Դավադիրների թիվը թերեւս հիսունից ավելի է...

Բրիտանիայում ձերբակալվել են Միացյալ Նահանգներ մեկնող ինքնաթիռներ գաղտնաբար հեղուկ պայթուցիկներ մտցնելու դավադրության մեջ կասկածվող երկու տասնյակից ավելի անձինք, որի հետեւանքով աշխարհի տարբեր երկրների օդանավակայաններում մտցվել է ստուգումների խիստ ռեժիմ։

Աշխարհի տարբեր երկրների օդանավակայաններում անվտանգության նոր միջոցներ ձեռք առնվելու հետեւանքով առաջանում են երկար հերթեր։

Հետախուզության բնագավառի պաշտոնատարների համաձայն, Բրիտանիայի իշխանությունների կողմից բացահայտված ահաբեկչության հեղինակները դավադրում էին էլեկտրոնային հասարակ սարքերի եւ հեղուկ պայթուցիկների միջոցով Ատլանտյան օվկիանոսի երկնակամարում պայթեցնել մարդատար տասն ինքնաթիռներ։

Միացյալ Նահանգների անվտանգության նախարար Մայքլ Չերտոֆն ասում է, որ թերեւս ազատության մեջ են այլ դավադիրներ.

՚՚Ինչպես երեւում է, դավադրությունը լավ ծրագրված եւ մշակված էր մեծ թվով կասկածյալ ահաբեկիչների հետ՚՚։

Բրիտանիայի իշխանություններն ասել են, թե կասկածյալ ահաբեկիչները հսկողության մեջ էին անցյալ տարվա դեկտեմբերից ի վեր, եւ ինչպես երեւում է, հարձակումներն իրագործելու ՚՚վերջին փուլում էին՚՚։

Բրիտանիայի անվտանգության նախարար Ջոն Ռիդն ասել է, թե երախտապարտ է Պակիստանի իշխանություններին, ովքեր օգնեցին բացահայտել մահացու դավադրությունը, սակայն ավելացրել է, թե սպառնալիքի վտանգը դեռեւս մնում է.

՚՚Ահաբեկիչներին բացահայտելու գործողությունը շարունակվում է, եւ Ահաբեկչության հարցերի վերլուծման համատեղ կենտրոնը խորհուրդ է տվել, որպեսզի սպառնալիքի աստիճանը համարվի բարձր, որպես նախազգուշական միջոց՝ հասարակությանը պաշտպանելու համար՚՚։

Միաժամանակ, Միացյալ Նահանգներն իր քաղաքացիներին վերստին նախազգուշացնում է հրաժարվել Պակիստան ոչ-անհրաժեշտ ճանապարհորդությունից, Միացյալ Նահանգների շահերի դեմ հավանական հարձակումների պատճառով։

Սակայն մայրաքաղաք Վաշինգտոնի Ռեյգանի անվան օդանավակայանում շրջայց կատարելիս Միացյալ Նահանգների անվտանգության նախարար Մայքլ Չերտոֆն ամերիկացիներին ասել է, թե դեռեւս անվտանգ է օդանավով ուղեւորություն կատարելը.

՚՚Անվտանգ է օդանավով թռչելը, մեր երկրում եւ աշխարհի երկրներում մեր ձեռնարկած միջոցների՝ ինչպես նաեւ Տրանսպորտի անվտանգության վարչության ջանքերի շնորհիվ՚՚։

Բրիտանիայի իշխանություններն անցած ուրբաթ պարզել են 24 կասկածյալներից 19-ի ինքնությունը։ Նրանց մեծամասնությունը պակիստանցիներ են։ Հետաքննությանն առնչվող աղբյուրների համաձայն, ձախողված դավադրության մեջ թերեւս ընդգրկված են մինչեւ 50 անձինք։