Քաղաքական վերլուծաբանները թերահավատ են Իրաքում կայունություն հաստատելու շուրջ բարձր մակարդակի բանակցությունների եւ դրանց շուրջ առաջ քաշվող որոշակի նախապայմանների առնչությամբ։
Իրաքում բռնարարքների գործադրումը վերջերս հանգեցրել է այդ խնդրի շուրջ բանակցությունների եւ դրանց արդյունավետության շուրջ բանավեճերի։ Փոխնախագահ Դիք Չեյնին անցյալ շաբաթ օրը հանդիպեց Սադուդյան Արաբիայի թագավոր Աբդուլահի հետ։ Մերձավոր Արեւելքի հարցերով փորձագետ Սթիվն Քուքն այս մասին ասում է.
՚՚Մենք պետք է քաջատեղյակ լինենք, որ Իրաքի կացության վրա ազդելու նրա հարեւան երկրների ղեկավարների կարողությունը կարող է նույնքան սահմանափակ լինել, որքան Միացյալ Նահանգներինն է՚՚։
Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին երկուշաբթի օրը Թեհրանում բանակցություններ վարեց Իրանի իր պաշտոնակցի՝ Մահմուդ Ահմադինեջադի հետ։ ՚՚Նյուզվիք՚՚ պարբերականի խմբագիր Ֆարիդ Զաքարիան այս մասին ասում է.
՚՚Իրաքին Իրանի պատգամը հետեւյալն է. ՚՚եթե քո երկրում ցանկանում ես կայունություն, ու եթե կարծում ես կարող ենք օգնել, ապա մի՛ դիմի Վաշինգտոնի օգնությանը, այլ անմիջականորեն դիմի մեզ՚՚։
Սակայն Իրանի հետ ցանկացած հարցի շուրջ բանակցություններ սկսելու խնդիրը նախագահ Բուշն առնչում է Թեհրանի միջուկային ծրագրի հետ.
՚՚Մեզ հետ բանակցություններ վարելու համար Իրանը պետք է առկախի ուրանի հարստացման իր ծրագիրը՚՚։
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադն ԱՄՆ-ին մեղադրում է Մերձավոր Արեւելքի եւ նրա նավթի վրա գերիշխանություն հաստատելու փորձի մեջ.
՚՚Իրանը պատրաստ է ԱՄՆ-ին օգնելու Իրաքի ճգնաժամից դուրս գալու խնդրում պայմանով՝ որ Վաշինգտոնը հրաժարվի աշխարհի երկրներին ահաբեկելուց եւ նրանց տարածք ներխուժելուց՚՚։
Ակնկալվում է, որ Իրաքի կացությունն ուսումնասիրող հանձնախումբն իր վերջնական զեկույցը նախագահ Բուշին եւ կոնգրեսին կհանձնի դեկտեմբերին։
Միաժամանակ, ակնկալվում է, որ նախագահը նաեւ կուսումնասիրի երկրի միացյալ սպայակույտի եւ ազգային անվտանգության հարցերով իր խորհրդի զեկույցները։