Թրամփը չի բացառում ռազմական ուժի կիրառումը՝ վերահսկելու Գրենլանդիան և Պանամայի ջրանցքը

Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել ռազմական կամ տնտեսական հարկադրանքի կիրառումը Պանամայի ջրանցքի և Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու նպատակով։

Միացյալ Նահանգները պետք է վերահսկի Գրենլանդիան և Պանամայի ջրանցքը, որը կապում է Ատլանտյան ու Խաղաղ օվկիանոսները՝ հայտարարել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը:

Ֆլորիդայում գտնվող իր կեցավայրում՝ Մար-ա-Լագոյում կայացած ասուլիսին Թրամփին հարցրել են՝ արդյո՞ք կարող է վստահեցնել, որ այդ անելու համար չի օգտագործի տնտեսական և ռազմական պարտադրանք:

ԱՄՆ 47-րդ նախագահը արձագանքել է․ «Ո՛չ, չեմ կարող ձեզ վստահեցնել այդ երկուսից և ոչ մեկի մասով, բայց կարող եմ ասել, որ դրանք՝ [այդ տարածքները] մեզ անհրաժեշտ են տնտեսական անվտանգության համար»:

Your browser doesn’t support HTML5

Թրամփը չի բացառում ռազմական ուժի կիրառումը՝ վերահսկելու Գրենլանդիան և Պանամայի ջրանցքը

Անցած շաբաթ Պանաման նշում էր ջրանցքի նկատմամբ իր իրավազորության հաստատման 25-ամյակը։ 1999 թվականին Վաշինգտոնը, փաստռորեն, զիջեց իր վերահսկողությունը միջազգային առևտրի համար գերկարևոր 82 կիլոմետրանոց այդ ջրային ուղու նկատմամբ, որը գործում է ավելի քան մեկ դար՝ 1914 թվականից։

Պանամայի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոն այսպես է արձագանքել Թրամփի խոսքերին. «Ջրանցքը հավերժ կմնա մեր ձեռքերում։ Այսօր մենք տեսնում ենք, որ Պանամայի դրոշն ազատորեն ծածանվում է, կարծես այն միշտ եղել է այնտեղ»:

Ինչ վերաբերում Դանիայի կազմում լայն ինքնավարություն վայելող Գրենլանդիային, որի տարածությունը կազմում է ավելի քան 2,1 միլիոն քառակուսի կիլոմետր, իսկ բնակչությունը ընդամենը 56 հազար մարդ է, ապա 1941 թվականից ԱՄՆ-ն այնտեղ ռազմաբազա է պահում:

«Մարդիկ, իրոք, անգամ չգիտեն՝ [արդյո՞ք] Դանիան [կղզու] նկատմամբ օրինական իրավունք ունի։ Բայց եթե ունեն, պետք է հրաժարվեն, քանի որ այն մեզ անհրաժեշտ է ազգային անվտանգության ապահովման համար։ Այն ազատ աշխարհի համար է: Խոսում եմ ազատ աշխարհը պաշտպանելու մասին»,- ասել է Թրամփը:

Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը բազմիցս ընդգծել է՝ Գրենլանդիան չի վաճառվում:

Ֆրեդերիկսենն իր խոսքերը կրկնեց երեքշաբթի, երբ ԱՄՆ նորընիր նախագահի Դոնալդ Թրամփի որդին՝ Դոնալդ Թրամփ-կրտսերը չհայտարարված այցով ժամանել էր կղզի:

Դանիայի վարչապետի ներկայացմամբ՝ Գրենլանդիան Գրենլանդիայի ժողովրդի համար է:

Երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփին նաև հարցրել են՝ արդյո՞ք նա ռազմական ուժ կկիրառի Կանադան ԱՄՆ-ին միացնելու համար, որը, ըստ Սպիտակ տան ապագա ղեկավարի, պետք է դառնա Միացյալ Նահանգների մաս:

«Ո՛չ։ [Կկիրառեմ] տնտեսական ուժ: Դուք ազատվում եք ԱՄՆ-ի և Կանադայի միջև այդ արհեստականորեն գծից, և դա նույնպես շատ ավելի լավ կլիներ ազգային անվտանգության համար։ Մի՛ մոռացեք, մենք պաշտպանում ենք Կանադան»,- ասել է Թրամփը:

Կանադայի հեռացող վարչապետ Ջասթին Թրյուդոն սոցցանցում արձագանքել է. «Որևէ հավանականություն չկա, որ Կանադան կդառնա Միացյալ Նահանգների մասը»:

Անհասկանալի է՝ արդյո՞ք ԱՄՆ նորընտիր նախագահն իրապես նպատակ ունի իրագործել այդ սպառնալիքները, թե՞ նման խոսքերը բանակցություններում ճնշում գործադրելու համար են:

Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր Թեսալիա Մերիվակին ասում է. «Մենք ապրում ենք մի հասարակությունում, որտեղ այս որոշումներից շատերը միակողմանի չեն ընդունվում։ Եվ եթե նույնիսկ Թրամփի վարչակազմը ցանկանա ծավալապաշտական քաղաքականություն վարել և ներխուժել այլ երկրներ, որքանո՞վ դա կարող է իրատեսական լինել՝ ուժի կիրառման առումով»:

Այս ամենի ֆոնին՝ Դոնալդ Թրամփը կրկնել է՝ կանադական և մեքսիկական ապրանքների նկատմամբ 25% մաքսատուրք սահմանելու իր սպառնալիքը, եթե երկու երկրները չամրապնդեն ԱՄՆ հետ սահմանը՝ կանխելու ապօրինի ներգաղթյալների հոսքը։

Ի լրումն, Թրամփը խոստացել է նաև Մեքսիկական ծոցն վերանվանել Ամերիկայի ծոցի: