Բաքվում շարունակվող COP29 գագաթնաժողովում նախորդ օրերին հատկապես բուռն էր քննարկվում կլիմայի փոփոխության դեմ պայքարի ֆինանսավորման հարցը։
Բոլիվիայի պատվիրակ Դիեգո Բալանզան, որը ղեկավարում է զարգացող երկրներից կազմված դաշինքը, երեքշաբթի մեղադրել է զարգացած, հարուստ երկրներին նախորդած տասնամյակում խոստումները չիրականացնելու մեջ:
«Մեր երկրները տուժում են կլիմայի փոփոխությունից՝ հիմնականում զարգացած երկրների արտանետումների պատճառով»,- ասել է Բալանզան:
Նախատեսվում էր COP29-ի շրջանակում սահմանել կլիմայի փոփոխության դեմ պայքարի ֆինանսավորման նոր շեմ: Գնահատականներից ոմանք կարծում են, որ գլոբալ ջերմացումը մեղմելու ծախսերը տարեկան կարող են կազմել մոտ 1,3 տրիլիոն դոլար:
Your browser doesn’t support HTML5
Կլիմայի փոփոխության գծով ՄԱԿ-ի գործադիր քարտուղար Սայմոն Սթիելն ասում է․ «Կլիմայի [փոփոխության դեմ պայքարի] ֆինանսավորումը բարեգործություն չէ: Այն 100%-ով բխում է յուրաքանչյուր պետության շահերից, որոնք են՝ պաշտպանել տնտեսությունները և մարդկանց կլիմայական մոլեգնող ազդեցություններից»:
COP29-ի շրջանակում քննարկվող կլիմայի փոփոխության դեմ պայքարի ֆինանսավորման մասին համաձայնագիրը կարող է նոր փուլ բացել մոլորակի ջերմացման դեմն ուղղված գործողություններում՝ թույլ տալով երկրներին ավելի արդյունավետ պայքարել ջերմոցային գազերի արտանետումների դեմ և հասնել գլոբալ տաքացման տեմպերի նվազեցմանը։
Գիտնականները ահազանգում են՝ եթե փոփոխություններ չլինեն, Երկիրը կարող է տաքանալ 2,7 աստիճան ըստ Ցելսիուսի սանդղակի, ինչը աղետալի հետևանքներ կունենա մեր մոլորակի համար:
Վերադառնանք Բաքու՝ COP29, և կլիմայի փոփոխության դեմ պայքարի ֆինանսավորման հարցում առաջընթացի բացակայությունը մտահգում է մասնակիցներին: Power Shift Africa կազմակերպության ղեկավար Մոհամեդ Ադոունն ասում է. «Սա COP-ի ամենավատ առաջին շաբաթներից մեկն է, որին մասնակցել եմ նախորդ 15 տարիների ընթացքում: Շատ սահմանափակ առաջընթաց է գրանցվել կլիմայի ֆինանսավորման հարցում, և թե ինչպես է աշխարհը պատրաստվում կրճատել արտանետումները»:
Ադոուն կարծում է, որ Բաքվում ընթացող բանակցությունները հետին պլան են մղվել Թրամփի վերընտրության պատճառով։
«Հարուստ աշխարհն թաքնվում է Թրամփի հետևում, և չի ցանկանում արձագանքել զարգացող երկրների՝ 1,3 տրիլիոն դոլար կազմող պահանջին՝ կլիմայի [փոփոխության դեմ պայքարի] ֆինանսավորման համար»,- ասում է նա:
COP29-ը նախագահող Ադրբեջանի ներկայացուցիչ Մուխթար Բաբաևը մասնակիցներին կոչ է արել արագ գործել՝ աճող մտավախությունների ֆոնին: