Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու հեռուստածրագիրը

Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու հավատացյալներն այժմ ունեն հեռուստատեսային ծրագիր, որը կօգնի խթանելու հայրենասիրության զգացումը երկրում։

Ռուսաստանում սկսել է եթեր արձակվել ՚՚Փրկիչ՚՚ հեռուստատեսային ծրագիրը։ Ծրագրի 40 տոկոսը կկազմեն կրոնական հաղորդումները, իսկ վաթսուն տոկոսը կլրացնեն գեղարվեստական եւ փաստագրական ֆիլմերը։ Ծրագրի գլխավոր խմբագիրը, Իվան Դեմիդովն ասում է, թե նոր հեռուստածրագրի նպատակը ռուսներին օգնելն է, որպեսզի ավելի շատ բան սովորեն իրենց ինքնության մասին։

՚՚Մեր հեռուստածրագրի նպատակը մարդկանց հնարավորություն տալն է, որպեսզի ավելի շատ բան իմանան իրենց երկրի՝ ինչպես եւ մեր գործած չար ու բարի արարքների մասին՚՚։

՚՚Փրկիչ՚՚-ը կրոնական առաջին հեռուստածրագիրն է, որն ունի համերկրային եթեր դուրս գալու ծրագիր։ Ավագ քահանա Վսեվոլոդ Չապլինն ասում է, թե Ռուսաստանի ուղղափառ եկեղեցին պետք է մատչելիություն ունենա ավելի մեծ լսարանի։

՚՚Տատիկների թիվն ավելի ու ավելի է նվազում առնվազն Ռուսաստանի քաղաքների եկեղեցիներում։ Անցյալ կիրակի եկեղեցում հաղորդություն ընդունած ութսունհինգ անձանցից տասնյո՛թն էին տարեց կանայք։ Երիտասարդների՝ եկեղեցի հաճախելու պատճառը լրատվական միջոցների կողմից Աստծո խոսքը տարածվելն է՚՚։

Սակայն հեռուստածրագրի սեփականատերերն ասում են, թե այլ կրոնների չեն թույլատրի կրոնական քարոզ կարդալ իրենց ցանցով։ ՚՚Փրկիչ՚՚ հեռուստածրագրի հիմնադիրներն ասում են, թե այն ոչ մի կապ չունի հայրենասիրությունը խթանելու Ռուսաստանի կառավարության ծրագրերի հետ։

Սակայն թվում է, թե զինվորականության մասին հեռուստածրագրի եւ Ռուսաստանի նկարագիրն արտասահմանում բարելավելու նպատակ հետապնդող անգլերեն լեզվով հաղորդումների ցանցի հետ ՚՚Փրկիչ՚՚ հեռուստածրագիրը հրաշալիորեն համապատասխանում է Կրեմլի ծրագրերին։