Եգիպտոսի նախագահական ընտրությունները

Եգիպտոսի քվեատուներն անցնող չորեքշաբթի մասնակցեցին իրենց երկրում երբեւէ կայացած նախագահական առաջին մրցակցական ընտրություններին։

Առավոտյան ժամը ութին ընտրությունները սկսվելիս, քվեատուների թիվը բավականին նվազ էր ընտրական տեղամասերում։ Իսկ Կահիրեի Թաալաթ Հարբ տեղամասում առավոտյան ժամը ութն անց տասնհինգ րոպեին, երբ պաշտոնյաները դեռեւս կողպում էին քվեատուփերը, կային ընդամենը երկու քվեատուներ։

Ընտրություններն ուշ սկսվելուց հետո դեռեւս տիրում էր խառնաշփոթություն, քանի որ առաջին քվեատուները քաղաքի այլ շրջաններից էին։ Աշխատանքը փոքր-ինչ ավելի հարթ էր ընթանում մերձակա երկու քվեատեղիներում։ Քվեատուները մատները մտցնում էին կարմիր թանաքի մեջ եւ դրոշմում էին իրենց քվեաթերթիկների վրա։ Կենսաթոշակի անցած պետական նախկին ծառայող Մորգան Մոհամեդն ասել է, թե քվեարկելու է նախագահ Մուբարաքի օգտին։

՚՚Նախկինում չունեինք որեւէ որոշում կայացնելու ազատություն։ Այժմ առանց երկյուղի կարող եմ ընտրել իմ նախագահին՚՚։

Նույն զգացումն էր տիրում նաեւ կանանց համար առանձնացված ընտրական մեկ այլ տեղամասում։ Կանայք խանդավառ կերպով հայտարարում էին իրենց աջակցությունը նախագահին։ Քվեատու կանանցից մեկն ասել է, թե եկել է ընտրելու նախագահ Հոսնի Մուբարաքին, քանի որ նա դրական աշխատանք է կատարել դպրոցների եւ կենսաթոշակների հարցում։

Այլ ընտրատարածքներում կային մի քանի քվեատուներ, ովքեր չցանկացան ասել թե ում օգտին են քվեարկելու։ Եգիպտոսի ժողորդավարամետ շարժումը, ՚՚Կիֆայան՚՚, իր աջակիցներին հորդորում էր բոյկոտել ընտրությունները եւ ասում էր թե այն կարծիքին է, թե այն կեղծվելու է։

Ընտրատեղամասերը բացվելուց հետո պետական հեռուստատեսության ծրագրով հայտարարվեց, որ կթույլատրվի ընտրատարածքներում տեղական անկախ դիտորդների ներկայությունը։

Պարոն Մուբարաքը իշխանության գլուխ է 1981 թվականից ի վեր, երկրի նախագահ Անվար Սադաթի սպանությունից հետո։ Նա երբեք ախոյան չի ունեցել ընտրություններում։ Սակայն, այս անգամ նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն էին առաջադրել տասն անձինք։