենքը նախատեսում է մամուլի ազատություն ՚՚եւ մասնավորապես արգելում է գրաքննությունը, երկրի կառավարությունը գործնականում հաճախ չի հարգել այդ իրավունքները՚՚:

Արտգործնախարարությունը հայտարարել է. ՚՚կառավարությունը լրատվական միջոցներին հիմնականում ահաբեկել եւ հալածել է դրանց դեմ դատավարություններ հարուցելով զրպարտության՝ ու դատարանների միջոցով դրանց անօրինականորեն բարձր տուգանքների ենթարկելով անվանարկության համար՚՚:

Ճգնաժամերի միջազգային խումբը, որը Բելգիայի Բրյուսել քաղաքում հաստատված դիտորդական անկախ խումբ է, հայտնել է թե ՚՚Էյ-Էն-Էս՚՚ ռադիո-հեռուստակայանի փակումը կխափանի հասարակության քննարկումներն ու տեղեկությունների ստացումը, որն այնքան կարեւոր է Լեռնային Ղարաբաղի խնդրի առնչությամբ որեւէ որոշում Ադրբեջանի հասարակության կողմից ընդունվելու համար՚՚:

Միացյալ Նահանգներն ՚՚Ադրբեջանի կառավարությանը կոչ է անում հարգել ժողովրդավարությանն ու մամուլի ազատությանն իր հանձնառությունները՚՚: