Խորհրդաժողով՝ Իրաքի շուրջ

ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղար Կոֆի Անանն աշխարհի երկրների ղեկավարներին հորդորել է Իրաքին աջակցել երկիրը վերակառուցելու գործում։

Ավելի քան ութսուն երկրների եւ կազմակերպությունների պաշտոնատարներ մասնակցեցին Իրաքի շուրջ Բրյուսելում կայացած միջազգային մեկօրյա խորհրդաժողովին։

ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղար Կոֆի Անանը բացման խոսքում ասաց հետեւյալը։ ՚

՚Միջազգային համայնքն աջակցում է Իրաքի կառավարությանն ու ժողովրդին եւ մենք վճռակամ ենք Իրաքը վերակառուցելու գործում՚՚։

ԱՄՆ-ի արտաքին գործոց նախարար Կոնդոլիզա Ռայսն Իրաքի հարեւան երկրներին կոչ արեց հետեւյալը։

՚՚Իրաքի հարեւանները, հատկապես Սիրիան, իրենց սահմանները պետք է ապահով դարձնեն այն անձանցից, ովքեր ջանում են խափանել Իրաքի զարգացումը՚՚։

Իրաքի արտաքին գործոց նախարար Հոշիար Զեբարին ասել է, թե իրաքցիներն իրենց հարեւաններին խնդրելու են դիվանագիտական հարաբերությունները կանոնավորել Իրաքի հետ։ Կոնդոլիզա Ռայսն ասել է, թե Իրաքի նոր կառավարությունը պետք է բարելավի իր անվտանգությունը եւ ազատականացնի տնտեսությունը։

Անցնող չորեքշաբթի կայացած հանդիպումը դոնոր երկրների խորհրդաժողով չէր։ Եւրամիության պաշտոնատարները վերջերս հայտնել են, որ Իրաքի պարտատերերին հորդորելու են ներել Իրաքի ունեցած 70 միլիարդ դոլար պարտքի մեծ մասը։