Զելենսկու հետ հանդիպմանը Էրդողանը հայտարարել է` Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն անվիճելի է

Ուկրաինայի ու Թուրքիայի նախագահներ Վոլոդիմիր Զելենսկին ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Անկարա, փետրվարի 18, 2025թ․։

Ուկրաինայի ու Թուրքիայի նախագահներ Վոլոդիմիր Զելենսկին ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Անկարա, փետրվարի 18, 2025թ․։

Թուրքիա կատարած այցից հետո Ուկրաինայի նախագահը մինչև մարտի 10-ը հետաձգել է չորեքշաբթի նախատեսված իր այցը Սաուդյան Արաբիա։

Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը անվիճելի են, և Թուրքիան կարող է լինել այն վայրը, ուր Կիևն ու Մոսկվան հնարավորություն կունենան վարել իրենց բանակցությունները՝ երեքշաբթի հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո Անկարայում կայացած ասուլիսում Էրդողանը, մասնավորապես, ասել է, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմին վերջ տալու դիվանագիտական նախաձեռնությունը համահունչ է Թուրքիայի քաղաքականությանը՝ Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր։

Իր հերթին՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երեքշաբթի հայտարարել է, թե մինչև մարտի 10-ը հետաձգել է իր այցը Սաուդյան Արաբիա, որը նախատեսված էր այս չորեքշաբթի, և որ Ուկրաինայի թիկունքում չեն կարող իրականացվել պատերազմը դադարեցնելու շուրջ բանակցություններ։

Զելենսկու խոսքով՝ արդար խաղաղություն ապահովելու համար ԱՄՆ-ն, Ուկրաինան և Եվրոպան պետք է մասնակցեն Կիևի համար նախատեսված անվտանգության երաշխիքների շուրջ բանակցություններին։

Reuters-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը երեքշաբթի երեկոյան մեկնել է Կիև։