Բազմաթիվ մահմեդական երկրներում շարունակվում են բողոքի ցույցերը, որոնք սկիզբ էին առել Մուհամեդ մարգարեին պատկերող որոշ ծաղրանկարների հրապարակման հետեւանքով։ Չնայած ծաղրանկարները հրապարակվել էին սնցյալ սեպտեմբերին Դանիայում, այդուհանդերձ դրանք վերատպվել էին վերջերս, որոշ թերթերի կողմից։
Մահմեդական աշխարհում աճում են կրքերը՝ կապված այն ծաղրանկարների հետ, որոնք Մուհամեդ մարգարեին պատկերում են խեղաթյուրված արտաքինով։
Ինչպես Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Աքբար Ահմեդն է ասում, առաջ եկած աղմուկը շեշտում է կրոնական հանդուրժողականության եւ խոսքի ազատության միջեւ լարվածությունը։ Նա ասում է.
՝՝Մեր առջեւ մի կողմից մահմեդական անդրդվելի ուժն է, մյուս կողմից արեւմուտքում՝ ազատ խոսքի սկզբունքը։ Սրանց միջեւ սկսվել է պայքար։ Ավելի վաղ դրա ականատեսը եղանք, երբ մեկ տասնամյակ առաջ Սալման Ռուշդին գրեց ՛՛Սատանայական հանգերը՝՝։ Նման ճգնաժամերն այսպիսի արձագանքի են արժանանում այնտեղ, որտեղ կա հակամարտություն երկու մշակույթների միջեւ, այնտեղ, որտեղ մեկը չի հասկանում մյուսի զգայական կողմը։ Մահմեդականները պիտի ավելի լավ հասկանան, թե ինչպե՞ս է նման հարցերի նայում Արեւմուտքը, իսկ Արեւմուտքը պիսի հասկանա, թե ինչպե՞ս են մահմեդականները վերաբերվում Աստծո հավատքին եւ աստվածաբանությանը՝՝։
Ծաղրանկարների հրատարակումից հետո, մասնավորապես պաղեստինյան տարծքներում հնչեցին արեւմտյան երկրներից այստեղ եկած անձանց առեւանգելու կոչեր։ Ուրբաթ օրը, Դանիայի վարչապետ Անդերս Ռասմուսենը Կոպենհագենում ընդունեց ավելի քան 7Օ, այդ թվում՝ մահմեդական մի շարք երկրների դեսպանների։ Նա ասաց.
՝՝Դանիայի կառավարությունը նման բողոքներն ու սպառնալիքները շատ լուրջ է ընդունում։ Լարվածությունը մեղմելու նպատակով, այժմ աշխատանքներ ենք իրականացնում մահմեդական աշխարհի մեր գործընկերների հետ՝՝։
Պարոն Ռասմուսենը մտահոգված է լարվածության խորացմամբ, քանի որ այլ օրաթերթեր եւս վերատպել են ծաղրանկարները։ ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Շոն Մաքքորմաքը պաշտպանում է ազատ արտահայտվելու իրավունքը, միեւնույն ժամանակ՝ քննադատում ծաղրանկարների հրապարակումը։ Նա ասում է.
՝՝Դրանք վիրավորական են եւ հասկանում ենք, թե ինչու են մարդիկ վիրավորվում։ Մենք այժմ հորդորում ենք ցուցաբերել հանդուրժողականություն եւ փոխըմբռնում։ Սակայն մամուլն ինքնուրույն պիտի որոշի ինչ հրատարակի։ ԱՄՆ-ի կառավարությունը չէ՛, որ պիտի թելադրի մամուլին՝՝։
Ծաղրանկարների պատճառով, բողոքի անհանգիստ ցույցեր են տեղի ունեցել մահմեդական բնակչություն ունեցող մի քանի երկրներում։ Պակիստանի նախագահ Փերվեզ Մուշարաֆն ասել է, թե չկա ծաղրանկարների հրապարակումներն արդարացնելու որեւէ հիմք։ Պակիստանում Մուհամեդ մարգարեին վիրավորանք հասցնելը պատժելի է մահվամբ։
Պրոֆեսոր Ահմեդը, որը եղել է Մեծ Բրիտանիայում Պակիստանի դեսպանը, կոչ է անում Արեւմուտքին եւ մահմեդական երկրներին ավելի զգույշ լինել նման զգայուն հարցերում։ Նա ասում է.
՝՝Աշխարհն, ուր ապրում ենք, ժողովուրդների խաղնուրդ է, տարբեր մշակույթների մի կաթսա։ Եվ եթե ուզում ենք ապրել ներդաշնակության մեջ, պետք է հարգենք մեկս մյուսին։ Հակառակ դեպքում, առաջ կգա զայրույթ, իսկ մոլեգնած մարդիկ կարող են թույլ տալ հիմարություններ, դիմել բռնությունների, առաջ բերելով շղթայական ռեակցիա երկու կողմերում՝՝։
Առաջ եկած զայրույթի ալիքը Եվրոպայում մեղմելու նպատակով այս երկրների ղեկավարները դատապարտել են ծաղրանկարները՝ դրանք անվանելով անճաշակ եւ անհարգալից։ Սակայն ոմանք նաեւ պաշտպանել են մամուլի ազատ խոսքի իրավունքը։