Թռչնագրիպի վարակը կարող է լինել  նախկինում ենթադրվածից   ավելի անվտանգ

ՄԱԿ-ի Սննդամթերքի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը անհանգստացած է, որ թռչնային գրիպը Թուրքիայում կարող է վերածվել համաճարակի, իսկ անասնաբուժության հարցերով պատասխանատու Ջոզեֆ Դոմնիչը՝ կարծում է, որ այն սպառնում է նաեւ Թուրքիայի հարեւան երկրներին։ Նա ասում է.

՝՝Իրադրությունը մտահոգիչ է, քանի որ հիվանդության բռնկումները գերազանցում են մեր կանխատեսումները։ Սովորաբար, վարակը տարածվելիս, գրանցվում է մեկ, երկու բռնկում՝՝։

Սակայն Շվեդիայի Ստոկհոլմ քաղաքի Կարոլինսկա հաստատության գիտնականները կարծում են, որ հիվանդության բռնկումները, հակառակ նախկին կանխատեսումների, կարող են լինել ավելի շատ, բայց՝ ավելի անվտանգ։

Գիտնականների այս խումբը Վիետնամում հարցումների է ենթարկել 12 հազար մարդու եւ պարզել, որ նրանցից 18 տոկոսն է ունեցել թռչնագրիպի ախտանիշաններ։ Գիտնականները հաշվարկել են նաեւ, որ հիվանդ կամ սատկած թռչունների հետ շփման արդյունքում, այստեղ եղել է թռչնագրիպի հիվանդության 65Օ-ից 75Օ դեպք։ Այդ թիվը Վիետնամի պաշտոնապես հայտարարած թվից շատ ավելի մեծ է։ Ըստ այդ հայտարարության վարակվել է 87 մարդ, ովքեր տարվել էին հիվանդանոց բուժման համար։

Եթե հաստատվեն շվեդ գիտնականների ուսումնասիրության արդյունքները, կնշանակի, որ ավելի մեծ թվով մարդիկ են վարակվում այս հիվանդությամբ, սակայն հիմնականում բուժվում՝ առանց բարդությունների։ Սա նշանակում է նաեւ, որ տոկոսային հարաբերությամբ մահացության թիվը շատ ավելի փոքր է։

Թուրքիայում թռչնագրիպի ընթացիկ բռնկումը հաստատում է այս տեսակետը, քանի որ այստեղ վարակվածների մեծ մասին չի սպառնում մահը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կարծում է, որ այժմ աշխարհը շատ ավելի մոտ է թռչնագրիպի համաճարակին, քան 1968 թվականին, երբ աշխարհին դարձյալ թռչնագրիպի վարակի տարածման վրանգ էր սպառնում։ Սակայն եթե ճիշտ են շվեդ գիտնականները, համաճարակը չի լինի այնքան մահաբեր, որքան կարծում էին նախկինում։