Իտալիայում կայացող Ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցող Միացյալ Նահանգների թիմի կազմը նշանակալիորեն փոխվել է անցյալ տարիների համեմատությամբ։ 211 մարզիկներից բաղկացած ԱՄՆ-ի թիմի քսաներեք անդամներ ազգային փոքրամասնությունների պատկանող մարզիկներ են։
Այժմ Տուրինում է գտնվում անցյալում հայտնի մարզիկներից բաղկացած Միացյալ Նահանգների նախագահական մի պատվիրակություն, որի կազմում են աֆրիկյան ծագմամբ երկու հանրահայտ ամերիկացիներ. Օլիմպիական խաղերում առաջին անգամ 1988 թվականին բարձրագույն պարգեւի արժանացած առաջին սեւամորթ ամերիկացի չմշկասահորդուհի Դեբի Թոմասը եւ ամերիկյան ֆուտբոլի նախկին մարզիկ Հերշել Վոլքերը, ով 1992 թվականին մրցեց Միացյալ Նահանգների սահնակասահորդների թիմի կազմում։
Երբ նրանք մրցում էին, Միացյալ Նահանգների Օլիմպիական թիմում ընդգրկվել էին ազգային փոքրամասնությունների պատկանող ընդամենը մի քանի մարզիկներ։ Սահնակասահորդուհի Վոնետա Ֆլավերսը Սոլթ Լեյքի 2002 թվականի Ձմեռային խաղերում հաղթեց, դառնալով Օլիմպիական խաղերում բարձրագույն պարգեւի արժանացած երկրորդ սեւամորթ ամերիկացին։
Նա եւ կուբայական ծագմամբ ամերիկացի չմշկավազորդուհի Ջենիֆեր Ռոդրիգեսն այս տարի Միացյալ Նահանգների Օլիմպիական թիմում ընդգրկված ազգային փոքրամասնությունների պատկանող քսաներեք անդամներից երկուսն են։ Այս մասին Դեբի Թոմասն ասում է.
՚՚Գիտեի, որ Միացյալ Նահանգների թիմում ընդգրկված առաջին սեւամորթ մարզիկներից մեկն ու Ձմեռային Օլիմպիական խաղերում հաղթած առաջին սեւամորթն էի։ Գիտակցում էի, որ դա մեծ հաջողություն էր, քանի որ դրանից միայն տասնհինգ տարի անց մեկ այլ սեւամորթ շահեց բարձրագույն պարգեւ Ձմեռային խաղերում։ Ու երբ Վոնետան շահեց իր ոսկե մեդալը, այն իսկապես հատուկ էր, քանի որ կարծես հնարավորություններ բացեց երիտասարդ սեւամորթ մարզիկների առջեւ, ովքեր թերեւս չէին մտածել, որ հնարավորություն ունեն հաղթելու Ձմեռային Օլիմպիական խաղերում՚՚։
Հերշել Վոլքերն ասում է, թե իր փորձառությունն օգնեց ապացուցելու, որ ազգային փոքրամասնությունների պատկանող մարզիկները երբեմն կարող են փոխանցել իրենց փորձառությունն ու կարողությունը.
՚՚Ձմեռային Օլիմպիական խաղերում կարող ենք մրցունակ լինել։ Ահա սա՛ պետք է ըմբռնենք։ Ես նախկին ֆուտբոլիստ եմ, նաեւ զբաղվել են թեթեւ ատլետիկայով, սակայն ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցեցի սահնակասահքի մարզաձեւում, որի համար գրեթե չէի մարզվել՚՚։
Սակայն ազգային փոքրամասնությունների հարաճուն մասնակցությունն ապահովելու համար, ասում են մարզիկները, ավելի մեծ մատչելիություն է անհրաժեշտ ապահովել թանկ արժեցող Ձմեռային խաղերին։