Միացյալ Նահանգները ծրագրում է կառուցել նոր ատոմակայաններ

Էլեկտրաէներգիայի իր պահանջարկը բավարարելու համար Միացյալ Նահանգները թերեւս շուտով կվերսկսի կառուցել նոր ատոմակայաններ։ Այս մասին նախագահ Բուշն ասում է.

՚՚Քսանմեկերորդ դարում մեր երկրին անհրաժեշտ կլինի ավելի անվտանգ, մաքուր կերպով ստացվող հավելյալ էլեկտրաէներգիա՚՚։

Նախագահ Բուշը միջուկային նոր գործարաններ կառուցելու կողմնակից է։ 1960-ական եւ 70-ական թվականներին ԱՄՆ-ում կառուցվել են 103 ատոմակայաններ։ Սակայն դրանց կառուցումը դադարեցվեց 1980-ական թվականներին։ ԱՄՆ-ի ատոմակայանների հարցերով հանձնաժողովի նախագահ դոկտոր Նիլս Դիասն այս մասին ասում է.

՚՚…ատոմակայանների կառուցումը դադարեցվեց 1979 թվականին ԱՄՆ-ի Թրի Մայլզ Այլընդում՝ իսկ այնուհետեւ Չեռնոբիլում տեղի ունեցած աղետների հետեւանքով՚՚։

Ի տարբերություն ածխի՝ ատոմակայանը չի արտազատում ջերմոցային ներգործություն առաջացնող գազեր։ Այս մասին պարոն Բուշն ասում է.

՚՚Առանց այս ատոմակայանների, Ամերիկան ամեն տարի եթեր կարտազատի հավելյալ 700 միլիոն տոննա ածխածնի երկօքսիդ՚՚։

Սակայն շրջակա միջավայրի պաշտպանության գործիչները մտահոգ են ատոմակայանների աշխատանքի հետ կապված որոշ խնդիրներից։ Միջուկային թափոնները ներկայումս պահվում են ԱՄՆ-ի 126 տեղանքներում։ Ծրագրերից մեկով նախատեսվում է այդ ամբողջը փոխադրել Նեւադա եւ թաղել Յուկա լեռան տակ։ Ատոմակայանների շահագործման անվտանգությունը մեկ այլ լուրջ խնդիր է բազմաթիվ մարդկանց համար, ռադիոակտիվ նյութերը ջրի եւ օդի մեջ անցնելու պատճառով։ Սքոթ Պետերսոնը Միջուկային էներգիայի ինստիտուտի փոխնախագահն է։

՚՚Թրի Մայլ Այլընդում տեղի ունեցած աղետից անցել է ավելի քան քառորդ դար ու մենք դաս ենք քաղել դրանից, եւ այժմ ունենք անվտանգության չափազանց լավ տվյալներ՚՚։

Անվտանգությունն ավելացնելու նպատակով ատոմակայանների հարցերով հանձնաժողովն այժմ նախապես հաստատում է ատոմակայանների ու միջուկային ռեակտորների միօրինակացված նախագծերը։ Պարոն Նիլսն ավելացնում է.

՚՚Տեխնոլոգիան եւ մեր աշխատանքը բարելավվել են։ Ակնկալում ենք, որ ատոմակայաններն ու ռեակտորները կաշխատեն ավելի անվտանգ ու հուսալի կերպով՚՚։

Դոկտոր Դիասը կանխագուշակում է, որ մինչեւ տասնամյակի վերջը կգործեն ութ նոր ատոմակայաններ։

՚՚Դրանցից մի քանիսը կարող են շահագործման հանձնվել մինչեւ 2015 թվականը։ Այդ միտումը շարունակվելու դեպքում առաջիկա քսան տարում կունենանք մինչեւ քսան ատոմակայան՚։

Սակայն միայն նոր ատոմակայանները չեն կարող բավարարել երկրի էլեկտրաէներգիայի պահանջարկը հաջորդ երկու տասնամյակում։ Դրա համար կպահանջվեն սովորական հազար նոր էլեկտրակայաններ։