Եվրախորհրդարանը Բաքվում պահվող հայ գերիների վերաբերյալ հրատապ ընթացակարգի ներքո ընդունել է բանաձև, որով դատապարտել է Ադրբեջանի կողմից հայ պատանդների հանդեպ անմարդկային վերաբերմունքն ու պահանջել նրանց անհապաղ ազատ արձակումը։ Այդ ընթացքում Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը հանդես է եկել նոր ուղերձով, ուր հայտնել է իր հացադուլի դադարեցման մասին: Այս ֆոնին օրերս հրեա-քրիստոնեական «Save Armenia» դաշինքի փոխանցմամբ, ամերիկյան մի խումբ հասարակական ու կրոնական գործիչներ և անհատներ նամակով դիմել են ԱՄՆ նախագահ Թրամփին՝ կոչ անելով վճռական քայլեր ձեռնարկել Ադրբեջանում պահվող 23 հայ և մեկ կրոնափոխ ադրբեջանցի քրիստոնյաներին ազատ արձակելու համար
ԵՄ խորհրդարանում այսօ ընդունած բանաձևը նշում է. «Ադրբեջանում կալանավորված է 23 հայ պատանդ, այդ թվում՝ դե ֆակտո Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաներ և ռազմագերիներ 2020 թվականի պատերազմի և դրան հաջորդած էթնիկ զտումների ժամանակ: Նրանց նկատմամբ կեղծ դատավարություններ են անցկացվում և նրանք ենթարկվում են լուրջ մեղադրանքների, որոնք կարող են հանգեցնել անօրինական ցմահ ազատազրկման»,- ասված է ԵՄ-ի ընդունած փաստաթղթում:
Եվրախորհրդարանն ընդունեց «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների ապօրինի ձերբակալումը և նրանց դեմ շինծու դատավարությունները» խորագրով բանաձև 523 կողմ, 3 դեմ, և 84 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
Ընդունված բանաձևով Եվրոպական խորհրդարանի պատգամավորները խորը մտահոգություն են հայտնում խոշտանգումների և դաժան վերաբերմունքի առնչությամբ և կոչ են անում անկախ հետաքննություն անցկացնել այդ խախտումների վերաբերյալ։ Ադրբեջանի իշխանություններին կոչ է արվում կատարել իրենց միջազգային պարտավորությունները, ներառյալ՝ Ժնևի կոնվենցիան և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։
Եվրոպական խորհրդարանի պատգամավորները շեշտադրում են հայ գերիներին ազատ արձակելու, նրանց նկատմամբ դաժան վերաբերմունքի համար պատասխանատու անձանց պատասխանատվության ենթարկելու դիվանագիտական ջանքերի հրատապ անհրաժեշտությունը։
Բանաձևը ԵՄ-ից և միջազգային կազմակերպություններից պահանջում է նպաստել մարդասիրական և բժշկական առաքելությունների տեղակայմանը, որպեսզի գնահատեն պատանդառված անձանց պայմանները, կոչ անում Եվրոպական խորհրդին նպատակային պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են մարդու իրավունքների խախտումների համար, այդ թվում՝ դատավորներ Զեյնալ Աղաևի, Ջամալ Ռամազանովի և Անար Ռզաևի նկատմամբ։
Բանաձևը խստորեն դատապարտում է ՄԱԿ-ի կառույցները և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակները փակելու Ադրբեջանի որոշումը և համարում, որ սա լրջորեն խոչընդոտում է միջազգային մարդասիրական ջանքերին ու մոնիթորինգի մեխանիզմներին։
ԵՄ-ի բանաձևը նաև կոչ է անում միջազգային քրեական դատարանին և վերջինիս գլխավոր դատախազին հետաքննել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ բռնի տեղահանումների, հետապնդումների և էթնիկ զտումների վերաբերյալ գործերը, ինչպես նաև ողջունում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի հայտարարությունը, որը պահանջում է անհապաղ ազատ արձակել և անվտանգ վերադարձնել Ադրբեջանում պահվող բոլոր ռազմագերիներին, պատանդներին և այլ կալանավորվածներին։
Եվրախորհրդարանի բանաձևում ընդգծվում է, որ «Ռուբեն Վարդանյանը գտնվում է հացադուլի մեջ է և նրա առողջական վիճակը կտրուկ վատանում է: Մյուս պատանդների առողջական վիճակը նույնպես տեսանելիորեն վատացել է»:
Այսօր հատնի դարձավ, որ Ադրբեջանի բանտում պահվող Ռուբեն Վարդանյանը իր ընտանիքի հետ հեռախոսազրույցի ընթացքում երկու ձայնային ուղերձ է փոխանցել. մեկը հրապարակվում է այսօր, մյուսը նա խնդրել է հրապարակել կիրակի: Նա նաև հայտնել է, որ հաջորդ անգամ կխոսի միայն դատական եզրափակիչ նիստում, բայց միայն այն դեպքում, եթե այնտեղ լինեն միջազգային ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ առաջադրել է մի շարք ծանր մեղադրանքներ` նրան մեղադրելով ահաբեկչության ֆինանսավորման, Ադրբեջանի դեմ պատերազմ ծրագրելու, նախապատրաստելու և իրագործելու, հանցավոր կազմակերպություն ստեղծելու, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, տեղափոխելու, կտտանքներ իրականացնելու, մարդկանց տեղահանելու մեջ, ինչպես նաև արտերկրում ադրբեջանցի դիվանագետների դեմ ահաբեկչական գործողություններ ծրագրելու, կամ ինչպես Ադրբեջանի գլխավոր դատախազությունն է ձևակերպել` «Նեմեսիս 2» կազմակերպելու համար։
Հիշեցնենք նաև , որ Ադրբեջանական բանտերում այսօր պահվում է ընդհանուր 23 հայ, որոնց դատում է Ադրբեջանի դատարանը: Բանտարկյալների թվում են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված 16 անձինք։ Վարդանյանի հետ գերեվարվածների շարքում են նաև չճանաչված Լեռնային Ղարաբաղի յոթ նախկին պաշտոնյաները, ում դեմ ևս Ադրբեջանը առաջ է քաշել:
Այսօրվա ձայնային ուղերձում չճանաչված Լեռնային Ղարաբաղում պետնախարարի պաշտոնը մի քանի ամիս զբաղեցրած, միլիարդատեր Ռուբեն Վարդանյանը մասնավորապես ասել է, որ իր հացադուլը ոչ միայն բողոքի, այլև անարդար դատավարության և ընդհանուր իրավիճակի վրա ուշադրության հրավիրելու միջոց էր: Վարդանյանը հայտնել է հացադուլը դադարեցնելու իր որոշման մասին:
«Հացադուլ հայտարարելու համար ես մի քանի նպատակ ունեի. Ցույց տալ, որ չկա իրական դատավարություն, այլ իրականացվում է ձևական դատ, ցույց տալ, որ այստեղ միայն ինձ չեն դատում, դատում են բոլոր հայերին և հենց պետությանը, ցույց տալ, թե ինչ գին պետք է վճարեին նրանք, ովքեր կցանկանային մնալ ու ապրել Արցախում, այլ չհեռանալ», - նշել է Վարդանյանը:
Վարդանյանը նշել է նաև, որ զարմացած է Հայաստանի ներկայիս ղեկավարության՝ «արցախցիների նկատմամբ ատելության խորությունից»: Նա նաև շեշտել է.
«Ով որ ձեզ վախեցնում է հերթական ռազմական պատերազմով՝ նորից մոլորեցնում է ձեզ: Այսօրվա աշխարհում սեփական պետությունն ունենալու իրավունքը տանուլ տալու շատ այլ միջոցներ կան: Արդեն պարտադիր չէ նվաճել ռազմական ճանապարհով, հիմա պատերազմը նորից է շարունակվում, պարզապես հնարավոր է առանց անգամ մեկ կրակոցի նվաճել տեխնոլոգիաների, ֆինանսների, տնտեսական կախվածության, ենթակառուցվածքների, ինֆորմացիայի, քաղաքական պատերազմների միջոցով: Եթե դուք այդպես էլ ապրեք պատրանքներում, թե ամեն ինչ վերջանալու է, և դուք հանգիստ կարող եք ապրել ու վաստակել, ապա դա ինքնախաբեություն է:»
Նրա պնդմամբ՝ Ադրբեջանում այսօր ընթացող «դատն իրականացվում է ոչ թե 15 գումարած մեկի, այլ Հայաստանի ղեկավարության ու Հայաստանի դեմ՝ որպես պետության ընդհանրապես, ցանկացած հայի դեմ՝ կապ չունի, որտեղից է նա, եթե անգամ նա Հայաստանից չէ:» Ըստ նրա՝ «Արցախը կորցնելով՝ առաջիկա տարիներին մենք կկորցնենք նաև Հայաստանը, եթե արմատապես չփոխենք մեր վերաբերմունքն այնպիսի հասկացությունների նկատմամբ, թե ինչ է էլիտան, իշխանությունը, պետությունը և թե ով պետք է մեզ ղեկավարի»,- հավելել է Վարդանյանը:
Հիշեցնենք նաև, որ օրերս, հրեա-քրիստոնեական «Save Armenia» դաշինքի փոխանցմամբ, ամերիկյան մի խումբ հասարակական ու կրոնական գործիչներ և անհատներ նամակ են ուղղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով վճռական քայլեր ձեռնարկել Ադրբեջանի իշխանությունների կողմից պահվող 23 հայ և մեկ կրոնափոխ ադրբեջանցի քրիստոնյաների ազատ արձակման ուղղությամբ:
Իրենց կոչում ստորագրողները վկայակոչում են պահվող անձանց նկատմամբ խոշտանգումների և շարունակվող բռնությունների մասին հաղորդումները՝ ընդգծելով իրենց համոզմունքը, որ նախագահ Թրամփի ղեկավարությունը եզակի դիրք ունի այս ճգնաժամը լուծելու համար, և որ անհրաժեշտ է արագ գործողություններ՝ փրկելու քրիստոնյաների կյանքը:
Նամակի մեջ, մասնավորապես, ասված է. «Մենք հավատում ենք, որ դուք միակն եք, ով կարող է փրկել այս քրիստոնյա պատանդներին: Գրեթե երկու տարի առաջ Ադրբեջանը էթնիկ զտումներ է իրականացրել ավելի քան 120,000 քրիստոնյա հայերի նկատմամբ, որոնք հեռացել են իրենց նախնիների տներից, մինչդեռ Ջո Բայդենի վարչակազմը քայլեր չի ձեռնարկել: Այդ ժամանակից ի վեր՝ 23 քրիստոնյա հայ պատանդներ և մեկ կրոնափոխ ադրբեջանցի ենթարկվել են մշտական խոշտանգումների: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին՝ միակ կազմակերպությանը, որին թույլատրվել է ստուգել նրանց բարեկեցությունը, վերջին օրերին հրամայվել է լքել երկիրը»,- նշված է նամակում։
Նամակի հեղինակները նաև գոհունակություն են հայտնել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի քարոզարշավի ընթացքում Հայաստանին և հալածվող քրիստոնյաներին ցուցաբերած աջակցության համար։
«Շնորհակալություն քարոզարշավի ընթացքում Հայաստանին և հալածված քրիստոնյաներին ցուցաբերած աջակցության համար։ Ձեր հայտարարությունը հզոր էր և հստակ ուղերձ հղեց նրանց, որոնք կխաթարեն Հայաստանի անվտանգությունը և նրանց հարուստ քրիստոնեական ժառանգությունը՝ որպես Քրիստոսի ավետարանն ընդունած առաջին երկիր աշխարհի պատմության մեջ»,-ասված է նամակում: