Միացյալ Նահանգներն ու Հայաստանը ստորագրեցին ռազմավարական գործընկերության շուրջ կանոնադրությունը

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ստորագրում են ռազմավարական գործընկերության շուրջ կանոնադրություն, Վաշինգտոն, ԱՄՆ պետքարտուղարություն, 14 հունվարի, 2025թ., Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ

Միացյալ Նահանգներն ու Հայաստանը ևս մեկ մակարդակով բարձրացրեցին իրենց հարաբերությունները. հունվարի 14-ին ԱՄՆ պետքարտուղարությունում երկու կողմերի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները ստորագրեցին ռազմավարական գործընկերության կանոնադրությունը

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բինքենն ու Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ով Վաշինգտոնում է երկօրյա այցով, հունվարի 14-ին ԱՄՆ պետքարտուղարությունում ստորագրեցին ռազմավարական գործընկերության կանոնադրությունը: Կողմերն ընդգծեցին փաստաթղթի կարևորությունը երկու երկրների միջև հարաբերությունների խորացման համար:

«Սա նշանակալի հանգրվան է Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև հարաբերություններում: Ստեղծում ենք ռազմավարական գործընկերության հանձնաժողով, ինչը ենթադրում է ընդլայնել փոխգործակցությունը տնտեսական, անվտանգության և պաշտպանության, ժողովրդավարության, ներառականության և միջանձնային հարաբերությունների ոլորտներում»,- ստորագրման արարողության ժամանակ հայտարարեց ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

Your browser doesn’t support HTML5

Ռազմավարական գործընկերության հաստատումը նշանակալի պահ է ԱՄՆ-ի ու ՀՀ-ի միջև հարաբերություններում. Բլինքեն

«Հայաստան-Միացյալ Նահանգներ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, որը մենք ստորագրում ենք այսօր, ապահովում է ամուր շրջանակ և ավելի մեծ հավակնություններ է ներդնում մեր համագործակցության մեջ»,- ընդգծեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

Միացյալ Նահանգներն ու Հայաստանը դառնում են ավելի ուժեղ գործընկերներ, իսկ ռազմավարական գործընկերությունը միտված է ավելի խորը համագործակցությանն ընդհանուր սկզբունքների հիման վրա, իր ելույթում ասել է պետքարտուղար Բլինքենը՝ ընդգծելով՝ այս համագործակցությունը դրական զարգացում է երկու երկրների և ողջ տարածաշրջանի համար:

«Այս կանոնադրությունը, այս ռազմավարական գործընկերությունը, որը մենք ստորագրում ենք, կարծում եմ, նպաստավոր է ավելի դիմացկուն, խաղաղ, ապահով ու ավելի անկախ Հարավային Կովկասի համար»,- նշել է Բլինքենը:

Պետքարտուղարը նկատել է՝ Վաշինգտոնն ու Երևանը վերջին տարիներին ընդլայնել են համագործակցությունը տնտեսական հարաբերությունների և խաղաղ միջուկային էներգիայի ոլորտներում՝ շեշտելով՝ «մենք այժմ պատրաստ ենք բանակցություններ սկսել 123-րդ համաձայնագրի շուրջ խաղաղ միջուկային համագործակցության համար»:

«Կարծում եմ, դա ընդգծում է փոխադարձ հանձնառությունը, որ մենք ունենք, միջուկային զենքի չտարածման չափանիշներին և միջուկային անվտանգության առաջխաղացմանը: Այն նաև նոր հնարավորություններ է ստեղծում մեր երկու երկրների համար միջուկային էներգիայի, գիտության և տեխնոլոգիայի ոլորտներում համագործակցության համար»,- ասել է Բլինքենը:

Պետքարտուղարի խոսքով՝ Վաշինգտոնն աշխատում է Երևանի հետ անվտանգության և պաշտպանության ոլորտում և աջակցում Հայաստանի ջանքերին՝ սեփական տարածքում իր անկախությունն ու ինքնիշխանությունը ապահովելու համար։ Նա տեղեկացրեց, որ հաջորդ ամիս նախատեսվում է ԱՄՆ մաքսային և սահմանապահ ծառայության թիմի այցը Հայաստան՝ հայ գործընկերների հետ աշխատանքներ տանելու համար սահմանային անվտանգության կարողությունների զարգացման, անվտանգության համագործակցության ամրապնդման, Հայաստանի խաղաղապահ կարողությունների մեծացման ուղղությամբ։ Բլինքենը հայտնեց նաև ԴԱԻՇ-ի (Իսլամական պետություն խմբավորման) դեմ պայքարի գլոբալ կոալիցիային Հայաստանի միանալու մասին:

«Դուք կմիանաք 87 այլ անդամներից բաղկացած կոալիցիային՝ Մերձավոր Արևելքում և դրանից դուրս ավելի մեծ կայունություն միասնաբար հաստատելու համար, ուստի չափազանց շնորհակալ ենք այդ ներգրավվածության առումով»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

Բլինքենը նաև ողջունել է Հայաստանի ջանքերը ժողովրդավարության և արդարադատության ոլորտների բարեփոխումներում՝ ընդգծելով Երևանի հանձնառությունն ավելի արդար հասարակություն կառուցելու հարցում:

Իր հերթին, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ևս փաստում է՝ ընդհանուր արժեքների և փոխադարձ շահերի վրա հիմնված հայ-ամերիկյան հարաբերությունները վերջին տարիներին նկատելի աճ են գրանցել։

«[Հայ-ամերիյան հարաբերությունները] հասել են մի կետի, երբ դրանց արդիականացումը դեպի ռազմավարական գործընկերություն ոչ միայն տեղին է, այլև կարևոր՝ աշխարհաքաղաքական բարդ պայմաններում առաջ շարժվելու համար»,- հայտարարել է Միրզոյանը:

Երևանը բարձր է գնահատում Միացյալ Նահանգների ներգրավվածությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման գործում, ասում է Հայաստանի արտգործնախարարը՝ շեշտելով՝ կայուն և բարգավաճ Հարավային Կովկասը բխում է տարածաշրջանի բոլոր դերակատարների և ավելի լայն միջազգային հանրության շահերից։

«Հայաստանը հավատարիմ է մնում խաղաղության օրակարգին և դրա իրականացմանը և սերտորեն համագործակցելու է Միացյալ Նահանգների հետ՝ այս ընդհանուր նպատակին հասնելու համար»,- շեշտել է Միրզոյանը:

Հայաստանի արտգործնախարարը երախտագիտություն հայտնեց պետքարտուղար Բլինքենին և նրա թիմին ներդրած ջանքերի համար, որոնք նպաստեցին հայ-ամերիկյան հարաբերությունների մակարդակի բարձրացմանը: Միրզոյանը նաև ընդգծեց պաշտոնական Երևանի պատրաստակամութունն աշխատելու ԱՄՆ գալիք վարչակազմի հետ՝ ռազմավարական գործընկերության փաստաթղթում ընդգրծված հավակնոտ նպատակները կյանքի կոչելու համար։

«Մենք խորապես գնահատում ենք Միացյալ Նահանգների անսասան աջակցությունը Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Նույնքան կարևոր է նաև Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և տնտեսական դիմակայունության խթանման գործում»,- հայտնել է նա:

Միրզոյանը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը միանալու ԴԱԵՇ-ի դեմ պայքարի գլոբալ կոալիցիային՝ ընդգծելով Երևանի հանձնառությունը միջազգային ահաբեկչության դեմ պայքարին:

Բացի այդ, նա ազդարարեց Վաշինգտոնի հետ միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ Երևանի բանակցությունների մեկնարկի մասին: Այն կապահովի միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության շրջանակը և կընդգծի մեր հանձնառությունը խաղաղ միջուկային էներգիայի զարգացմանը՝ հիմնված անվտանգության և չտարածման ամենաբարձր չափանիշների վրա, իր խոսքում նշել է Հայաստանի արտգործնախարարը:

Ստորագրման արարողությունից հետո կայացավ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի ու Հայաստանի արտգործնախարար Միրզոյանի հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկել են հայ-ամերիկյան երկկողմանի հարաբերությունների ու տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ հարցեր: