Երևանն ու Բաքուն առանձին ազդարարել են խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցման և դրա շուրջ բանակցությունների ավարտի մասին

Ադրբեջանի ու Հայաստանի դրոշներ

Ադրբեջանի ու Հայաստանի դրոշներ

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունները առանձին անդրադարձել են հայ-ադրբեջանական բանակցություններին՝ հայտնելով, որ կողմերն ավարտել են բանակցությունները համաձայնագրի տեքստի շուրջ: Բաքուն որպես նախապայման պնդում է Հայաստանի սահմանադրության փոփոխության և ԵԱՀԿ Մինսկի Խմբի լուծարման իր պահանջները

Ադրբեջանական АPA գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ տարվող աշխատանքներն ավարտվել են, և Երևանը ընդունել է բաց մնացած վերջին երկու կետերը։

Ըստ արտգործնախարար Բայրամովի՝ հաջորդ փուլում «Հայաստանի Սահմանադրությունից պետք է հեռացվեն Ադրբեջանին ուղղված տարածքային պահանջները։ Բացի այդ պետք է լուծարվեն Մինսկի խումբն ու դրա մնացորդները»։

Հիշեցնենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը տևական ժամանակ բանակցում էին կողմերի միջև համաձայնագրի նախագծի երկու չհամաձայնեցված հոդվածների շուրջ, որոնք վերաբերում էին միջազգային հայցերից փոխադարձաբար հրաժարվելուն ու Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին երրորդ երկրների ուժերի չտեղակայմանը: Դեռևս անհայտ է, թե ինչ համաձայնությանն են եկել կողմերը այս հոդվածների հարցում:

Ավելի ուշ հրապարակված Արդբեջանի ԱԳՆ-ի հայտարարության տեքստում նշված է. «Մենք գոհունակությամբ նշում ենք, որ ավարտվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի տեքստի բանակցությունները։

Մենք նաև կրկնում ենք Ադրբեջանի երկարատև և սկզբունքային դիրքորոշումն այն մասին, որ Հայաստանի սահմանադրության փոփոխությունը՝ Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ պահանջները վերացնելու նպատակով, նախապայման է՝ բանակցած տեքստի ստորագրման համար։ Ավելին, մենք ընդգծում ենք հնացած և անգործունակ ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը և հարակից կառույցները պաշտոնապես վերացնելու անհրաժեշտությունը։

Պատրաստ ենք շարունակել երկկողմ երկխոսությունը երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված այս և այլ հարցերի շուրջ»,- նշված է Ադրբեջանի արտգործնախարարության տեքստում:

Ավելի ուշ, Հայաստանի արտգործնախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, ուր տեղեկացրել է, որ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման, և որ Երևանը պատրաստ է Բաքվի սկսել խորհրդակցություններ պայմանագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը դիվանագիտական խողովակներով Ադրբեջանի ԱԳ նախարարությանը փոխանցել է, որ Հայաստանի Հանրապետությունն ընդունում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկությունները և առաջարկել է հանդես գալ համատեղ հայտարարությամբ՝ Խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։

Պաշտոնական Բաքուն նախընտրել է հանդես գալ միակողմանի հայտարարությամբ։

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը հաստատում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի փաստը»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հայտարաության մեջ: