Երկուշաբթին եվրոպական ֆոնդային բորսաները աճով սկսեցին՝ շարունակելով նախորդ շաբաթ ամերիկյան Ուոլ Սթրիթում գրանցված վերելքը:
Ինդեքսներն աճում են
Երկուշաբթի գերմանական DAX ինդեքսն աճեց 1,2%-ով՝ հասնելով 19,438․89-ի։ Փարիզում CAC 40-ն ավելացել է 1,1%-ով՝ հասնելով 7,421․24-ի: Մեծ Բրիտանիայի FTSE 100 ինդեքսը նույնպես աճել է 0,7%-ով՝ հասնելով 8,128․58-ի:
ԱՄՆ բաժնետոմսերը վաճառվում են աճի ակնկալիքով․ S&P 500-ի և Dow Jones Industrial Average-ի ինդեքսների ֆյուչերսները աճել են 0,3%-ով։
S&P 500-ն ուրբաթ բարձրացել էր 0,4%-ով՝ հասնելով 5,995․54-ի, ինչը 2023 թվականի նոյեմբերի սկզբից ամենամեծ շաբաթական աճն էր։ Կարճ ժամանակով S&P 500-ի ցուցանիշն անգամ գերազանցել էր 6,000 ցուցանիշը:
Dow Jones Industrial Average-ն աճել էր 0,6%-ով՝ հասնելով 43,988,99-ի, իսկ Nasdaq Composite-ն ավելացել էր 0,1%-ով՝ հասնելով 19,286․78-ի:
Ճապոնական Nikkei 225 ինդեքսը երկուշաբթի տատանվել է շահույթի և վնասի միջև, բայց, այնուամենայնիվ, փակվեց 0,1% աճով՝ հասնելով 39,533․32 կետին:
Բիթքոյնը ռեկորդներ է սահմանում
Բիթքոյնը նոր ռեկորդ է սահմանել՝ հասնելով 82,022․98 դոլարի՝ ըստ Coindesk-ի: Բիթքոյնի աճը շարունակվում է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վերընտրությունից հետո, ով, հիշեցնենք, աջակցում է կրիպտոարժույթներին և խոստանում Միացյալ Նահանգները դարձնել կրիպտոարժույթների համաշխարհային կենտրոն։
Պարտատոմսերը պահպանում են իրենց գինը
Պարտատոմսերի շուկայում ամերիկյան պետական երկարաժամկետ պարտատոմսերի եկամտաբերությունը նվազել է։ 10-տարվա պարտատոմսերի եկամտաբերությունն ուրբաթ 4,33%-ից իջել է 4,30%-ի:
Սակայն այս եկամտաբերությունը զգալիորեն բարձր է սեպտեմբերի կեսերի մակարդակից, երբ այն մոտ էր 3,60%-ին։
Գնաճը նվազում է
ԱՄՆ պետական պարտատոմսերի եկամտաբերությունը աճել է նաև այն պատճառով, որ Միացյալ Նահանգների տնտեսությունը, պարզվեց, շատ ավելի դիմացկուն է, քան սպասվում էր: Ըստ ակնկալիքների՝ դրական դինամիկան կշարունակվի, որովհետև ԱՄՆ կենտրոնական բանկը՝ դաշնային պահուստային համակարգը, շարունակում է նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքները՝ տնտեսությունը խթանելու համար, և տոկոսադրույքների անկումը նաև նպաստում է գնաճի կրճատմանը՝ այն մոտեցնելով ծրագրված 2% շեմին:
Եկամտաբերության աճը նաև պայմանավորված է Թրամփի հայտարարություններով՝ օտար ծագմամբ ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի ավելացման մասին։
Հումքը շարունակում է էժանանալ
Երկուշաբթի Նյու Յորքի ապրանքային բորսայում ամերիկյան նավթի գինը նվազել է 8 ցենտով՝ հասնելով բարելի դիմաց 70․30 դոլարի։
Brent տեսակի նավթի միջազգային գինը ևս անկում է գրանցել՝ 20 ցենտով և կազմել է 74,07 դոլար՝ մեկ բարելի դիմաց։
Դոլարն ամրապնդվում է
Դոլարի դիմաց ավելի շատ ճապոնական իեն էին տալիս երկուշաբթի՝ 152․62 իենի փոխարեն առաջարկում էին 153․79։ Դոլարը ամրապնդվել է նաև եվրոյի նկատմամբ․ մեկ եվրոյի դիմաց ավելի քիչ դոլար էին հաշվում՝ 1,0723 դոլարի փոխարեն 1,0684 դոլար։
Չինական ընկերությունների բաժնետոմսերը էժանանում են
Չինաստանը ուրբաթ հայտարարեց, թե մոտ 6 միլիարդ դոլար է հատկացնելու՝ օգնելու երկրի տեղական ինքնակառավարման մարմիններին թեթևացնել պարտքային բեռը, որը, ըստ հաշվարկի, պետք է խթանի ողջ չինական տնտեսությունը, սակայն աշխարհի մեծությամբ երկրորդ տնտեսությանը նպաստող Պեկինի այդ քայլը հիասթափեցրել է ներդրողներին։ Նրանք ավելին էին սպասում։
«Սա ամենևին էլ աճ ապահովող հրթիռ չէ»,- ասում է SPI Asset Management-ի ներկայացուցիչ Սթիվեն Իննեսը:
Չինաստանում գնաճը հոկտեմբերին՝ տարեկան կտրվածքով, կազմել է 0,3%, ինչը 0,1 տոկոսային կետով ցածր է սեպտեմբերին գրանցված ցուցանիշից՝ 0,4%, շաբաթ հայտնել է այդ երկրի ազգային վիճակագրական բյուրոն:
Չինաստանի գործարար ակտիվության հիմնական ինդեքսներից՝ Hang Seng-ը երկուշաբթի նվազել է 1,5%-ով՝ հասնելով 20,426․93-ի, իսկ Shanghai Composite-ը աճել է 0,5%-ով՝ հասնելով 3,470․07-ի: