Նախագահ Բուշն Իրաքի պատերազմի մասին

2001 թվականի սեպտեմբերի տասնմեկին Միացյալ Նահանգների դեմ կատարված ահաբեկչական հարձակումների հինգերորդ տարելիցը նշող իր ելույթում նախագահ Ջորջ Բուշն անցնող երկուշաբթի իր ուշադրությունը հիմնականում կենտրոնացրեց Իրաքում շարունակվող պատերազմի վրա։

Նախագահ Ջորջ Բուշն ասաց, թե 2001 թվականի սեպտեմբերի 11-ի հարձակումների դասերն այն են, որ Ամերիկան պետք է հակադարձի սպառնալիքներին, նախքան իր տարածք դրանց հասնելը։

Նա ասաց, թե Սադամ Հուսեյնն այդպիսի սպառնալիք էր։ Պարոն Բուշը նաեւ նախազգուշացրեց, որ արմատական բռնապետները կարող են ձեռք բերել միջուկային զենքեր ու Մերձավոր Արեւելքը կարող է լցվել ահաբեկիչներով, եթե Միացյալ Նահանգները չկարողանա հաղթել իր թշնամիներին Իրաքում.

՚՚Ամերիկացիների անվտանգությունը կախված է Բաղդադի փողոցներում մարտի ելքից։ Օսամա Բին Լադենն այս մարտը կոչում է ՚՚Երրորդ համաշխարհային պատերազմ՚՚, եւ ասում է, թե Իրաքում ահաբեկիչների հաղթանակը կնշանակի Ամերիկայի ՚՚պարտությունը եւ խայտառակությունը հավիտյանս՚՚։ Եթե Իրաքը զիջենք այնպիսի անձանց, ինչպես օրինակ, Բին Լադենն է, մեր թշնամիները կքաջալերվեն։ Նրանք ձեռք կբերեն մեկ այլ ապահով ապաստան։ Նրանք Իրաքի միջոցները կօգտագործեն իրենց ծայրահեղական շարժումը սաստկացնելու համար՚՚։

Սակայն քննադատներն ասում են, որ Իրաքի պատերազմի հետեւանքով ավելանում է նոր ահաբեկիչների թիվը՝ քան ոչնչացվում են, եւ որ պատերազմի պատճառով Միացյալ Նահանգները նաեւ զրկվում է աշխարհի երկրների համակրանքից, որը դրսեւորվեց 2001 թվականի սեպտեմբերի ահաբեկչական հարձակումներից անմիջապես հետո։ Իվո Դալդերը ազգային անվտանգության հարցերով վերլուծաբան է Բրուքինգզի ինստիտուտում.

՚՚Մենք աշխարհի երկրների համակրանքը կարող էինք օգտագործել ահաբեկչության դեմ խոշոր դաշնություն ստեղծելու նպատակով, որն արեցինք՝ սկսելով Աֆղանստանում։ Սակայն, հիմնականում մենք դեն նետեցինք այդ համակրանքը եւ դրա հետ նաեւ աշխարհի երկրների համատեղ ուժը եւ փոս փորեցինք։ Եւ այդ փոսն այժմ այնքան խորն է, ու մենք այնքան միայնակ ենք դրա հատակին, որ ոչ մեկը չի ցանկանում մեզ օգնել՚՚։

Միացյալ Նահանգները ներխուժեց Աֆղանստան՝ Թալեբանի վարչակարգը հեռացնելու համար։ Թալեբանն ապաստան էր տվել սեպտեմբերի տասնմեկի ահաբեկչական հարձակումներն իրագործած Ալ-Քայդայի ահաբեկիչներին:

Սակայն քննադատներն ասում են, թե Իրաքի պատերազմն Ամերիկայի միջոցները շեղում է Աֆղանստանում իրագործվող ջանքերից, որի հետեւանքով Ալ-Քայդայի անդամները ոչ թե ոչնչացվում՝ այլ ցրվում են։ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթնն ասել է, թե Բուշի վարչակազմը նշել է կապ Իրաքի՝ եւ Ամերիկա թռչող ինքնաթիռներ պայթեցնելու անցյալ ամիս Լոնդոնում բացահայտված դավադրության միջեւ, որը սխալ է։

՚՚Չեմ կարծում, թե Լոնդոնում բացահայտված ռմբահարման դավադրությունը որեւէ կապ ունի Իրաքում մեր քաղաքականության հետ։ Ինչպես թվում է, Բուշի վարչակազմը բուռն ցանկություն ունի դավադրությունն առնչելու Ալ-Քայդային՚՚։

Նախագահ Բուշը պնդում է, թե կատարում է 2001 թվականի սեպտեմբերի ահաբեկչական հարձակումներից հետո իր կատարած խոստումը, որ երկրի իշխանության բոլոր տարրերը կօգտագործի ահաբեկիչների դեմ պայքարելու համար ամենուրեք՝ այդ թվում Իրաքում.

՚՚Մեր զինանոցում ամենահզոր զենքերից մեկն ազատության ուժն է։ Ահաբեկիչները երկյուղում են ազատությունից նույնչափ՝ որքան մեր զենքից։ Նրանք խուճապի մեջ են ընկնում երբ աղջիկներն ընդունվում են դպրոց, կամ ընտանիքներն աղոթում են Աստծուն իրենց ավանդույթներով։ Նրանք գիտեն, որ հնարավորություն ունենալու դեպքում մարդիկ կնախընտրեն ազատությունը, իրենց ծայրահեղական գաղափարախոստության փոխարեն ՚՚։

Նախագահի ելույթից հետո ոստիկանությունը Բաղդադում հայտնաբերեց գլխատված առնվազն վեց անձանց մարմինները, ովքեր հավանաբար սպանվել են աղանդավորական բռնարարքների հետեւանքով։

Պարոն Բուշը խոստովանեց, որ ահաբեկչության դեմ պատերազմում առջեւում դժվարին ճանապարհ է։ Սակայն նախագահն ավելացրեց, որ Ամերիկայում եւ աշխարհում խաղաղությունը կախված է ավելի հուսալի Մերձավոր Արեւելք կառուցելուց։