Սոդայաջրի ըմպելիքները վնասակար են...

Վերջերս կատարված հաշվումների համաձայն, Միացյալ Նահանգներում առկա են ավելորդ քաշ ունեցող ինը միլիոն երեխաներ եւ չափահասներ։

Սոդայաջրի ըմպելիքներ։ Թվում է, թե դրանք համեմատաբար անվնաս են, սակայն մի նոր ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանք ավելորդ քաշի առաջացման գլխավոր պատճառներից մեկն են Միացյալ Նահանգներում։ Ըմպելիքների արդյունաբերությունը որոշել է իր արտադրանքի վաճառքը նվազեցնել դպրոցներում։ Ըմպելիքների ամերիկյան ընկերակցության աշխատակցուհի Սյուզան Նիլին ասում է.

՚՚Մտադիր ենք մաս կազմել խնդրի լուծմանը՚՚։

Սյուզան Նիլին այն կարծիքին է, որ որոշումը համապատասխանում է ծնողների ցանկությանը։ Սակայն Հասարակական շահերի գիտական կենտրոնի աշխատակցուհի Մարգո Վութանն ասում է.

՚՚Այս որոշումը դպրոցներում սոդայաջրի ըմպելիքների վաճառքը լիովին արգելելու հարցը տեղական, նահանգային եւ համերկրային Կոնգրեսում փակուղի մտցնելու փորձ է՚՚։

Միացյալ Նահանգների դպրոցական բազմաթիվ շրջաններ ապավինում են սոդայաջրի ըմպելիքների վաճառքին, դպրոցի արտաժամյա եւ մարզական ծրագրերի դիմաց վճարելու համար։ Որոշ աշակերտներ խառը զգացումներ ունեն սոդայաջրի ըմպելիքների արդյունաբերության որոշման առնչությամբ։ Մի աշակերտուհի ասում է.

՚՚՚Վատ է, քանի որ սոդայաջուրը ուժ է տալիս դասերի համար՚՚։

Իսկ մի աշակերտ այս կարծիքն է հայտնել.

՚՚Քանի դեռ կաթ ունեմ նախաճաշիս հետ, ամեն ինչ կարգին է՚՚։

Սակայն բազմաթիվ աշակերտներ եւ չափահասներ կաթ չեն խմում եւ այն փոխարինել են սոդայաջրի ըմպելիքով։ Ուսումնասիրություններից մեկի համաձայն, երեխաներն օրական միջինը խմում են երեք տուփ սոդայաջրի ըմպելիք։ Դրա կալորիան եւ շաքարի պարունակությունը կարող են հանգեցնել արյան բարձր ճնշման, հեղձանքի եւ շաքարախտի։ Հույսն այն է, որ սոդայաջրի ըմպելիքների արդյունաբերության հայտարարությունը կօգնի նվազեցնելու երեխաների ավելորդ քաշը։