Իրաքում պատերազմը կենտրոնական հարց է դարձել Դեմոկրատական Կուսակցության կողմից վերընտրվել փորձող Ջո Լիբերմանի համար, ում տեղը սենատում կարող է գրավել պատերազմին ընդդիմացող մի անհայտ ախոյան։
Դեմոկրատական Կուսակցությունից սենատում չորրորդ անգամ ընտրվելու Ջո Լիբերմանի հայտը բազմաթիվ անձանց կողմից համարվում է Իրաքի պատերազմի եւ Հանրապետական նախագահ Ջորջ Բուշի շուրջ հանրաքվէ։
Հարցախույզների համաձայն, Իրաքի պատերազմին ընդդիմացող Նեդ Լամոնթը քվեատուների շրջանում առավելություն ունի Ջո Լիբերմանի նկատմամբ։ Այդ իսկ պատճառով պարոն Լիբերմանն աշխատում է զատել իրեն նախագահ Բուշից.
՚՚Ես աջակցեցի մեզ պատերազմ տանող որոշմանը, որպեսզի իշխանությունից հեռացնենք Սադամ Հուսեյնին։ Այդպես վարվեց սենատում Դեմոկրատների մեծամասնությունը։ Ես վերստին այն կարծիքին եմ, որ դա ճիշտ քայլ էր։ Սակայն բազմաթիվ անգամ կրկնել եմ, որ սխալը Բուշի վարչակազմի որոշումներն են, որոնք վերաբերվում են պատերազմը վարելու եղանակին՚՚։
Լիբերմանն անցյալում երբեք դժվարություն չի ունեցել վերընտրվելու։ Նա 2000 թվականին Դեմոկրատական Կուսակցության առաջադրած թեկնածուն էր փոխնախագահի պաշտոնի համար։ Այժմ Լիբերմանը պայքարում է քաղաքագետի իր ապագայի համար։ Ջոն Ֆորթիերը Միացյալ Նահանգների ընտրությունների հարցերով փորձագետ է Ըմերիքն Էնթըրփրայզ Ինսթիթյութ կազմակերպությունում.
՚՚Անակնկալորեն Լիբերմանը հայտնվել է չափազանց դժվարին կացության մեջ, ուր իմ կարծիքով պարտվելու է նախկինում անհայտ թեկնածույի, ով կենտրոնացել է պատերազմին Լիբերմանի աջակցության վրա՚՚։
Ֆորթիերն ասում է, թե Լիբերմանը շարունակում է աջակցել Բուշի վարչակազմի պատերազմի օրակարգին, մինչ դեմոկրատների մեծամասնությունը քննադատում է այդ քաղաքականությունը։ Նախագահ Բուշը Լիբերմանին համբուրեց երկրի կացության շուրջ ժողովրդին ուղղված 2005 թվականի իր ամենամյա ելույթից հետո։
Բազմաթիվ դեմոկրատ քվեատուներ այդ համբույրը համարում են պարոն Բուշի հետ պարոն Լիբերմանի աններելի սերտ դաշինքի խորհրդանիշ.
՚՚Առկա է դեմոկրատների մի զգալի հատված, ովքեր ցանկանում են Իրաքից անհապաղ դուրս գալ, եւ չեն ցանկանում գործ ունենալ այդ երկրի հետ՚՚։
Ֆորթիերն ասել է, որ Իրաքի պատերազմից իրենց դժգոհության հետեւանքով դեմոկրատ քվեատուներն աջակցում են Լիբերմանի հակառակորդին՝ Նեդ Լամոնթին.
՚՚Պատերազմը չափազանց լավ ցույց է տալիս, թե ինչ տեսակի երկիր ենք՚՚։
Քաղաքական վերլուծաբանները փաստարկում են, որ Լիբերմանի ընտրարշավի արդյունքը կարող է որոշել, թե Դեմոկրատական Կուսակցությունն ինչպես է հետամտում Իրաքի պատերազմից քաղաքական օգուտ քաղել 2006 թվականի միջժամկետային ընտրություններում եւ նույնիսկ 2008 թվականի նախագահական ընտրարշավում։
Միաժամանակ, Լիբերմանն ասել է, որ Դեմոկրատական Կուսակցության կողմից չառաջադրվելու դեպքում կարող է ընտրարշավին մասնակցել որպես անկախ թեկնածու։