ԵԱՀԿ-ի խորհրդարանական ժողովը՝ մայրաքաղաք Վաշինգտոնում

Եւրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության անդամ հիսունհինգ երկրների խորհրդարանականներ անցնող ուրբաթ մայրաքաղաք Վաշինգտոնում սկսեցին իրենց ամենամյա տասնչորսերորդ հանդիպումը։

Այս հանդիպման օրակարգում են միջազգային անվտանգության, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության տարածման հարցերը։ ԱՄՆ-ի կոնգրեսական Ալսի Հասթինգսը, որը ժողովի նախագահն է, ասաց թե ԵԱՀԿ-ի հիսունհինգ անդամ երկրներն ունեն ընդհանուր նպատակ։

՚՚Ես ականատես եմ, որ միմյանց հետ խորը տարաձայնություններ ունեցող խորհրդարանականներն այս ժողովում համախմբվում են կազմակերպության ընդհանուր, կարեւոր նպատակների եւ առաքելությունների համար՚՚։

Կոնգրեսական Հասթինգսը նշեց, որ ԵԱՀԿ-ը կարեւոր, դրական դեր է խաղացել անցյալ տարի Ուկրաինայում կայացած ընտրությունների, եւ Ուզբեկստանի քաղաքական ճգնաժամի ընթացքում։ Սակայն պարոն Հասթինգսն ավելացրեց, որ հակամարտությունները հաջողությամբ կանխելու համար ԵԱՀԿ-ը պետք է ավելի մեծ թվով գրասենյակներ ունենա հավանական հակամարտությունների շրջաններում։

ԵԱՀԿ-ի խորհրդարանական ժողովի նախագահն ընդունել է, որ մի քանի անդամ երկրներ տարբեր մոտեցում ունեն մարդու իրավունքների հարցերին։

՚՚ԵԱՀԿ-ի անդամ որոշ երկրներ ցանկանում են, որպեսզի մեր կազմակերպությունը հրաժարվի այդ խնդրով զբաղվելուց։ Սակայն, կարծում եմ, որ կայունությունն անհնարին է առանց ժողովրդի ազատության՚՚։

Կոնգրեսական Հասթինգսն ասաց, թե ԵԱՀԿ-ը Եւրատլանտյան արտաքին քաղաքականության ամենաարդյունավետ միջոցն է ոչ-ռազմական կացություններում, եւ որ ԱՄՆ-ն ու Եւրոպան միմյանց կարիքն ունեն իրենց միջեւ վստահությունն ու երկխոսությունն ամրապնդելու համար։

Ծրագրով ԵԱՀԿ-ի խորհրդարանականներին կոչ է արվում հանդիպումներ ունենալ Միացյալ Նահանգների փոխնախագահ Դիք Չեյնիի եւ Ներկայացուցիչների Պալատի նախագահ Դենիս Հասթրթի հետ։

ԵԱՀԿ-ի խորհրդարանական այս ամենամյա ժողովն առաջին անգամ կայանում է Միացյալ Նահանգներում։ Այն մայրաքաղաք Վաշինգտոնում իր աշխատանքները կշարունակի հուլիսի մեկից մինչեւ հինգը։