Ինչպե՞ս է արձագանքել Հարիսն իր պարտությանը

ՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը ընդունել է իր պարտությունը

Միացյալ Նահանգները պատրաստվում է իշխանության փոխանցմանը։ Նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին հաղթանակի կապակցությամբ, իսկ Միացյալ Նահանգների փոխնախագահ Քամալա Հարիսը ընդունել է իր պարտությունը։

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը ընդունել է իր պարտությունը նոյեմբերի 5-ի նախագահական ընտրություներում՝ հանդես գալով հարազատ Հովարդի համալսարանում կայացած հանդիպմանը:

Ի տարբերություն Թրամփի՝ Հարիսը դեռ շաբաթներ առաջ էր պարտավորվել հարգել ընտրությունների արդյունքը, ինչը նրա խոսքով՝ ամերիկյան ժողովրդավարության հիմնարար սկզբունքն է:

«Մենք հավատարիմ ենք ոչ թե նախագահին կամ կուսակցությանը, այլ Միացյալ Նահանգների սահմանադրությանը, մեր խղճին և մեր Աստծուն: Այստեղ եմ, որպեսզի ասեմ, որ զիջում եմ այս ընտրությունները, [բայց] չեմ զիջում պայքարը, որն այս ընտրարշավի հիմքն էր»,- հայտարարել է Հարիսը:

Ավելի վաղ Հարիսը զանգահարել էր Թրամփին, շնորհավորել նրան և քննարկել իշխանության խաղաղ փոխանցումը, բոլոր ամերիկացիների համար նախագահ լինելու կարևորությունը՝ հայտնել է դեմոկրատ գործչի նախընտրական շտաբը:

Your browser doesn’t support HTML5

Հարիսն ու Թրամփը կարևոր են համարել ամերիկյան հանրության համախմբմանն ուղղված ջանքերը

Թրամփի նախընտրական թիմը փոխանցել է, որ նորընտիր նախագահը հարգում է Հարիսին նրա դրսևորած կարողությունների, արհեստավարժության և համառության համար, որոնք առկա էին ողջ քարոզարշավի ընթացքում։ Բացի այդ երկու առաջնորդներն կարևոր են համարել ամերիկյան հանրության համախմբմանն ուղղված ջանքերը։

Իր հերթին՝ Սպիտակ տունը հայտնել է, թե նախագահ Ջո Բայդենը զանգահարել է երկու թեկնածուներին և հինգշաբթի օրը դիմելու է ժողովրդին՝ արտահայտվելու ընտրությունների արդյունքների ու իշխանության փոխանցման շուրջ:

Հավելենք, որ Բայդենը քիչ առաջ հանդես եկավ հրապարակային ելույթով՝ վերահաստատելով, որ իշխանությունն անցնցում, խաղաղ կփոխանցի նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփին։


Վերադառնանք Քամալա Հարիսին, ով քաջալերանքի խոսաքեր հնչեցրեց թիմակիցների ու աջակիցների հասցեին:

«Միայն այն ժամանակ, երբ բավականաչափ մութ է, դուք կարող եք տեսնել աստղերը: Գիտեմ, որ շատերը զգում են, թե մենք մուտք ենք գործում մութ ժամանակ, բայց ի շահ բոլորիս, հուսով եմ, որ այդպես չէ: Բայց Ամերիկա՛, եթե այդպես է, եկեք երկինքը լցնենք փայլուն միլիարդավոր աստղերի լույսով: Լավատեսության, հավատքի, ճշմարտության և ծառայելու լույսով»,- ասել է Հարիսը:

Դեմոկրատ գործչի ելույթ ֆոնին ոմանք զուգահեռներ տարան 2016 թվականի հետ, երբ մեկ այլ կին թեկնածու՝ Հիլարի Քլինթոնը, ընդունեց իր պարտությունը Թրամփից։

Հարիսի մոտ երկու հազար կողմնակիցներ լուսացրել էին ընտրություններին հաջորդած գիշերը՝ մռայլ տրամադրությամբ: Չորեքշաբթի հուզված ունկնդրում էին Քամալա Հարիսի ելույթը:

«Արթնացա լացելով։ Երեկ երեկոյան հանրահավաքից լացելով էի դուրս եկել։ Հիմա հույս է արթանցել մեջս: Ինձ վերականգնված եմ զգում: Առջևում երկար ճանապարհ է։ Զգում եմ՝ սա ճանապարհի ավարտը չէ»,- ասում է Քամալա Հարիսի աջակից Քեյթլին Գոլթերը:

«Նա մեզ մի փոքր հույս տվեց՝ շարունակել աշխատել մեզ համար, մեր համայնքի համար և կենտրոնանալ: Ուրախ եմ, որ նա այդպես ավարտեց խոսքը»,- նշում է Հարիսի մեկ այլ աջակից Ջոնաթան Բարթոնը:

«Ժողովուրդը խոսեց։ Մենք պետք է հարգենք դա։ Սա ժողովրդավարություն է, և մենք պետք է շարունակենք պայքարել»,- հավելում է Հարիսի աջակից Դիտա Բարգավան:

Թրամփը ստացավ ընտրիչների հանձանժողովի 292 հոգու ձայնը, Հարիսը՝ 224-ի, և արդեն չորեքշաբթի վաղ առավոտյան՝ հանրապետական գործիչը հայտարարեց իր հաղթանակի մասին՝ շնորհակալություն հայտնելով կողմնակիցներին:

«Նրանք եկել են բոլոր կողմերից: Միության կողմնակիցներ ու հակառակորդներ, աֆրոամերիկացիներ, իսպանախոս ամերիկացիներ, ասիական ծագմամբ ամերիկացիներ, արաբական ծագմամբ ամերիկացիներ, մահմեդական ամերիկացիներ: Բոլորըւ ներկա էին, և դա գեղեցիկ էր: Դա պատմական վերակառուցում էր»,- ասել է Թրամփը:

Ինչևէ, կարելի է ասել Քամալա Հարիսի ելույթը նշանավորեց նախորդ ակիսների սուր ու անզիջում ընտրապայքարի ավարտը, որը հատկապես լարվեց, երբ Բայդենը հունիսին դուրս եկավ մրցապայքարից: