Ո՞վ է վերահսկում Սիրիան ալ-Ասադից հետո

Սիրիա

Սիրիայում 13-ամյա դաժան քաղաքացիական պատերազմի ընթացքում երկիրը բաժանվել է մի քանի զինված խմբավորումների միջև, որոնց հռչակած նպատակները և կազմը շարունակ փոխվում էին: Այժմ՝ Բաշար ալ-Ասադի վարչակարգի արագ փլուզումից հետո սիրիացիներն ու օտարերկրյա դիտորդները փորձում են հասկանալ, թե ով է լրացնելու վակուումը՝ իշխելով երկրում:

Ովքե՞ր են հիմնական դերակատարները, որոնք, հավանաբար, կորոշեն Սիրիայի ապագան։

«Հայաթ Թահրիր աշ-Շամ»

Խմբավորումը, որն այժմ վերահսկում է Արևմտյան Սիրիայի մեծ մասը, «Հայաթ Թահրիր աշ-Շամն» (HTS) է: Ահմեդ ալ-Շարաայի կամ Աբու Մոհամմեդ ալ-Ջուլանի կեղծանվամբ հանդես եկող գործչի գլխավորությամբ գործող կազմակերպությունը նախկինում ասոցացվում էր «Ալ-Քայիդայի» և «Իսլամական պետության» հետ: Սակայն ժամանակ անց սկսեց հանդես գալով նոր կերպարով՝ ավելի չափավոր և պրագմատիկ կազմակերպության դեմքով, որը մտադիր չէ կիրառել շարիաթի օրենքները և խոստանում է պաշտպանել Սիրիայի ազգային, կրոնական փոքրամասնությունների իրավունքները:

Այնուամենայնիվ, այն դեռ համարվում է ահաբեկչական խմբավորում բազմաթիվ երկրների՝ ներառյալ Միացյալ Նահանգների ու Թուրքիայի կողմից, և որին շարունակում են մեղադրել մարդու իրավունքների խախտումների մեջ: «Հայաթ Թահրիր աշ-Շամն» աջակցում էր սիրիական Իդլիբում նահանգում գործող Սիրիայի փրկության կառավարությանը՝ վարչապետ Մուհամմեդ ալ-Բաշիրի գլխավորությամբ, որն այժմ դարձել է երկրի փաստացի՝ անցումային կառավարությունը:

«Հարավային օպերացիոն սենյակ»

Այն (Southern Operations Room. SOR) Սիրիայի հարավում գործող ու տարբեր խմբավարումներից բաղկացած կոալիցիա է, որը ներառում է ինչպես աշխարհիկ, այնպես էլ իսլամիստական խմբեր, ինչպես նաև դրուզներից բաղկացած աշխարհազորային ուժեր: Այդ խմբերից որոշները նախկինում կռվել են ծայրահեղական ուժերի, օրինակ՝ «Ալ-Նուսրայի» դեմ, իսկ 2018 թվականին ոմանք համաձայնության հանգեցին Բաշար ալ-Ասադի կառավարության հետ՝ նույնիսկ ինտեգրվելով սիրիական զինված ուժերի կազմում:

Բայց երբ շաբաթներ առաջ երկրի հյուսիսում «Հայաթ Թահրիր աշ-Շամի» հարձակումը ալ-Ասադի ուժերի դեմ թափ ստացավ, հարավում նշված ուժերը վերստին ապստամբեցին կառավարության դեմ և առաջինը մտան Դամասկոս:

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վնասված դիմանկարը

«Սիրիայի ազգային բանակ»

Երկրի հյուսիս-արևմուտքում տարածքների մի մասը վերահսկում է «Սիրիայի ազգային բանակը» (SNA): Այս ուժը ևս բաղկացած է ինչպես իսլամական, այնպես էլ աշխարհիկ տարբեր խմբերից, որոնց ուղղակիորեն աջակցում է Թուրքիան։

«Սիրիայի ազգային բանակը» սատարում է սիրիական ժամանակավոր կառավարությանը, թեև ժամանակի ընթացքում մրցակցել ու դաշնակցել է «Հայաթ Թահրիր աշ-Շամի» հետ։

«Սիրիայի ազգային բանակի» պարագայում անփոփոխ է եղել դիրքորոշումը երկրում գործող քրդական կազմավորումների՝ «Սիրիայի դեմոկրատական ուժերի» դեմ:

«Սիրիայի դեմոկրատական ուժեր»

«Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF) գործում են Սիրիայի հյուիսիսում ու արևելյան շրջաններում՝ հանդիսանալով Հյուիսային ու Արևելյան Սիրիայի Ինքնավար Վարչակազմի (Autonomous Administration of North and East Syria) կամ Ռոջավայի (Rojava) (քրդերեն նշանակում է Արևմուտք) ռազմական բաղկացուցիչը՝ վերահսկելով Եփրատ գետից արևելք գտնվող սիրիական շրջանները։ Քրդական՝ «Ժողովրդի պաշտպանության ստորաբաժանումների» (YPG) գլխավորությամբ գործող «Սիրիայի դեմոկրատական ուժերի» կազմում կռվում են նաև արաբ, ասորի ու հայ աշխարհազորայիններ:

Ժողովրդավարության հաստատումը որպես նպատակ հռչակելու, կանանց իրավունքների պաշտպանությունը կարևորելու շնորհիվ «Սիրիայի դեմոկրատական ուժերը» որոշակի աջակցություն ունեն միջազգային հանրության, հատկապես՝ արևմտյան երկրների կողմից, սակայն Սիրիայում գործող այլ խմբավորումներ նրանց մեղադրում են ալ-Ասադի ռեժիմի հետ համագործակցելու մեջ։ Մեղադրում է նաև Թուրքիան, թե «Սիրիայի դեմոկրատական ուժերը» իրականում կապված են Անկարայի հետ զինված առճակատման մեջ գտնվող ու բազմաթիվ երկրների կողմից ահաբեկչական ճանաչված «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) հետ:

Միացյալ Նահանգները, սակայն, ուղղակիորեն աջակցում է «Սիրիայի դեմոկրատական ուժերին»՝ որպես «Իսլամական պետության» դեմ պայքարող դաշնակցի։

«Իսլամական պետության» մնացորդները

Թեև «Իսլամական պետության» (ISIS) նախկին կարողությունը էապես նվազել է, սակայն այն տակավին վեիրահսկում է որոշ՝ փոքր տարածքներ երկրի անապատային շրջաններում։ Ահաբեկչական այդ խմբավորման զինյալները շարունակում են ահաբեկչական հարձակումները ողջ Սիրիայում։ 150 նման գրոհ է իրականացվել 2024 թվականի առաջին կիսամյակում:

Օտարերկրյա ռազմական ներկայությունը

Ներկայացվածից զատ՝ օտար երկրները գրավել են Սիրիայի որոշ հատվածներ։

Թուրքիան իր սահմանի երկայնքով զինուժ է տեղակայել Սիրիայում՝ որոշ տեղերում «Սիրիայի ազգային բանակի» ստորաբաժանումների կողքին։ Անկարայում սիրիական այդ տարածքը ներկայացնում են որպես «անվտանգության գոտի», թեև այդ շրջաններից պարբերաբար գրոհներ են իրականացվում «Սիրիայի դեմոկրատական ուժերի» դեմ։

Միացյալ Նահանգները պահպանում է իր «Ալ-Թանֆ» ռազմաբազան Սիրիայի, Իրաքի ու Հորդանանի սահմաների հատման կետից ոչ հեռու՝ Բաղդադ-Դամասկոս ավտոմայրուղուն կից:

Ռուսաստանը դեռ պահպանում է իր ռազմածովային բազան Տարտուսում և Լաթաքիայից ոչ հեռու գտնվող «Հմեյմիմ» ավիաբազան, թեև, ինչպես հայտնի է, դրանց ապագան հարցականի տակ է:

Ալ-Ասադի ռեժիմի տապալումից հետո Իսրայելը վերահսկողության տակ վերցրեց հարևան երկրները բաժանող ապառազմականացված՝ բուֆերային գոտին Գոլանի բարձունքների մոտ։ Թել Ավիվը պատճառաբանել է, թե նոր իրավիճակով պայմանավորված Սիրիայի հետ սահմանի երկայնքով անհրաժեշտություն է առաջացել ամրապնդել հրեական պետության պաշտպանական կարողությունները:

Այս ամենի ֆոնին՝ Սիրիայում հույսեր են փայփայում, որ նոր իշխանությունը կկարողանա լուծել երկրի առջև կանգնած խնդիրները՝ միավորելով պետությունն ու վերջ տալով քաոսին։