Ժովովրդավարական կարգերի հաստատումը  դանդաղել է Մերձավոր Արեւելքում

Նախագահ Բուշը Մերձավոր Արեւելքի երկրներին կոչ է արել իրենց երկրներում հաստատել ժողովրդավարական կարգեր եւ կայացնել ազատ ընտրություններ։ Սակայն վերլուծաբանների կարծիքով ժողովրդավարական կարգերի հաստատումը տուժում է այդ երկրներում տեղի ունեցած մի շարք բացասական գործոնների հետեւանքով։

Նախագահ Ջորջ Բուշն այն կարծիքին է, որ ժողովրդավարության տարածումը կհանգեցնի ավելի խաղաղ աշխարհի։ Սակայն Միացյալ Նահանգների ամենասերտ դաշնակիցներից մեկի՝ Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի կառավարությունը քաղաքային ընտրությունները հետաձգեց երկու տարով այն բանից հետո, երբ ՚՚Մահմեդականների Եղբայրություն՚՚ կազմակերպությունը երկրի խորհրդարանական ընտրություններում մեծ հաջողության հասավ անցած տարի։

Ընտրությունների հետաձգումը գնահատվում է երկիրը կառավարող կուսակցության մենաշնորհը պահպանելու եւ նախագահի որդու՝ Գամալ Մուբարաքի համար դեպի իշխանություն ճանապարհ հարթելու միջոց։

Հոսնի Մուբարաքի կառավարությունը նաեւ շարունակում է արգելել աշխարհիկ ընդդիմադիր կուսակցությունների ստեղծումը։ Եգիպտոսում երբեւէ կայացած նախագահական միակ ընտրություններին իր թեկնածությունն առաջադրած ընդդիմության ղեկավար Այման Նուրը դեռեւս բանտում է։ ՚՚Մարդու իրավունքների հսկում՚՚ կազմակերպության պաշտոնյաներից Թոմ Մալինովսկին այս մասին ասում է.

՚՚Միացյալ Նահանգները կոչ է արել ազատ արձակել Այման Նուրին, պարոն Մուբարաքին հորդորել է կայացնել ազատ եւ արդար ընտրություններ, սակայն երբ Մուբարաքը չիրագործեց այս կոչերը, երկու երկրների միջեւ փոխհարաբերությունը չտուժեց՚՚։

Պարոն Մալինովսկին այն կարծիքին է, որ Միացյալ Նահանգները պետք է ավելի մեծ ճնշում գործադրի եւ ազդեցություն գործի դրական փոփոխություն առաջ մղելու համար։ Սակայն Մերձավոր արեւելքում փոփոխությունները միշտ չէ որ կատարվել են այնպես՝ ինչպես կնախընտրեր Միացյալ Նահանգները։

՚՚Համաս՚՚ կազմակերպությունը շահեց Պաղեստինյան խորհրդարանական ընտրությունները։ Այն Միացյալ Նահանգների եւ այլ երկրների կողմից համարվում է ահաբեկչական կազմակերպություն։ Եգիպտոսում իսլամամետներն ակնկալվածից ավելի մեծ հաջողության հասան խորհրդարանական ընտրություններում։

Նոր կառավարություն կազմելու Իրաքի ջանքերը ձախողվում են։ Միջազգային խաղաղության Կարնեգիի հաստատության ավագ աշխատակից Նաթան Բրաունի կարծիքով, Վաշինգտոնը թերեւս մեղմացրել է իր դիրքորոշումը ժողովրդավարության հարցի առնչությամբ.

՚՚Կարծում եմ, ժողովրդավարությունն արաբական աշխարհում առաջ մղելու Միացյալ Նահանգների խանդավառությունը որոշ չափով մարել է։ Այն ամբողջովին չի վերացել, սակայն Իրաքում ընտրություններից եւ այնտեղ իսլամամետ կուսակցությունների ամրապնդումից, ու Եգիպտոսի խորհրդարանական ընտրություններում ՚՚Մահմեդականների Եղբայրություն՚՚ կազմակերպության մեծ հաջողությունից հետո առկա է փոքր-ինչ վարանում։

Իսկ Պաղեստինյան տարածքում ՚՚Համաս՚՚ կազմակերպության ընտրվելուց հետո մեծ խնդիր է առաջացել ամերիկյան քաղաքականության համար։ Կարծում եմ, ժողովրդավարությունն առաջ մղելու հարցը Վաշինգտոնի առաջնահերթություների ցանկում դարձել է ոչ այնքան կարեւոր՚՚։

Թերեւս սա է պատճառը, թե Սաուդյան Արաբիան ինչու՞ հրաժարվեց կայացնել իր խորհրդակցական հանձնաժողովի ընտրություններ։ Երկիրը չունի խորհրդարան։ Եմենում, կառավարությունն արգելել է լրատվական միջոցների ազատությունը այս տարի կայանալիք նախագահական ընտրություններից առաջ։

Կատարում կայացած ընտրությունները վերստին հետաձգվեցին մինչեւ հաջորդ տարի։ Արտաքին գործոց նախարարության խոսնակ Ալբերտո Ֆերնանդեսն ասում է, թե Միացյալ Նահանգները շարունակում է ժողովրդավարությունը համարել առաջնահերթություն.

՚՚Որպես երկիր մենք պետք է կատարենք փոփոխություններ, ընտրենք ժողովրդավարություն, մենք սա ենք իրագործում տարածաշրջանում՚՚։

Պարոն Ֆերնանդեսն ասում է, թե ժողովրդավարության կառուցման համար միշտ ժամանակ է պահանջվում։ Քաղաքական որոշ թվով վերլուծաբաններ ասում են, որ Մերձավոր Արեւելքի որոշ վարչակարգեր ճնշող են եւ կոռումպացված, եւ այդ երկրների ժողովուրդները փափագում են այլընտրանքներ, որը եթե ժողովրդավարությունը չէ, ապա թերեւս կարող է լինել մահմեդականությունը։