Պուտինը մեկնաբանել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի մասին ամերիկյան առաջարկը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին

Հինգշաբթի ավելի վաղ Մոսկվա է ժամանել նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Վիտկովը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի ասել է, որ Մոսկվան աջակցում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը, սակայն «լուրջ հարցեր ունի» այս առիթով։ Պուտինի խոսքով՝ ինքը կցանկանար դրանք քննարկել ԱՄՆ-ի հետ, հնարավոր է ուղղակիորեն նախագահ Դոնալդ Թրամփի։

Կրեմլի ղեկավարը հանդես է եկել 30-օրյա հրադադարի առաջարկի օգտին։ Միևնույն ժամանակ նա լրագրողներին ասել է, որ, իր կարծիքով, «մենք պետք է խոսենք մեր ամերիկացի գործընկերների հետ... Գուցե հեռախոսով խոսենք նախագահ Թրամփի հետ և քննարկենք դա նրա հետ»։

Հինգշաբթի ավելի վաղ Մերձավոր Արևելքի հարցերով նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆը ժամանել է Ռուսաստանի մայրաքաղաք՝ ավելի ու ավելի կարևոր դեր խաղալով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմին վերջ տալու դիվանագիտական ջանքերում:

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ նախօրեին հեռախոսով խոսել է նախագահ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Վալցի հետ և հայտնել նրան ռուսական տեսակետը հրադադարի շուրջ ամերիկյան առաջարկի վերաբերյալ։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը հաստատել է Վալսի և Ուշակովի հեռախոսազրույցը։ Նա չի բացառել, որ նախագահ Թրամփը ևս կխոսի նախագահ Պուտինի հետ։

Հինգշաբթի օրը Ուշակովը քննադատել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի հրադադարի առաջարկը՝ ասելով, որ դա միայն դադարի հնարավորություն կտա ուկրաինացի զինվորականներին։

Պետքարտուղար Մարկո Ռուբիոն, մասնակցելով Կանադայի Շարլվոյում G7-ի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի դադարեցման ջանքերի առնչությամբ ասել է, որ գնդակն այժմ Մոսկվայի դաշտում է։