Իսրայելի ու պաղեստինցիների միջեւ հարաբերությունները սրվում են

Մերձավոր արեւելքում սկսված բռնարարքային նոր գործողությունները սպառնում են խոչընդոտել իսրայելացիների ու պաղեստինցիների միջեւ հնգամսյա հրադադարը։

Պաղեստինյան ոստիկանության եւ ՚՚Համաս՚՚ կազմակերպության զինյալների միջեւ սկսված բռնարարքները վատթարագույնն են վերջին մեկ տասնամյակում։ Պաղեստինյան իշխանության խոսնակ Նաբիլ Աբու Ռդենեհն ասել է, թե շարունակվող բռնարարքները վտանգում են խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում։

՚՚Դժբախտաբար, Պաղեստինյան իշխանության եւ դրա ղեկավարության դեմ շարունակվում է դավադրություն։ Մենք դեռեւս հանձնառու ենք հրադադարին՚՚։

Իսրայելացիների հետ հրադադարն ակներեւաբար այլեւս չի պահպանվում։ Պաղեստինյան ավագ բանագնաց Սաէբ Էրեկաթն Ամերիկայի Ձայնի լուրերի բաժնին հայտնել է, թե Իսրայելի հակահարձակումն ավելորդ էր։ Իսրայելի վարչապետ Արիել Շարոնի խորհրդականը, Դորե Գոլդն ասել է, թե Իսրայելի հակահարձակման նպատակն իր քաղաքացիներին պաշտպանելն էր։

՚՚Իսրայելը հստակեցրել է, որ Պաղեստինյան իշխանությունը պետք է կատարի Շարմ Էլ-Շեյխի վեհաժողովում եւ Մերձավոր արեւելքում խաղաղություն հաստատելու առնչությամբ ստանձնած իր հանձնառությունը եւ կազմալուծի ահաբեկչական ենթակառույցը՚՚։

ԱՄՆ-ի արտաքին գործոց նախարարության խոսնակ Շոն Մըկքորմիկն Իսրայելի ու պաղեստինցիների երկուստեք հարձակումների մասին ասել է հետեւյալը։

՚՚Սրանք ոչ միայն իսրայելացիների՝ այլեւ պաղեստինյան ժողովրդի եւ ավելի լավ կյանքի նրանց ձգտումների դեմ գործված ահաբեկչական գործողություններ են՚՚։

ԱՄՆ-ի արտաքին գործոց նախարար Կոնդոլիզա Ռայսն այս շաբաթ ուղեւորվելու է Մերձավոր արեւելք՝ Իսրայելի ու Պաղեստինյան իշխանության ղեկավարների հետ հանդիպելու համար։