Նախորդ տասնամյակում եվրոպական երկրներն ընդունեցին ավելի քան մեկ միլիոն սիրիացի փախստականների, որոնք թողել էին հարազատ երկիրը քաղաքացիական պատերազմի պատճառով: Այժմ՝ Բաշար ալ-Ասադի ռեժիմի տապալումից հետո, որոշ երկրներ այլևս մերժում են ապաստան տրամադրելու նոր խնդրանքները: Եվրոպայում գտնվող սիրիացիները մի կողմից ուրախ են սիրիական վերջին զարգացումների առթիվ, սակայն մյուս կողմից՝ անհանգիստ են, թե ինչ ապագա է սպասվում իրենց։
Նաբիլ Աթթարի խոսքով՝ կարողացել է հայրենի Սիրիայից ֆրանսիական Օռլեան քաղաք բերել միայն մայրիկի բաղադրատոմսերը և հիշողություններ՝ հայրենիքի մասին, որը ստիպված լքել է մոտ մեկ տասնամյակ առաջ՝ Բաշար ալ-Ասադի բռնապետության օրոք:
«Զինված մարդիկ սպառնացեցին ինձ, թե պետք է գումար վճարեմ։ Առևանգեցին իմ տղային: Շատ բարդ էր։ Մեծ գումար եմ վճարել որդուս հետ ստանալու համար»,- պատմում է Նաբիլ Աթթարը:
Ժամանակին Դամասկոսում հաջողակ գործարար Աթթարն իր ընտանիքի հետ հեռացավ Սիրիայից՝ միանալով Եվրոպա փախչող հարյուր հազարավոր սիրիացիներին: Փարիզում նա վերապատրաստում անցավ՝ ռեստորան բացելու համար։
Your browser doesn’t support HTML5
2018 թվականին Օռլեանում իր կնոջ հետ բացեց «Նարենջ» ռեստորանը, որը արաբերենից թարգմանաբար նշանակում է «դառը նարինջ»։
Ընտանիքը ստացել է Ֆրանսիայի քաղաքացիություն։ Աթթարն ասում է, որ ֆրանսիացիները հյուրընկալ ժողովուրդ են:
«Երբեք որևէ խնդիր չենք ունեցել, չենք առերեսվել։ Չեմ սիրում օգտագործել «ռասիզմ» [բառը], բայց երբեք չենք հանդիպել դրան»,- ասում է Նաբիլը:
Այնուհետև․․․ ալ-Ասադի ռեժիմը իր վերջը գտավ:
Լուրն ուրախությամբ ընդունվեց Օռլեանում, այդ թվում՝ Աթթարի ռեստորանում, որտեղ մարդիկ տոնում էին ռեժիմի անկումը:
«Հուսով եմ և հավատում եմ, որ Սիրիան ավելի լավը ապագա կունենա՝ շատ ավելի լավը, քան նախկինում: Դրա հետ կապված մտահոգություն չունեմ»,- ասում է Նաբիլը։
Սակայն Սիրիայում ռեժիմի տապալումը այլ մտահոգություններ է առաջացրել արտերկրում ապաստանած այդ երկրի քաղաքացիների շրջանում: Եվրոպական Միության որոշ երկրներ արդեն իսկ փաստացի մերժում են ապաստան տրամադրելու սիրիացիների խնդրանքները՝ պնդելով, թե ալ-Ասադի ռեժիմը, որի պատճառով այդ մարդիկ լքել են երկիրն, այլևս գոյություն չունի:
Ֆրանսիայի իշխանությունները ևս ուսումնասիրում են մերժումների անցնելու տարբերակը։
Ի հավելումն, Եվրոպայում հակամիգրացիոն տրամադրությունների աճի ֆոնին՝ եվրոպացի որոշ քաղաքական գործիչներ այլևս պնդում են, թե արդեն իսկ ապաստան ստացած սիրիացի փախստականները պետք է վերադառնան տուն:
Իրավապաշտպան խմբերը և սիրիացիները ընդգծում են՝ Սիրիայում տակավին ապահով չէ:
«Այժմ ամենից կարևոր հարցն է՝ սիրիացի փախստականների և պաշտպանություն փնտրող մարդկանց անվտանգության ապահովումը: Այն պետք է վեր դասվի քաղաքական շահից»,- ասում է Amnesty International-ի ներկայացուցիչ Օլիվիա Սունդբերգ Դիեզը:
Ինչևէ, բանավեճն իր արձագանքն է գտնում Օռլեանում, որտեղ բնակվող սիրիացիների շրջանում ևս մտահոգություններ են Դամասկոսի իշխանության եկած մարդկան առնչությամբ:
«Անհանգստացած եմ երկրի ճակատագրով: Անհանգստանում եմ ապագայի համար, որովհետև նրանք ծայրահեղական են»,- ասում է Օռլեանի բնակիչ Ռամեզ Գադրին:
Աթթարն ավելի լավատես է:
«Գիտեմ շատ մարդկանց, ովքեր պատրաստ են վերադառնալ: Որովհետև նրանք չկարողացան ինտեգրվել այստեղ, բայց եթե իրական պատճառ ունենան, նրանք ապաստան կստանան»,- ասում է Աթթարը:
Շարունակում է, թե հույս ունի վերադառնալ նոր Սիրիա:
«Կցանկանայի վերադառնալ, այցելել իմ ընտանիքին, իմ տուն, տեսնել ընկերներիս: Տեսնել փողոցները, որտեղ աշխատել եմ, որտեղ ապրել եմ»,- ասում է Նաբիլը:
Սակայն իր կյանքն ու ապագան, ասում է Աթթարը, այժմ կապված են Ֆրանսիայի հետ: