Աբրամոֆն իրեն մեղավոր է ճանաչում...

Ակնկալվում է, որ խարդախության, եկամտահարկերից խուսափելու եւ հանցագործ գործունեության մեջ իրեն անցնող երեքշաբթի մեղավոր ճանաչած Ամերիկայի ամենաազդեցիկ շահախմբականներից մեկը, Ջաք Աբրամոֆը կարող է մերկացնել իր հետ կապված Կոնգրեսի անդամների։

Աբրամոֆի տրամադրության ներքո եղած գումարը վկայում է մի ժամանակ Վաշինգտոնում նրա ունեցած ազդեցության մասին։ Աբրամոֆն ու նրա գործակիցները 300 քաղաքագետների ընտրարշավներին նվիրաբերել են չորս միլիոն դոլար գումար։

Որպես շահախմբական նա չափազանց հարստացել է, քանի որ ամերիկացի հնդկացիները ցանկանում էին Կոնգրեսում նպաստավոր օրենսդրություն ընդունվի իրենց խաղատների ցանցն ընդլայնելու համար։

Հետաքննությունը սկսվեց թերթերում հոդվածներից հետո, որ պարոն Աբրամոֆը կաշառք է վերցրել հնդկացիական տարբեր ցեղերից, որոնք մրցակցում էին խաղատների բիզնեսի համար։ Ամերիկացի բնիկները պարոն Աբրամոֆին եւ նրա ամենասերտ գործակցին, Մայքլ Սքանլոնին վճարել են 80 միլիոն դոլար։

Համերկրային նախկին դատախազ Մելանի Սլոանն ասում է, որ թերեւս Կոնգրեսի որոշ թվով անդամներ կերկյուղեն իրեն մեղավոր ճանաչելու Աբրամոֆի որոշումից.

՚՚Կարծում եմ, այս ամենն ավարտվելիս՝ կլինեն պատմության մեջ Կոնգրեսական ամենաաղմկահարույց գործերը՚՚։

Համերկրային հետաքննիչները փորձում են պարզել, թե պարոն Աբրամոֆն արդյո՞ք քաղաքական բարեհաճություն է ակնկալել նվերների, ամերիկյան ֆուտբոլի, բասկետբոլի խաղերի թանկարժեք տոմսերի, իր ռեստորաններում անվճար կերակուրների եւ Շոտլանդիա շրջագայության դիմաց։

Քաղաքական ընտրարշավներին գումար նվիրաբերելն օրինական է, սակայն ապօրինի է չգրանցված նվիրատվություններ կատարելը։ Ֆրեդ Վերթայմրը ՚՚Ժողովրդավարություն քսանմեկ՚՚ կազմակերպության աշխաակիցներից է.

՚՚Բոլոր քաղաքացիները կտուժեն, եթե Կոնգրեսի անդամներն իրենց գրասենյակները, իրենց որոշումները վաճառեն մեծ գումարներ հանգանակող անձանց՚՚։

Ավելի մեղմ դատավճռի դիմաց պարոն Աբրամոֆը կարող է նշել իր հետ կապված Կոնգրեսի անդամների։ Հանրապետական կոնգրեսական Բոբ Նեյին արդեն հետաքննում են Աբրամոֆի հաճախորդներին օգնելու համար։ Սենատոր Կոնրադ Բըրնզն ասում է, թե հույս ունի որ Աբրամոֆը բանտ կնստի եւ որ շահախմբականը պետք է երբեք ծնված չլիներ։

Վաշինգտոնում քաղաքական վերլուծաբան Նորման Օրնստայնն ասում է, թե Աբրամոֆը թերեւս բանտ կգնա իր մեղսակիցների հետ.

՚՚Աբրամոֆի հետ գործարքի մեջ մտած բոլոր անձինք ամենաքիչը կվարկաբեկվեն։ Իսկ մի քանիսը կարող են բանտ նստել՚՚։

Տասնյակ քաղաքագետներ վերադարձրել են Աբրամոֆի քաղաքական նվիրատվությունները, փորձելով կտրել կապը նրա հետ։ Իրեն մեղավոր ճանաչելու եւ համագործակցելու դիմաց պարոն Աբրամոֆի դեմ կկայացվի թերեւս ավելի մեղմ դատավճիռ։

Նա դիմակայում է առավելագույնը տասը տարվա ազատազրկում։ Իսկ Ֆլորիդայում ապօրինաբար խաղատուն-նավ գնելու համար նա կարող է պատժվել յոթ տարվա ազատազրկմամբ։