Այս մասին հայտնել է ռուսաստանյան պետական Тасс լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսատանի Դատական կարգադրիչների դաշնային ծառայությանը:
Գործակալության փոխանցմամբ՝ օտարերկրյա քաղաքացիների հարկադիր արտաքսման հիմնական պատճառը «միգրացիոն կանոնների խախտումներն էին»:
Դիտորդների խոսքով՝ Ռուսաստանում տարածում է ստանում միգրանտների նկատմամբ ատելությունը, վախը կամ միգրանտաֆոբիան, որն ակտիվորեն խրախուսվում է ռուսական իշխանությունների կողմից:
Եվս մեկ թիվ, օրինակ, 2022 թվականին վտարվել էր 26,6 հազար միգրանտ:
Your browser doesn’t support HTML5
Росстат-ի տվյալներով՝ 2023 թվականին երկիր ներգաղթողների թիվը նվազել է մինչև 560 հազարի՝ հասնելով նախորդ տասնամյակի նվազագույն մակարդակին, սակայն, ըստ երևույթին, այն վերջնական ցուցանիշը չէ:
Meduza պարբերականը, վկայակոչելով Կրեմլին մոտ կանգնած աղբյուրներ, գրում է, թե Ռուսաստանի իշխանությունները ձեռնամուխ են եղել միգրանտների դեմ պայքարին՝ ռուսաստանյան հասարակության ուշադրությունը շեղելու երկրի առջև ծառացած հրատապ խնդիրներից, մասնավորապես՝ Ուկրաինայում շարունակվող պատերազմից ու թանկացումներից:
Փորձագետները նշում են, թե Ռուսաստանում խոչընդոտներ են ստեղծվում միգրանտների համար, չնայած երկրում առկա աշխատուժի սուր պակասին, որը հատկապես ակնառու է դարձել Ուկրաինա լայնածավալ ներխուժման սկզբից:
«Սա Պուտինի ռեժիմի տիպիկ փորձն է և առաջինը չէ իր կառավարման պատմության ընթացքում՝ շեղել ուշադրությունը տնտեսական խնդիրներից և ուկրաինական պատերազմից, օգտագործելով ռուսական հասարակության մեջ ավանդաբար ուժեղ այլատյացությունը և միգրանտների հանդեպ ատելությունը», - «Ամերիկայի ձայնին» ասում է տնտեսագետ Սեմյոն Նովոպրուդսկին:
Նրա կարծիքով՝ Ռուսաստանի իշխանություններն այսօր էլ չունեն միգրացիոն համակարգված քաղաքականություն:
«Պատերազմը և պրոպագանդան ավելի են ամրապնդել հակամիգրանտային տրամադրությունները, և իշխանություններն այժմ շահագործում են այդ: Բայց Ռուսաստանում աշխատուժի պակաս կա, և միգրանտները բացը համալրելու հիմնական աղբյուրն են: Տարբեր գնահատականների համաձայն՝ երկրում աշխատուժի պակասը տատանվում է 1,5 միլիոնից մինչև 5 միլիոն մարդ, իսկ աշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է մոտավորապես 80 միլիոն»,- նշում է Նովոպրուդսկին:
Նրա կարծիքով՝ Պուտինի ռեժիմը միգրացիոն քաղաքականության մեջ առաջնորդվում է երկու նպատակներով:
«Այն օգտագործում է որպես լծակ երկրի ներսում սովորական մարդկանց զայրույթը շեղելու, ինչպես նաև այլ երկրներում միգրացիոն ճգնաժամեր ստեղծելու համար: Ռուսաստանը ժամանակին ակտիվորեն նպաստեց երրորդ երկրներից ներգաղթյալների հոսքին դեպի Լեհաստան՝ Բելառուսի միջոցով, իսկ Ուկրաինայի հետ պատերազմի սկսվելուց հետո հրահրեց նմանատիպ ճգնաժամ Ֆինլանդիայի սահմանին՝ միտումնավոր թույլ տալով նրանց իր տարածքով անցնել առանց փաստաթղթերի: Այդ պատճառով Ֆինլանդիան շարունակում է փակ պահել իր սահմանը Ռուսաստանի հետ»,- շարունակում է Նովոպրուդսկին:
2024 թվականի աշնանը Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարեց, թե ռուսաստանցի պատգամավորները մշակում են 34 օրինագիծ՝ միգրանտների կարգավիճակը երկրում սահմանելու համար: Քննարկվող նախագծերը ներառում են միգրանտների ընտանիքների վերամիավորման արգելք և որոշակի պաշտոններ զբաղեցնելու սահմանափակումներ: Առաջարկվել է նաև արտաքսել ռուսերեն չիմացող միգրանտներին:
Սեմյոն Նովոպրուդսկին ասում է, թե Կրեմլի նման միգրացիոն քաղաքականության հետևանքով, օրինակ, Ուզբեկստանի բնակիչներն աշխատանք փնտրելիս այլևս նախընտրում են Չինաստանն ու Ղազախստանը՝ Ռուսաստանի փոխարեն:
«Այս երկու երկրները Ռուսաստանի հիմնական մրցակիցներն են հետխորհրդային երկրներից աշխատանքային միգրանտների համար պայքարում: Ռուսական աշխատաշուկան շատ կարևոր է Ղրղզստանի և Տաջիկստանի համար: Հիմնական խնդիրը Տաջիկստանի հետ է կապված, քանի որ այս երկրի քաղաքացիներին մեղադրել են [մոսկովյան] Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության մեջ»,- նշում է մեր զրուցակիցը:
Նովոպրուդսկին ընդգծեց, թե միգրանտների արտահոսքը Ռուսաստանից կարող է շարունակվել՝ պայմանավորված ռուբլու արժեզրկմամբ և բարձր գնաճով:
«Որոշ միգրանտների համար Ռուսաստանում աշխատելը այլևս ձեռնտու չէ»,- ասում է նա:
Ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ և իրավապաշտպան Նատալյա Պելևինայի կարծիքով՝ միգրանտների դեմ Կրեմլի նման նախաձեռնությունների սկզբնապատճառը անցած տարվա մարտին մոսկովյան Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչությունն էր, ինչ հետևանքով զոհվեցին առնվազն 145 հոգի: Սակայն հետագայում ռուսական իշխանությունները սկսեցին օգտագործել թեման՝ սեփական օրակարգն առաջ տանելու համար:
«Նրանք փորձում են շեղել մարդկանց դժգոհությունը երկրի տնտեսական ծանր վիճակից, թանկացումներից, Ուկրաինայում շարունակվող պատերազմից։ Շեղող մանևր է։ Պարզունակ: Ցավոք սրտի, իշխանությունների ջանքերն արձագանք են ստանում հանրության կողմից, քանի որ Ռուսաստանում ազգայնականությունն ու այլատյացությունը միշտ եղել են ու չեն վերացել: Մնում է մի քիչ փայտ ավելացնել կրակին»,- «Ամերիկայի ձայնին» փոխանցեց Պելևինան:
Նրա խոսքով՝ Ռուսաստանում միգրանտները, փաստորեն, ճորտերի կարգավիճակում են։
«Ամրագրված իրավունքներ գրեթե չունեն, իսկ գործնականում ընդհանրապես չունեն: Բացի այդ, իրավապաշտպաններն արձանագրում են, որ ռուսաստանյան իրավապահ մարմինները բացահայտ շանտաժի են ենթարկում անօրինական միգրանտներին՝ նրանց դնելով ընտրության առաջ՝ կա՛մ պետք է վերադառնան տուն դատարկաձեռն, կա՛մ մեկնեն պատերազմ՝ հետագայում ստանալով օրինական կարգավիճակ: Նման դեպքեր շատ են եղել»,- նշում է Պելևինան:
Օրինակ, Agence France-Presse-ը ներկայացնում է անցած տարի հրապարակված ռուսաստանյան պաշտոնական տվյալները, թե զորակոչվել են Ռուսաստանում կացության օրինական կարգավիճակ ստացած շուրջ 10 հազար միգրանտներ:
Նատալյա Պելևինայի խոսքով՝ ռուսաստանյան միգրացիոն օրենսդրության խստացումը հանգեցրել է նրան, որ բազմաթիվ օտարերկրացիներ այլևս չեն ցանկանում մեկնել Ռուսաստան:
«Անցած տարի Կենտրոնական Ասիայից ժամանած միգրանտների թիվը՝ նախորդ տարվա համեմատ նվազել է գրեթե կիսով չափ: Օրինակ, Տաջիկստանի քաղաքացիները, ովքեր նախկինում գալիս էին Ռուսաստան, այժմ հնարավորություններ են փնտրում այլ երկրներում»,- եզրափակել է նա: