Եվրոպայում մտահոգ են և շնորհավորում են Թրամփին 

Դոնալդ Թրամփ

Թեև եվրոպացի բազմաթիվ առաջնորդներ շնորհավորել են Թրամփին՝ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առնչությամբ, սակայն Եվրամիությունում ու ՆԱՏՕ-ում մտահոգ են՝ Թրամփը կարող է նվազեցնել Կիևին ցուցաբերվող աջակցությունը, ինչը կարևոր է Ռուսաստանի դեմ շարունակվող պատերազմում: 

Դոնալդ Թրամփը, կարելի է ասել, պատմական հաղթանակ տարավ ԱՄՆ նախագահական ընտրություններում։

«Ամերիկան մեզ աննախադեպ ու հզոր մանդատ է տվել»,- հայտարարել է նա:

Սակայն Եվրոպայում շատերն են մտահոգ՝ ի՞նչ քաղաքակնություն է վարելու ԱՄՆ նոր նախագահը և ինչպե՞ս է օգտագործելու այդ մանդատը:

Ատլանտյան օվկիանոսի մյուս ափից վատ նորությունները Լոնդոն հասան դեռ մինչև ընտրությունները, երբ Դոնալդ Թրամփի նախընտրական թիմի ներկայացուցիչները մեղադրեցին Մեծ Բրիտանիայում իշխող Լեյբորիստական կուսակցությանը, քանի որ նրա որոշ անդամներ հանդես էին եկել Քամալա Հարիսին օգտին: Բայց Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը առաջիններից էր, որ շնորհավորանքներ ուղղեց Վաշինգտոն՝ Դոնալդ Թրամփի հաղթանակի առթիվ:

«Ապրում ենք, հավանաբար, ավելի անկայուն աշխարհում, քան ապրել ենք շատ տասնամյակների ընթացքում: Կարևոր է, որ ունենանք ամուր հարաբերություններ»,-ասել է Սթարմերը:

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն խոսքով՝ Թրամփի օրոք ԱՄՆ հետ հարաբերությունները տարբեր կլինեն, բայց նա խոստացել է «մնալ հուսալի անդրատլանտյան գործընկեր»:

«Սա վերաբերում է նաև այն սպառնալիքին, որը, ըստ ՆԱՏՕ-ի բոլոր անդամ-երկրների, Ռուսաստանը ներկայացնում է եվրատլանտյան անվտանգությանը»,-ասել է Շոլցը:

Թրամփը, ինչպես հայտնի է, բազմիցս դեմ է հանդես եկել Կիևին ցուցաբերվող ամերիկյան աջակցությանը, և մտավախություն կա, որ Սպիտակ տան նոր ղեկավարը կարող է դադարեցնել ռազմական և ֆինանսական օգնությունը Ուկրաինային:

Պաշտոնավարման առաջին ժամկետում Դոնալդ Թրամփը սպառնացել էր լքել ՆԱՏՕ-ն՝ պնդելով, թե դաշնակիցներն «օգտվում» են ԱՄՆ-ից: Այս չորեքշաբթի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարեց, թե Թրամփը «բարելավել է անդրատլանտյան բեռի բաշխումը և ամրապնդել դաշինքի կարողությունները»:

Ոգևորված է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ով չի թաքցնում իր ուրախությունը Թրամփի հաղթանակի կապակցությամբ՝ պնդելով, թե «աշխարհի համար այն նշանակում է հույս առ խաղաղության»:

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի ու Դոնալդ Թրամփի հարաբերություինները չեն փայլել առանձնահատուկ ջերմությամբ, սակայն Մակրոնը չորեքշաբթի հայտարարեց, թե պատրաստ է աշխատել ԱՄՆ նոր նախագահի հետ:

Իրականում, Վաշինգտոնի եվրոպական դաշնակիցները պատրաստվում են փոփոխություների՝ կարծում է Ամերիկյան համալսարանի ներկայացուցիչ Գարեթ Մարտինը. «Այն չորս տարիները, երբ Թրամփը պաշտոնավարում էր, բավականին բուռն էին։ Եզակի չէին վեճերի, անմիաբանության, համախմբվածության պակասի պահերը: Բայց դրանք պակաս վտանգավոր ժամանակներ էին, քան հիմա է: Այժմ Եվրոպայում մեծ պատերազմ է, որը շարունակվում է արդեն երկուսուկես տարի»:

Ինչպես հայտնի է, հաջորդ շաբաթ Բաքվում մեկնարկում է կլիմայի հարցերով գագաթնաժողովը, և շատերն են մտաբերում, որ Թրամփի օրոք՝ 2017 թվականին, ԱՄՆ դուրս եկավ բնապահպանության հարցերին վերաբերող Փարիզի համաձայնագրից՝ այն հիմնավորմամբ, որ փաստաթղթով նախատեսված սահմանափակումները խոչընդոտում են ամերիկյան տնտեսական աճը։

Ջո Բայդենի օրոք Վաշինգտոնը վերադարձավ համաձայնագիր, և այժմ՝ հարց է, թե ինչ դիրքորոշում է որդեգրելու Սպիտակ տան նոր ղեկավար Դոնալդ Թրամփը՝ չնայած գիտնականները ավելի հաճախ են խոսում մեր մոլորակին սպառնացող գլոբալ տաքացման մասին: