ԱՄՆ եվրոպական դաշնակիցներն անորոշության մեջ են` ի՞նչ սպասել Թրամփի երկրորդ նախագահությունից

Դոնալդ Թրամփն ու եվրոպացի առաջնորդները

Եվրոպայում ԱՄՆ դաշնակիցները քննարկում են, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ Դոնալդ Թրամփի երկրորդ նախագահությունը մայրցամաքի անվտանգության և տնտեսության համար։ Թրամփի առաջին ժամկետը նշանավորվեց հաճախ լարվող հարաբերություններով՝ ԵՄ ու ՆԱՏՕ-ի գործընկերների հետ։ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը խորացրել է եվրոպացիների մտահոգությունները, թե որքան ամուր են անդրատլանտյան կապերը

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ներկա էին մոտ 50 երկրների ղեկավարներ։

Հարթակը ստեղծվել է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման ֆոնին։

Դիմելով ներկաներին՝ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան պետք է հետամուտ լինի իր շահերի պաշտպանությանը՝ պատրաստվելով Դոնալդ Թրամփի հաջորդ նախագահությանը։

Your browser doesn’t support HTML5

Ի՞նչ է ակնկալում Եվրոպան Թրամփի երկրորդ նախագահությունից

«Նա պաշտպանելու է ամերիկացի ժողովրդի շահերը, ինչն օրինական է։ Հարց է՝ արդյո՞ք պատրաստ ենք պաշտպանել եվրոպացիների շահերը»,- ասել է Մակրոնը։

Հին աշխարհում գրեթե բոլորն են այն համոզման, որ ՆԱՏՕ-ն շարունակում է հանդիսանալ Եվրոպայի անվտանգության հիմնաքարը, հատկապես՝ Ուկրաինայի դեմ Կրռմլի ագրեսիայի ֆոնին։

«Դաշինքի համար առաջին մարտահրավերն է լինելու՝ ինչպե՞ս շարունակել աջակցությունն Ուկրաինային, եթե ամերիկյան ռազմական օգնությունը կրճատվի»,- ասում է Լոնդոնում գործող հեղինակավոր վերլուծական կենտրոնի՝ Royal United Services Institute-ի վերլուծաբան Էդ Առնոլդը։

Կարո՞ղ է Եվրոպան լրացնել պակասը։

«Այո, սակայն դա շատ ավելի մեծ ջանքեր կպահանջի, քան այժմ Եվրոպան գործադրում է»,- ընդգծում է Եվրոպական բարեփոխումների կենտրոնի վերլուծաբան Յան Բոնդը։

Նախընտրական քարոզարշավի ընթացքում Թրամփը հայտարարել է, թե «առաջին իսկ օրը» վերջ կդնի ռուս-ուկրաինական պատերազմին, թեև չի նշել՝ ինչպե՞ս։

Դիտորդները մատնացույց են անում՝ Ուկրաինան մտավախություն ունի, որ ստիպված է լինելու ընդունել ոչ շահավետ խաղաղության կամ անգամ զինադադարի պայմանագիր։

«Իրականում, որոշ մտավախություններ կարող են առաջանալ այն եվրոպացիների շրջանում, ովքեր մտածում են՝ ինչու՞ պետք է այժմ ավելացնենք օգնությունը, եթե շուտով բանակցված լուծում է գտնվելու»,- ասում է Էդ Առնոլդը։

ԱՄՆ նախկին պաշտոնյաներից ոմանք հիշեցնում են՝ իր առաջին նախագահության օրոք Թրամփը դիտարկում էր ՆԱՏՕ-ից դուրս գալու հարցը։

«Կարծում եմ՝ նա նախընտրում է, որ իր վերջնական նպատակների մասին դաշնակիցներն ու թշնամիները անտեղյակ լինեն։ Նման վիճակը նա դիտարկում է որպես ազդեցություն գործելու միջոց»,- նշում է Լոնդոնի համալսարանական քոլեջի վերլուծաբան Ջոնաթան Մոնտենը։

Ինչևէ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, ով նույնպես ներկա էր Բուդապեշտի գագաթնաժողովին, գովասանքի խոսքեր հնչեցրեց Թրամփի հասցեին՝ ընդգծելով նրա գործադրած ջանքերը ալյանսի անդամ-երկրների կողմից սեփական պաշտպանական ծախսերն ավելացնելու ուղղությամբ:

«Երբ նա նախագահ էր, նպաստեց, որ ՆԱՏՕ-ի անդամների պաշտպանական ծախսերը հասցնեն ՀՆԱ-ի 2%-ին»,- հայտարարել է Ռյուտեն։

Դիտորդները չեն բացառում՝ ԱՄՆ դաշնակիցները կարող են բախվել նաև տնտեսական դժվարությունների, երբ Դոնալդ Թրամփը վերադառնա Սպիտակ տուն։

«[Եթե իրականություն դառնան] Չինաստանից կատարվող բոլոր ներկրումների վրա մոտ 60% կամ ավելի մաքսատուրքեր սահմանելու Թրամփի հայտարարությունները, լուրջ խոչընդոտներ կստեղծվեն միջազգային առևտրի համար, ինչը հետևանքներ կունենա նաև Եվրամիության, Մեծ Բրիտանիայի և այլ երկրների համար։ Հարկ է սպասել, որ Եվրամիությունից արվող ներկրումների վրա նույնպես մաքսատուրքեր կսահմանվեն»,- կարծիք է հայտնում Ամերիկյան համալսարանի դասախոս Գարեթ Մարտինը։

Ընդհանրացնենք՝ ակնհայտ է Եվրոպայում տիրող անհանգստությունը, թե անվտանգության, տնտեսության հարցերում, իրականում, ինչ մոտեցումներ է որդեգրելու Դոնալդ Թրամփն իր երկրորդ նախագահության ընթացքում։ Առայժմ, սակայն, անորոշություն է, ինչը, ըստ դիտորդների, նշանակում է, որ այժմ Հին աշխարհում շատ բան չեն կարող ձեռնարկել։