Այս շաբաթ կլրանա Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի հազարերորդ օրը

Ուկրաինայի Կրիվի Ռիհ քաղաքը ռուսական հրթիռակոծությունից հետո։ Նոյեմբերի 11, 2024թ․։

Ռուսաստանը կիրակի լայնածավալ ավիահարվածներ է հասցրել Ուկրաինային։ Ուկրաինական պաշտոնյաների խոսքով՝ խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր, վնաս է հասցվել որոշ շրջանների էներգահամակարգին։

Ռուսական օկուպացիոն ուժերը կիրակի Ուկրաինայի դեմ ձեռնարկեցին նախորդ ամիսների ընթացքում ամենից լայնածավալ օդային հարձակումը։ Թիրախավորվել է նաև մայրաքաղաք Կիևը, թեև ուկրաինական ուժերը կարողացել են «որսալ» հրթիռների ու անօդաչուների զգալի մասը։

Կիևում մարդիկ հավաքվել էին մետրոյի կայարաններում:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանն արձակել է 120 հրթիռ և 90 անօդաչու, այդ թվում՝ իրանական արտադրության «Շահեդներ»։

Ուկրաինական հակաօդային պաշտպանության ուժերը հայտնել են, թե կարողացել են ոչնչացնել ռուսական 104 հրթիռ և 42 անօդաչուներ։

Ռուսաստանը հայտարարել է, թե թիրախավորել է էներգետիկ օբյեկտներ, որոնք սնուցում են Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրը:

Այս ամենի ֆոնին՝ հիշենք ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի խոստումը, թե ջանքեր է գործադրելու վերջ տալու ուկրաինական պատերազմը։

Մյուս կողմից՝ օրերս Պուտինի հետ հեռախոսազրույց էր ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ վերահաստատելով Եվրոպայի աջակցությունն Ուկրաինային, անկախ Վաշինգտոնում սպասվող զարգացումներից:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին (աջից) և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը (ձախից)։ Բեռլին, հոկտեմբերի 11, 2024թ․։

«Ռուսաստանը և Ռուսաստանի նախագահը սկսել են այս պատերազմը և պատրաստ են մեծ քանակությամբ նյութական [ռեսուրսներ վատնել] և, առաջին հերթին, իրենց կյանքը վտանգել Ուկրաինան նվաճելու, նրա ինքնիշխանությունը և ժողովրդավարությունը մերժելու ծրագիրը [կյանքի կոչելու] համար…: Ռուսաստանի պարագայում պատրանք կլինի հավատալ, թե ապագայում Ուկրաինան չի կարող շարունակել հույս դնել մեր հաստատակամ աջակցության վրա»,- ասել է կանցլեր Շոլցը։

Զելենսկին հայտարարել է, թե ողջունում է պատերազմի ավարտին միտված ջանքերը։

«Չեմ կարծում, որ Պուտինն, ընդհանրապես, խաղաղություն է ուզում։ Բայց դա չի նշանակում, որ նա չի ցանկանում նստել համաշխարհային առաջնորդների հետ: Պատերազմն [անշուշտ] կավարտվի։ Հստակ ամսաթիվ ոչ ոք չի կարող նշել, բայց գալիք [ամերիկյան վարչակազմի] քաղաքականության [արդյունքում] պատերազմն արագ կավարտվի։ Սա նրանց խոստումն է իրենց երկրին, իսկ նրանց համար դա նույնպես շատ կարևոր է»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Սակայն այսօր ուկրանական բնակավայրերում շարունակվում է արյունահեղությունը, ավերվում են ուկրաինացիների քաղաքներն ու գյուղերը:

Ուկրաինացի պաշտոնյաների խոսքով՝ կիրակնօրյա հարձակումների հետևանքով առնվազն յոթ մարդ է զոհվել, ռուսական գրոհները լուրջ վնաս են հասցրել տեղի էներգահամակարգին, ինչի հետևանքով մի քանի շրջաններում դադարեցվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը։

Հատկապես այդ շրջաններում կարելի է տեսնել հերթեր ջրամատակարարման կայանների և, այսպես կոչված, «անխոցելի կայանների» մոտ, որոնք ապահովված են էլեկտրաքներգիայով, ջերմությամբ, կա համացանց, կարող են առաջարկել սնունդ, խմելու ջուր ու առաջին բուժօգնություն։

«Օդեսայի շրջանի հրշեջ կայաններում բացեցել ենք 45 «անխոցելի կայաններ»: Մարդիկ կարող են լիցքավորել էլեկտրոնային սարքերը, խմել տաք թեյ և ստանալ սնունդ: Կան նաև մանկական անկյուններ, որտեղ երեխաները կարող են նկարել և կարդալ»,- ասում է Օդեսայի մարզի Արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչ Մարինա Մարտինենկոն։

Այս շաբաթ կլրանա Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ, լայնածավալ պատերազմի մեկնարկի հազարերորդ օրը։