Դամասկոսի բնակիչները տոնում են ապստամբների հաղթանակը

Դամասկոս

Դամասկոսի բնակիչները տոնում են ապստամբ ուժերի հաղթանակը Բաշար ալ-Ասադի վարչակարգի նկատմամբ։ Մոտ տաս օր տևած ռազմական բախումներից հետո Սիրիան գրեթե քառորդ դար իշխած ալ-Ասադը հեռացավ երկրից։ Մինչ այդ շուրջ երեսուն տարի Սիրիայում կառավարում էր նրա հայրը՝ Հաֆեզ ալ-Ասադը։

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում մարդիկ տոնում էին Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումը։ Զինվորական համազգեստով ապստամբներն ու քաղաքացիական անձինք կրակում էին օդ՝ նշելով երկիրը մոտ քառորդ դար իշխած Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումը։

Սակայն ի՞նչ է սպասվում Սիրիային ապագայում անորոշ է։ Դամասկոսում նոր իշխանությունները 13 ժամ պարետային ժամ են հաստատել։

«Աստծո կամքով՝ Դամասկոսը կմնա ժողովրդին։ [Կմնա] ազատ՝ նոր ղեկավարությամբ, նոր կառավարությունով, նոր՝ ազատ կարգով, հայրենասեր կառավարությամբ, սեր, կարեկցանք և ողորմածություն արտահայտող կառավարությամբ»,- ասում է ապստամբ ուժերի ներկայացուցիչ Մուհամմադ Ալ-Ալին

Հայտնի է, որ Բաշար ալ-Ասադը ընտանիքի հետ փախել է Ռուսաստան։

Your browser doesn’t support HTML5

Դամասկոսի բնակիչները տոնում են ապստամբների հաղթանակը

Դամասկոս ապստամբերի մուտք գործելուց հետո բնակիչներից շատերը շտապեցին բանտեր՝ ազատ արձակելու տարիներով այնտեղ գտնվող մարդկանց, որոնք հայտնվել էին ճաղերի հետևում՝ ռեժիմի դեմ պայքարելու հետևանքով։

Սիրիական բանտերը, ուր խոշտանգումները սովորական երևույթ էին, կմնան ալ-Ասադի վարչակարգի թողած ամենից դաժան հիշողություններից մեկը։

Տեղացիները հույս էին հայտնում, որ այդ դաժանություններն անցյալում են։

«Երբեք չէի կարող երազել, որ այստեղ կլինեմ։ Շնորհակալ եմ Աստծուն՝ այս պահի համար, տարիներ շարունակ կորցրած արժանապատվությունն ու պատիվը [վերականգնելու համար]։ Թող Աստված գնահատի մեր պատիվն ու արժանապատվությունը վերադարձրած տղամարդկանց գործադրած ջանքերը»,- ասում է Դամասկասի մի տարեց բնակիչ,ով չցանկացավ ներկայանալ։

Երկու շաբաթից էլ պակաս տևած ռազմական գործողությունների արդյունքում սիրիական ապստամբ ուժերը մուտք գործեցին Դամասկոս, և ալ-Ասադի կառավարությունը փլուզվեց կիրակի՝ գրեթե 14 տարվա քաղաքացիական պատերազմից, կես միլիոն քաղաքացիական անձանց մահվանից հետո և աշխարհով մեկ սփռված միլիոնավոր սիրիացիների ֆոնին։

Ինչևէ, դիտորդների խոսքով՝ Սիրիայում ապստամբների հաղթանակը նշանակում է լուրջ վերադասավորումներ Մերձավոր Արևելքում։