Ի՞նչ հնարավորություններ ու ռիսկեր կարող են առաջանալ ամերիկա-թուրքական հարաբերություններում Թրամփի նոր նախագահության օրոք

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի հետ

Արևմտյան բազմաթիվ առաջնորդների հետ երբեմն լարված փոխհարաբերություններ ունեցող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի թաքցնում՝ ակնկալում է սերտ կապեր հաստատել ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ հիշեցնելով իրենց ջերմ հարաբերությունները Թրամփի առաջին նախագահության օրոք։ Դիտորդները նշում են՝ Էրդողանը հնարավորություն է տեսնում խորացնել գործընկերությունը ԱՄՆ հետ

Գաղտնիք չէ, որ իր առաջին պաշտոնավարման ընթացքում ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը ջերմ հարաբերություններ ուներ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այժմ, երբ Թրամփը վերադառնում է Սպիտակ տուն, դիտորդները նշում են՝ Թուրքիայի առաջնորդը հնարավորությունների պատուհան է տեսնում։

Your browser doesn’t support HTML5

Ի՞նչ հարաբերություններ կունենան Թրամփն ու Էրդողանը

«Երկու խարիզմատիկ առաջնորդներ նոր ուղիներ կհարթեն ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլև ՆԱՏՕ-ի համար, հատկապես՝ Ռուսաստանի հարցում։ Եթե ամեն ինչ լավ ընթանա, Թուրքիան և ԱՄՆ-ն, գուցե, կարող են կանգնեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմը»,- ասում է Թուրքիայի նախագահի խորհրդական Մեսութ Ջասինը։

Հայտնի է, որ Էրդողանը փորձում է միջնորդի դեր ստանձնել ուկրաինական պատերազմի դադարեցման գործում՝ սերտ կապեր ունենալով Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և բարդ հարաբերություններ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կրեմլի հետ շարունակվող կապերի պատճառով Թուրքիայի նախագահին հաճախ քննադատում են ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցները։

Մյուս կողմից՝ գիտենք, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում Դոնալդ Թրամփը բազմիցս է խոստացել արագ կարգով վերջ դնել ուկրաինական պատերազմին։ Ըստ դիտորդների՝ Սպիտակ տան նոր ղեկավարի այս նպատակը կարող է համընկնել Էրդողանի ծրագրերի հետ՝ ստանձնել կարևոր միջնորդի դերակատարություն։

«Թրամփը կնպաստի Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմի [դադարեցման] շուրջ բանակցությունների մեկնարկին։ Սա միշտ ցանկացել են Թուրքիայում։ Նախագահ Էրդողանը մտադիր է առանցքային դեր խաղալ այդ գործում՝ բանակցություններ կազմակերպելով և միջնորդական դեր ստանձնելով [նաև] ավելի գլոբալ հարցերում»,- ասում է Բրուքինգս ինստիտուտի վերլուծաբան Ասլի Այդընթաշբաշը։

Ըստ դիտորդների՝ Էրդողանի համար հաջորդ կարևոր հարցն է, թե արդյոք Թրամփի վարչակազմը կդադարեցնի ԱՄՆ ռազմական աջակցությունը Սիրիայում մարտնչող քրդական ուժերին՝ YPG-ին, որոնք պայքարում են նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ։

Անկարան YPG-ին մեղադրում է PKK-ի՝ Թուրքիայի կառավարության դեմ պայքարող քրդական զինված խմբավորման հետ կապեր ունենալու մեջ։

«Էրդողանը կարծում է, որ Թրամփն իր նման պրագմատիկ առաջնորդ է։ Այնպես որ, կողմերը կարող են համաձայնության գալ՝ առանց սկզբունքային հարցեր բարձրացնելու»,- կարծիք է հայտնում նախկին բարձրաստիճան թուրք դիվանագետ Այդին Սելջենը:

Սակայն դիտորդևերը խոչընդոտ են տեսնում։ Իսրայելի հակամարտությունը «Համասի» և «Հեզբոլլահի» հետ կարող է վտանգել Էրդողանի հարաբերությունները Թրամփի հետ։ Դոնալդ Թրամփը Իսրայելի մեծ աջակից է, մինչդեռ Էրդողանը պաշտպանում է պաղեստինցիներին։

«Չնայած Թրամփը դրական էր արտահայտվում Էրդողանի մասին, սակայն արդյո՞ք կարելի է ապավինել խոսքերին։ Օրինակ՝ ի՞նչ կլինի, եթե Մերձավոր Արևելքում լարվածությունը խորանա։ Իսրայելի և Թուրքիայի միջև սրված հարաբերությունների ֆոնին՝ Թրամփի դիրքորոշումն ակնհայտ է՝ նրանք [Թրամփի վարչակազմը] կսպառնան Թուրքիային»,- նշում է SETA հիմնադրամի վերլուծաբան Մուրատ Ասլանը։

Ուստի, կարծիք են հայտնում դիտորդները, թեև Անկարայում նոր հնարավորություններ են տեսնում Դոնալդ Թրամփի նոր պաշտոնավարման ընթացքում խորացնել կապերը Վաշինգտոնի հետ, սակայն սպասելի են նաև մարտահրավերներ ու ռիսկեր։