ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չեղարկել է Իտալիա ծրագրված այցը՝ նշելով, թե ներկայում կենտրոնացած է Կալիֆոռնիայում մոլեգնող ավերիչ հրդեհները մարելու աշխատանքները համակարգելու ուղղությամբ։
Բայդենը պետք է մեկներ Իտալիա հինգշաբթի՝ ԱՄՆ հանգուցյալ նախկին նախագահ Ջիմ Քարթերի հիշատակի արարողությանը մասնակցելուց հետո: Եռօրյա այցի շրջանակում նախատեսված էին հանդիպումներ Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի ու վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ։ Ծրագրված էր, որ Սպիտակ տան ղեկավարը Վատիկանում կհանդիպի Հռոմի պապ Ֆրանցիսկոսին։
Սպիտակ տունը չորեքշաբթի ուշ երեկոյան հայտարարություն է տարածել՝ բացատրելով Բայդենի որոշումը։
«Այս երեկո Լոս Անջելեսից վերադառնալով, որտեղ նա հանդիպել էր ոստիկանության, հրշեջների և շտապօգնության աշխատակիցների հետ, ովքեր պայքարում են տարածքում մոլեգնող հրդեհների դեմ, և [Կալիֆոռնիայի անտառային հրդեհները] հայտարարելով մեծ բնական աղետ, նախագահ Բայդենը որոշել է չեղարկել իր այցը Իտալիա՝ առաջիկա օրերին [հրդեհներին] դաշնային արձագանքը ղեկավարելու նպատակով», - ասված է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Քըրին Ժան-Պիեռի հայտարարությունում:
Իտալիա այցը նախագահ Բայդենի վերջին արտասահմանյան ուղևորությունն էր լինելու, որը կոչված էր վերահաստատել ԱՄՆ ու եվրոպական երկրների միջև առկա դաշնակցային կապերի ուժն ու ամրությունը։ Դեր ունի նաև Բայդենի կաթոլիկ քրիստոնյա լինելը։
Ժան-Պիեռը, սակայն, չի մանրամասնել՝ արդյո՞ք այցը կարող է հետաձգվել, միայն ասել է, որ «հավելյալ մանրամասները կհաղորդվեն ավելի ուշ»:
Հիշեցնենք՝ Ջո Բայդենի նախագահական ժամկետն ավարտվում է հունվարի 20-ին։
Բայդենը ժամանել էր Լոս Անջելես՝ ներկա գտնվելու երկու հուշարձաններ բացման արարողությանը, սակայն նրա այցը Կալիֆոռնիա նահանգի Թերմալ շրջան չեղարկվեց վատ եղանակային պայմանների պատճառով։
Նա հանդիպեց հրշեջներին, որոնք պայքարում են ավերիչ հրդեհների դեմ: Կրակի հետևանքով հայտնի է առնվազն հինգ զոհի մասին, մոխրացել են հարյուրավոր տներ։
Բայդենի ուղևորությունը համընկավ նաև ընտանեկան կարևոր իրադարձության հետ. նրա թոռնուհին՝ Նաոմի Բայդենը, ով բնակվում է Լոս Անջելեսում, չորեքշաբթի որդի լույս աշխարհ բերեց։
«Լավ նորությունն այն է, որ ես մեծ պապիկ եմ դարձել»,- ասել է նախագահը հրշեջների հետ հանդիպման ժամանակ։
Երեխային անվանել են Ուիլյամ Բրանոն Նիլ Չորրորդ: Առաջին տիկին Ջիլ Բայդենը Instagram-ում լուսանկար է տեղադրել, որտեղ նախագահը գրկել է ծոռանը։