Սկսենք 1872 թվականից, երբ Վիկտորյա Վուդհուլը փորձեց առաջադրվել որպես Ամերիկայի նախագահի առաջին կին թեկնածու: Ցավոք, կար մի խնդիր. կանայք ևս 50 տարի չէին ստանալու քվեարկելու իրավունք ԱՄՆ համերկրային ընտրություններում։
Սակայն անգամ եթե Վուդհուլը իրավունք ունենար քվեարկել, այդ տարի դժվար թե կարողանար, որովհետև «ազատ սիրո» կողմնակից կին գործիչը ընտրություններից մի քանի օր առաջ բանտարկվեց «անպարկեշտություն տարածելու» համար:
1872 թվականը նաև միակ տարին էր, երբ ԱՄՆ նախագահի թեկնածուներից մեկը մահացավ մինչև ընտրական գործընթացի ավարտը։ Դեմոկրատների թեկնածու Հորաս Գրելին պարտվել էր ընտրություններում հանրապետական Յուլիսիս Գրանտին, և հանկարծամահ եղավ նախքան ընտրիչների հանձնաժողովի նիստը: Երեք ընտրիչ, այնուամենայնիվ, իրենց ձայնը տվեցին մահացած թեկնածուին։
Չորս տարի անց՝ 1876-ի ընտրությունները Ռադերֆորդ Հեյսի և Սեմուել Թիլդենի միջև համարվում են ԱՄՆ «ամենապառակտված» ընտրություններից մեկը՝ քաղաքական սուր հակամարտության, վիճելի արդյունքների և կեղծիքների մասին պնդումների պատճառով:
Կեղծիքներ, անշուշտ, եղել են՝ քվեատուփերի լցոնումներից մինչև ընտրողներին ահաբեկելը, իսկ ընտրատեղամասերում համատարած քաոս էր։ Հեյսին, ի վերջո, շնորհվեց նախագահի պաշտոնը:
Անցնենք 20-րդ դար։ Յուջին Դեբսը, ով 1920 թվականին բանտից առաջադրվել էր ԱՄՆ նախագահի պաշտոնում և հավաքել գրեթե 1 միլիոն ձայն, պարտվեց Ուորեն Հարդինգին, և Միացյալ Նահագների նախագահը փոխեց նրա պատիժը:
1948 թվական։ Chicago Daily Tribune-ն իր առաջին էջում սխալ տեղեկություն էր հրապարկել, թե ԱՄՆ նախագահի հանրապետականների թեկնածու Թոմաս Դյուին հաղթել է դեմոկրատների թեկնածուին՝ Հարի Թրումենին։ Այնինչ, իրականում ճի՛շտ հակառակն էր, և հայտնի է լուսանկարը, ուր պատկերված է ժպտացող Թրումենը՝ ձեռքում պահած Chicago Daily Tribune-ի այդ համարը։
Ոմանք կարող են հիշել 2000 թվականը, երբ Ֆլորիդայում ձայների հետ հաշվարկի վերաբերյալ դատական գործընթաց սկսվեց, և ԱՄՆ Գերագույն դատարանը, ի վերջո, դադարեցրեց վերահաշվարկը՝ երկրի նախագահ ճանաչելով Ջորջ Բուշ-կրտսերին, թեև նրա մրցակիցը՝ Ալ Գորը, ավելի քան կես միլիոն քվե շատ էր ստացել համերկրային ընտրություններում:
Արդյո՞ք հնարավոր են նոր՝ անակնկալ զարգացումներ ամերիկյան քաղաքական պատմության ընթացքում կամ «հների» կրկնությունը, բացառել, իհարկե, ոչինչ չի կարելի, բայց շատերին հուզում է, թե այս՝ 2024 թվականի ընտրություններն ու հետընտրական զարգացումները ինչ նոր իրավիճակների կամ խնդիրների կարող են հագեցնել: