Մինչ Հեզբոլահի ու Իսրայելի միջեւ շարունակվում են հրթիռակոծումներն ու մարտերը, Միացյալ Նահանգներն ուղիներ է որոնում վերջ դնելու բռնարարքներին։
Միացյալ Նահանգների արտգործնախարար Կոնդոլիզա Ռայսը կրկնեց Վաշինգտոնի դիրքորոշումը, որ Իսրայելի ու Հեզբոլահի միջեւ թշնամական գործողությունների դադարեցումը պետք է ուղեկցվի կայուն խաղաղությամբ.
՚՚Մի նոր Մերձավոր Արեւելքի ժամանակն է։ Մեկ այլ կարգի Մերձավոր Արեւելք չցանկացողներին Ժամանակն է ասելու, որ մենք կտոնենք հաղթանակ, իսկ իրենք՝ ոչ՚՚։
Լիբանանի խնդրի շուրջ միջազգային խորհրդաժողովի մեկնելու նպատակով նախքան Հռոմ մեկնելը, արտգործնախարար Ռայսը զրուցել է Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերթի հետ։ Ակնկալվում է, որ եւրոպական եւ արաբական մի քանի երկրներ անհապաղ հրադադարի կոչ կանեն։
Վարչապետ Օլմերթն ասել է, թե Իսրայելը վճռակամ է շարունակելու իր հարձակումը, որի նպատակը Հեզբոլահին զինաթափելն ու իսրայելցի երկու զինվորներին ազատելն է.
՚՚Մենք կհասնենք նրանց։ Մենք չենք երկմտի ամենախիստ միջոցների դիմելու նրանց դեմ, ովքեր հազարավոր հրթիռներ են ուղղում անմեղ քաղաքացիների դեմ՝ նրանց սպանելու համար։ Սա մի վարմունք է, որն ի վիճակի չենք լինի հանդուրժել՚՚։
Սպիտակ Տանը կայացած հանդիպման ժամանակ նախագահ Բուշն Իրաքի վարչապետ Նուրի Ալ-Մալիքիի հետ զրուցեց ավերածության մասին։ Նա ասաց, որ Հեզբոլահը երկյուղում է ժողվրդավարական կարգերից.
՚՚Իսրայելում ինչին ականատես ենք, իմ կարծիքով ահաբեկչական կազմակերպության գործողություն է, որը փորձում է վերջ դնել տարածաշրջանում ժողովրդավարության հաջողություններին։ Ես վարչապետին հավաստիացրեցի, որ չափազանց հոգում եմ մարդկանց տառապանքի համար, որ ըմբռնում ենք տարածաշրջանի երկրների ղեկավարների խորը ցավը, ովքեր տեսնում են, թե անմեղ մարդիկ ինչպես են կորցնում իրենց կյանքը՚՚։
Իրաքի վարչապետն ասել է, թե մարտերը պետք է դադարեն.
՚՚Ես շեշտել եմ անհապաղ հրադադար հաստատելու անհրաժեշտությունը եւ միջազգային համայնքին հորդորում եմ աջակցել Լիբանանի ժողովրդին ու հաղթահարել պատճառված ավերածությունը եւ վնասը՚՚։
Անօթեւան մնացած լիբանանցիների համար օգնությունը շարունակում է հոսել Բեյրութ։ Սաուդյան Արաբիան հայտարարել է, թե մեկ ու կես միլիարդ դոլար կհատկացնի Լիբանանին։ Վաշինգտոնը հատկացնում է 30 միլիոն դոլար։ ՚՚Բժիշկներ առանց սահմանների՚՚ կազմակերպությունը նույնպես հատկացնում է օգնություն։ Կազմակերպության աշխատակիցներից մեկն ասել է.
՚՚Այս ամբողջը Լիբանանում անօթեւան մնացածների համար առողջապահական իրեր, եփելու կաթսաներ, որոշ քանակի դեղորայք, վրաններ եւ ծածկոցներ են՚՚։
Հաշվումների համաձայն, Լիբանանում մինչեւ այժմ անօթեւան են դարձել 750 հազար անձինք։