Վաշինգտոնն արձագանքել է Երևանին զինելու մասին Բաքվի մեղադրանքներին 

ԱՄՆ պետքարտուղարության մասնաշենք

«Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ՝ պաշտոնական Վաշինգտոնն արձագանքել է Հայաստանին զինելու մասին Ադրբեջանի նախագահի մեղադրանքներին՝ շեշտելով, որ Միացյալ Նահանգների անվտանգային աջակցությունը և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին ուղղված է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժերի հետ փոխգործակցության ամրապնդմանը՝ բարելավելու բանակի պրոֆեսիոնալիզմը, ինչպես նաև Իրանի հետ երկու երկրների սահմանի ամրապնդմանը։

«Ազատության» հարցմանն ի պատասխան ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը նշել է.

«Միացյալ Նահանգներն Հայաստանին ու Ադրբեջանին իր անվտանգային աջակցությունն այնպես է հաշվարկում, որպեսզի վստահ լինի, որ այն հարձակողական նպատակներով կիրառելի չէ ու չի խաթարում կամ խոչընդոտում կայուն և արժանապատիվ խաղաղության շուրջ բանակցությունների շարունակական ջանքերին»։

Միլլերը նաև շեշտել է, որ Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև շարունակական շփումներին՝ աշխատելու հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ։