Թրամփ. Պուտինը խոստումնալից հայտարարություն է արել, բայց այն ամբողջական չէ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը` Սպիտակ տանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին ընդունելիս

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը` Սպիտակ տանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին ընդունելիս

Նախագահը հույս է հայտնել, որ Ռուսաստանը «ճիշտ կվարվի» Ուկրաինայի նկատմամբ

Նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «շատ խոստումնալից հայտարարություն» է արել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր զինադադարի մասին, սակայն հայտարարությունը «ամբողջական չէ»։

«Ես կցանկանայի հանդիպել կամ խոսել նրա հետ (հեռախոսով): Բայց մենք պետք է արագ վերջ տանք այս ամենին»,- ասել է նախագահը Սպիտակ տանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին ընդունելիս:

«Մենք կցանկանայինք տեսնել հրադադար Ռուսաստանի կողմից»,- ընդգծել է Թրամփը։

Նա հույս է հայտնել, որ Ռուսաստանը «ճիշտ կվարվի» Ուկրաինայի նկատմամբ։

Անդրադառնալով Մոսկվայում տեղի ունեցող խորհրդակցություններին, նախագահը նշել է, որ դրանց ընթացքում քննարկվել են «վերջնական համաձայնագրի շատ մանրամասներ»։

Սպիտակ տան ղեկավարն իր համոզմունքն է հայտնել, որ Ռուսաստանը չի հարձակվի ԱՄՆ դաշնակիցների վրա։

«Մենք բոլորս անհամբեր սպասում ենք Ռուսաստանի պատասխանին և կոչ ենք անում նրան դիտարկել բոլոր ռազմական գործողությունները դադարեցնելու հարցը», - վերջերս ասել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն: «Եթե նրանք ասեն՝ ոչ, ապա ակնհայտ է, որ մենք պետք է ամեն ինչ ուսումնասիրենք և հասկանանք աշխարհում տիրող իրավիճակը և (պարզենք), թե որոնք են նրանց (ռուսական կողմի) իրական մտադրությունները։ Կարծում եմ, եթե նրանք ասեն ոչ, դա մեզ շատ բան կասի նրանց նպատակների և տրամադրությունների մասին»: